Կատեգորիաներ

Կարողությունների ձևավորում

ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄ

 

            «Իրավունքի Եվրոպա միավորումն» իրականացնում է պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման, դատական իշխանության մարմինների, իրավաբան հանրության, քաղաքացիական հասարակության և երկրի ազգաբնակչության շրջանում առաջադեմ պետություններին միավորող արժեքների տարածման ու ամրապնդման՝ իր առաքելությունը անհատական, ինստիտուցիոնալ ու հասարակական մակարդակներում կարողությունների ձևավորման միջոցով:

 

            Ինչպես անհատական, այնպես էլ ինստիտուցիոնալ մակարդակներում ԻԵՄ-ի կարողությունների ձևավորմանն ուղղված գործունեությունը նպատակ ունի ձևավորել այնպիսի պայմաններ, որոնք թույլ կտան անհատներին ձևավորել ու զարգացնել մարդու իրավունքների ու եվրաինտեգրման գործընթացների մասին իրենց գիտելիքները, ինչի շնորհիվ նրանք կկարողանան ավելի գործուն մասնակցություն ունենալ որոշումների կայացման գործընթացում ներպետական ու համաեվրոպական մակարդակներում: Կարողությունների ձևավորման նման նախաձեռնության լավ օրինակ է վերջերս ԻԵՄ-ի կողմից տրամադրված օժանդակությունը մի շարք հայ լրագրողների՝ արտահայտվելու ազատության ոլորտում իրենց գիտելիքների հարստացման գործում՝ կենտրոնանալով «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների մասին» եվրոպական կոնվենցիայի ու վերջինիս՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մեկնաբանությունների վրա: 

 

            Բացի նման լուրջ նախաձեռնություններից, ԻԵՄ-ը կարողությունների ձևավորման ոլորտում աշխատանքներ է իրականացնում առանձին կազմակերպությունների հետ. սրա լավ օրինակն է «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ի հետ՝ ԻԵՄ-ի տևական համագործակցությունը, որի շրջանակներում ԻԵՄ-ը խորհրդատվություն է տրամադրում կազմակերպության լրագրողական թիմին:

 

            Ի լրումն լրատվամիջոցների՝ ԻԵՄ-ի ինստիտուցիոնալ մակարդակում կարողությունների ձևավորման գործունեությունը ուղղված է հայաստանյան իրականության երկու այլ կարևոր ինստիտուտների կարողությունների կատարելագործմանը: Դրանք են ՀՀ փաստաբանների պալատը և ՀՀ դատական իշխանության մարմինները: Իր գործունեության ընթացքում գնահատելով հիշյալ ինստիտուտների կարիքներն ու բացերը՝ ԻԵՄ-ը բացահայտել է վերապատրաստման բացեր, որոնք լրացվելու կարիք ունեն, եթե նպատակ ունենք ապահովելու, որ Հայաստանի Հանրապետության իրավազորության ներքո գտնվող յուրաքանչյուր ոք լիարժեքորեն կարողանա իրականացնել արտահայտվելու ազատության իր իրավունքը: Այդ բացն այսօր առկա է լրատվամիջոցների իրավունքի չափանիշների ոլորտում: Այդ չափանիշների անբավարար իմացությունը շատ դեպքերում հանգեցրել է Հայաստանում արտահայտվելու ազատությա ն իրավունքի պաշտպանության ցածր մակարդակի:  

 

            Այս բացը լրացնելու նպատակով ԻԵՄ-ի թիմը նախագծել է սեմինար փաստաբանների ու դատավորների համար: Սեմինարը իր բնույթով նման կլինի այն միջոցառմանը, որն արդեն իսկ անցկացվել է լրագրողների համար: Սեմինարի ընթացքում հիշյալ շահագրգիռ կողմերին առավել մանրամասն կներկայացվեն լրատվամիջոցների իրավունքի համապատասխան չափանիշները: Ի լրումն ԻԵՄ-ի իրավաբանների թիմի՝ սեմինարին իրենց մասնակցությունը կբերեն Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների ու հանրաճանաչ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչը թույլ կտա հայ դատավորներին ու փաստաբաններին ծավալելու պրոֆեսիոնալ և խիստ արդյունավետ դիսկուրս Եվրոպայում արտահայտվելու ազատության իրավունքի պաշտպանության հարցերի շուրջ: 

 

            Կարողությունների ձևավորումը արտահայտվելու ազատության իրավունքի ոլորտում լավ սկիզբ է ԻԵՄ-ի համար: Շուտով մենք նաև մեր օժանդակությունը կառաջարկենք շահագրգիռ կողմերին ԻԵՄ-ի առաջնահերթությունների ողջ սպեկտրով, որը ներառում է նաև արդար դատաքննության իրավունքը, խոշտանգումների արգելքը, անձնական կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքը, խաղաղ հավաքների իրավունքը, եվրոպական ինտեգրման գործընթացը և այլն:

 

-->