Կատեգորիաներ

Իրավաբանական օգնություն

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԻՐԱՎԱԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆ

 

                       Իրավաբանական օգնության և իրավախորհրդատվության տրամադրումը եղել և մնում է այն կարևորագույն եղանակներից մեկը, որի միջոցով «Իրավունքի Եվրոպա միավորումն» իրականացնում է իր առաքելությունը Հայաստանում և Եվրոպայում՝ ընդհանրապես:

 

             Մի շարք լրատվամիջոցների հետ համագործակցության ընթացքում ԻԵՄ-ն օժանդակել է լրագրողներին իրենց հրապարակումների նախապատրաստման ընթացքում հավասարակշռություն ապահովելու մի կողմից՝ արտահայտվելու ազատության իրավունքի, իսկ մյուս կողմից՝ անձնական և ընտանեկան կյանքի, բնակարանի և նամակագրության գաղտնիության նկատմամբ հարգանքի իրավունքի, արդար դատաքննության իրավունքի, այդ թվում՝ դատական իշխանության հեղինակության և անկողմնակալության պահպանման, ինչպես նաև՝  անմեղության կանխավարկածի սկզբունքի միջև:

 

            Այս իրավաբանական օգնությունն ու իրավախորհրդատվությունը տրամադրվել է մինչև հրապարակումը լրագրողական հոդվածների նպատակային վերլուծության, ներպետական ու միջազգային իրավունքի ոլորտում մի շարք հարցերի վերաբերյալ խորհրդատվության, լրատվամիջոցների և նրանց աշխատակիցների դեմ հարուցված գործերի ընթացքում նյութական և դատավարական իրավունքի մի շարք ասպեկտների վերաբերյալ խորհրդատվության տեսքով: 

 

            2011թ.  ստեղծման օրվանից սկսած արտահայտվելու ազատության իրավունքը եղել է ԻԵՄ-ի իրավաբանական օգնության և իրավախորհրդատվական գործունեության կիզակետում, հատկապես՝ 2012թ. խորհրդարանական և 2013թ. նախագահական ընտրությունների համատեքստում: Այն շարունակում է մշտապես մնալ ԻԵՄ-ի ուշադրության կենտրոնում:  

               

            Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մի շարք այլ իրավունքների համատարած խախտումներ լուրջ անդրադարձ են պահանջում, շարունակելով Հայաստանի Հանրապետությունում մնալ խնդրահարույց, ԻԵՄ-ը շահագրգիռ անձանց իրավաբանական օգնություն է տրամադրում այնպիսի առաջնահերթ ոլորտներում, ինչպիսիք են կյանքի իրավունքը, հավաքների ազատության իրավունքը, արդար դատաքննության իրավունքը, իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքը, անձի ազատության և անձեռնմխելիության իրավունքը, անձնական և ընտանեկան կյանքի, բնակարանի ու նամակագրության նկատմամբ հարգանքի իրավունքը և այլ իրավունքներ:

               

            ԻԵՄ-ի իրավաբանական օգնության ջանքերն ուղղված են  նաև բանակում կյանքի իրավունքի պաշտպանությանը. այս ոլորտը անհետաձգելի ուշադրություն է պահանջում մարդու իրավունքների պաշտպանության վատթարացող իրավիճակի մասին մտահոգությունների լույսի ներքո:

 

            Իսկ 2013թ. սկսած, երբ ՀՀ քաղաքացիները իրենց բողոքի ձայնը սկսեցին բարձրացնել սոցիալական մի շարք խնդիրների դեմ, արժանալով իշխանության բռնաճնշումների,  ԻԵՄ-ն իր ուշադրությունը կենտրոնացրեց նաև հավաքների ազատության իրավունքի ոլորտի վրա, ի թիվս այլոց, ապահովելով քաղաքացիներին դատական պաշտպանությունը: 

-->