Կատեգորիաներ

Չափանիշների մշակում

         Միջազգային իրավունքի պատմության մեջ աչքի են ընկնում դեպքեր, երբ ՀԿ-ները հաջողությամբ կարողացել են խթանել միջազգային իրավարար գործընթացը: Դեռևս 1983թ. 23 ՀԿ-ներ «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի մշակման ոչ ֆորմալ խմբի միջոցով կարողացան ներգործություն ունենալ կոնվենցիայի շուրջ բանակցությունների գործընթացի վրա: Մեկ այլ հաջող օրինակ է մարդու իրավունքների ոլորտի 11 շահագրգիռ խմբերի օրինակը, որոնց հաջողվեց արագացնել ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոնվենցիայի Կամընտիր արձանագրության ընդունման գործընթացը (2002թ.), որի շրջանակներում ձևավորվեց անազատության մեջ գտնվող անձանց այցելելու համակարգ: Տարածաշրջանային մակարդակում ՀԿ-ների նմանատիպ հաջողակ մի կոալիցիա էլ կարողացավ հասնել Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոնվենցիայի ընդունմանը: Իսկ ՀԿ-ների հաջողված համագործակցության ամենավերջին օրինակը, թերևս, այն է, երբ ավելի քան 800 ՀԿ-ների կոալիցիան կարողացավ գործուն մասնակցություն ունենալ այն համաշխարհային խորհրդաժողովին, որի ընթացքում ընդունվեց Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտը:

 

         «Իրավունքի Եվրոպա միավորումը», լինելով այնպիսի հասարակական կառույց, որի կազմում են հմուտ, գիտակ ու փորձառու իրավաբաններ թե′ ներպետական և թե′ միջազգային իրավունքի ոլորտում, նպատակ ունի լուրջ դերակատարում ունենալու իրավունքի համընդհանուր  չափանիշների սահմանման գործում՝ ներպետական, համաեվրոպական և համաշխարհային մակարդակներում՝ ի շահ համայն մարդկության առաջընթացի և միջազգային իրավունքի կատարելագործմանը:

 

         Ստանձնելով այս առաքելությունը և ունենալով այն իրագործելու կարողություն՝ ԻԵՄ-ը  ձգտում է դրան հասնել առաջին հերթին ներպետական օրենսդրության մեջ փոփոխություններ առաջարկելու միջոցով՝ հիմնվելով կազմակերպության, ինչպես նաև նրա առանձին անդամների գործունեության արդյունքում արվող բացահայտումների վրա:  

               

          ԻԵՄ-ը  օգտվում է գործող միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների և դատարանների կողմից ՀԿ-ներին հասու միջոցների ողջ սպեկտրից: Կազմակերպությունն արդեն իսկ  ունի շոշափելի ձեռքբերումներ  Հայաստանին լրատվամիջոցների չափանիշների արմատավորմանն ակտիվորեն օժանդակելու գործում`պարբերաբար կազմակերպվող սեմինարների, իրավախորհրդատվության և այլ տիպի իրավաբանական օգնության միջոցով:    

 

         Բացի արտահայտվելու ազատության իրավունքից, ԻԵՄ-ի ջանքերն ուղղված չափանիշների ձևավորմանը ընդգրկում են այնպիսի առաջնահերթ կարևորության ոլորտներ, ինչպիսիք են՝  հանրային կարևորության գործընթացների վերահսկումը, ազատ և անկախ ընտրությունները, հավաքների ազատությունը և այլն:  

 

         Բացի այդ, 2013-2014թթ. նախաձեռնված երկու այլ ծրագրերով ՝ «Հանրային կարևորության գործընթացների մոնիթորինգի» և «Ինքնաբավ քաղաքացիական ակտիվիզմ՝ Ա-ից Ֆ» ԻԵՄ-ը ձգտում է նպաստել ժողովրդավարության արժեքների և բաց ու թափանցիկ գործելակերպի վրա հիմնված կառավարման մշակույթ հաստատելուն:

 

         Այս առումով ԻԵՄ հետևողական ջանքերի շնորհիվ զգալի առաջընթաց է գրանցվել հավաքների ազատության իրավունքի ոլորտում.  2013թ. սկսած «Ինքնաբավ քաղաքացիական ակտիվիզմ՝ Ա-ից Ֆ» ծրագրի շրջանակներում քաղաքացիական ակտիվիստների դեմ հարուցված ավելի քան 200 գործերով ԻԵՄ-ի փաստաբանների կողմից տրամադրվող պաշտպանության արդյունքում ներպետական դատարանների կողմից արձակվող վճիռներում նկատելի է միջազգային և եվրոպական չափանիշների ընդարձակ կիրառություն:

 

         «Հանրային կարևորության գործընթացների մոնիթորինգ»ծրագրի շրջանակներում «Իրավունքի Եվրոպա միավորումը», հանրային կառավարման գործընթացների թափանցիկության և պետական իշխանությունների  հաշվետվողականության բարձացումը ճանաչելով որպես  առաջնայնություն,  ստանձնել է պետական պաշտոնյաների, այդ թվում՝ քաղաքացիական ծառայողների, դատավորների, դատախազների, քննիչների և այլ հանրային ծառայողների ընտրության և նշանակման գործընթացների դիտարկման առաքելությունը, ինչը կօգնի ապահովելու հանրային պաշտոնների համար արժանի թեկնածուների ընտրությունը` այդպիսով նպաստելով պետական ապարատի աշխատանքի արդյունավետության բարձրացմանը: Հատկապես կարևոր ձեռքբերում էր այս ծրագրի շրջանակներում կատարված ՄԻԵԴ դատավորի թեկնածուների ընտրության ներպետական երկու մրցույթների դիտարկումը, որը բարձր է գնահատվել ԻԵՄ-ի եվրոպացի գործընկերների կողմից:

 

         Չափանիշների ձևավորման առումով ոչ պակաս կարևոր ձեռքբերում է նաև հանրապետական և տեղական ընտրությունները դիտարկելու նպատակով ԻԵՄ-ի կողմից մշակված մոդելի հիշատակումը, որն այժմ կիրառվում է չորս հասարակական կազմակերպությունների կողմից իրականացվող «Քաղաքացի դիտորդ» ծրագրի շրջանակներում (այս ծրագրի մասին ավելի մանրամասն տե՛ս Ինչ ենք մենք անում խորագրի ներքո և լրահոսում): 

-->