Կատեգորիաներ

Պատմություն

Պատմություն

 

        «Իրավունքի Եվրոպա միավորումը» (ԻԵՄ) իրավապաշտպան հասարակական կազմակերպություն է՝ հիմնված մի խումբ հայ իրավաբանների կողմից 2011թ. հունվարի 31-ին: Կազմակերպության հիմնական շեշտադրումը ժողովրդավարության, իրավունքի գերակայության և մարդու իրավունքների այն համընդհանուր արժեքների պաշտպանությունն է, որոնք միավորում են աշխարհի առաջադեմ հանրությանը: Այն դիտարկում է Հայաստանը որպես Եվրոպայի կարևոր մաս և փորձում հասնել առավել հիմնարար եվրոպական ինտեգրման ողջ Եվրոպայում, այդ թվում՝ Հայաստանում՝ ձգտելով մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի բարձր մակարդակի ու դրանց լիարժեք պաշտպանություն ապահովելուն:


 

        ԻԵՄ-ը  «Լրագրողների արտահայտվելու ազատության պաշտպանությունը Հայաստանում» վերտառությամբ առաջին ծրագիրն իրականացվել է 2011թ. մայիսին: Ծրագիրը կազմակերպության կողմից նախաձեռնված առաջին քայլն էր ի պատասխան հայաստանյան լրատվամիջոցների և լրագրողների դեմ հարուցված քաղաքացիական գործերի թվի աննախադեպ աճի: Ծրագիրը նպատակ էր հետապնդում բարձրացնել արտահայտվելու ազատության չափանիշների վերաբերյալ հայ լրագրողների իմացությունը, ինչը թույլ կտար նրանց առավել արդյունավետորեն իրականացնել «ժողովրդավարական հասարակությունում հանրային հսկիչի»՝ իրենց գործառույթը: Այն միտված էր զինելու լրագրողներին այն գիտելիքներով եւ հմտություններով, որոնք վերջիններիս թույլ կտային առավել լիարժեքորեն իրացնել խոսքի ազատության իրենց իրավունքը, ինչպես նաև կանխարգելելու նրանց ներգրավումը ժամանակատար եւ ծախսատար դատական գործընթացներում:

 

        ԻԵՄ-ի կողմից իրականացված հաջորդ կարևոր ծրագիրը՝ «Իրավաբանների իմացության բարձրացումը արտահայտվելու ազատության ոլորտում» վերտառությամբ նախաձեռնությունն է, որն իրականացվել է 2011թ. սեպտեմբերին, որի շրջանակներում կազմակերպվել է արտահայտվելու ազատության ոլորտի ՄԻԵԴ-ի չափանիշների վերաբերյալ սեմինար հայ փաստաբանների և դատավորների համար: Այն օգնեց բարձրացնելու նրանց իրազեկությունը լրատվամիջոցների իրավունքի ոլորտի միջազգային չափանիշների ոլորտում և ապահովելու այս անկյունաքարային իրավունքի առավել բարձր պաշտպանությունը մեր հասարակությունում: Սեմինարները իրականացվել են  2011թ. նոյեմբերի սկզբին:  

 

        ԻԵՄ-ը կատարել է նաև ուսումնասիրություն այն հարցի վերաբերյալ, թե որքանով են Հայաստանում լրատվագրողները, փաստաբանները և դատավորները պահպանում լրատվամիջոցների իրավունքի համապատասխան չափանիշները: Այդ նյութի հիման վրա կատարված վերլուծությունը տե′ս այստեղ:   

 

        2013թ. ԻԵՄ-ը մեկնարկեց  ԻԵՄ-ի «Ինքնաբավ քաղաքացիական ակտիվիզմ Ա-ից Ֆ»  ծրագիրը, որի նպատակն է ապահովել  2013թ.-ից ի վեր բարձրացած մի շարք բողոքի ալիքների ժամանակ (2013թ. տեղի ունեցած տրանսպորտի գնի թանկացման փորձ, Երևանի մի շարք հատվածներում բազմաբնակարան շենքերի կառուցման դեմ բողոքներ, ՀՀ-ի` Մաքսային միությանն  անդամակցության դեմ ուղղված բողոքի ցույցեր և այլն) ցույցերին ու երթերին մասնակցած անձանց իրավունքների պաշտպանությունը:

 

        Ներկայումս ԻԵՄ-ը ներկայացնում է ՀՀ քաղաքացիների շահերը հավաքների ազատությանն առնչվող մոտ 230 գործով:

 

        ԻԵՄ-ի ընտրությունների  դիտարկման նախաձեռնությունն սկիզբ է առել 2013թ. նախագահական ընտրություններից՝ կիրառելով դիտարկման յուրօրինակ մոդել, որի ժամանակ մեկ դիտորդից և մեկ լրագրողից բաղկացած թիմը ընտրատեղամասում է լինում դրա բացման պահից մինչև ընտրությունների ավարտը: Այս մոդելը հաջողությամբ կիրառվել է բոլոր հաջորդ ընտրությունների ժամանակ: 2013թ. տեղի ունեցած նախագահական ընտրությունների ժամանակ  ԻԵՄ-ի կողմից գրանցվել են բազմաթիվ խախտումներ, որոնք դրվել են Ժառանգություն կուսակցության կողմից  ՀՀ սահմանադրական դատարանում նախագահական ընտրությունները վիճարկող դիմումի հիմքում:  

 

        2013թ. Երևանի ավագանու ընտրություններին ԻԵՄ-ը դիտորդություն է իրականացրել «Քաղաքացի դիտորդ նախաձեռնության» կազմում, համագործակցելով «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն»,  «Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ» եւ «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» հասարակական կազմակերպությունների հետ, որոնց միացել էին նաև մի քանի տասնյակ սփյուռքահայեր եւ քաղաքացիական ակտիվիստներ:

 

        2014թ. աշնան ամիսներին ԻԵՄ-ն իր Հանրային վերահսկողություն պետական պաշտոնատար անձանց նկատմամբ ծրագրի շրջանակներում մշտադիտարկել է Քաղաքացիական ծառայության խորհրդի կողմից քաղաքացիական ծառայողների թափուր պաշտոնների համալրման համար կազմակերպող մրցույթները, սակայն  կարճ ժամանակ անց՝ 2014թ. նոյեմբերի 18-ին ՔԾԽ-ն, փաստացի մոտ 2,5 ամիս տևողությամբ ժամանակահատվածում դիտորդությունից հետո, ի վերջո, անհիմն կերպով արգելեց ԻԵՄ-ի կողմից անցկացվող մշտադիտարկումները՝ մերժելով ԻԵՄ-ի կողմից 2014թ. օգոստոսին ուղարկված դիմումը:  ՔԾԽ-ի այս որոշումը բողոքարկվել է ՀՀ վարչական դատարան:

 

        Նույն ծրագրի շրջանակներում ՀՀ դատախազությունը ԻԵՄ-ի կողմից ներկայացված թափուր պաշտոնների համալրման համար կազմակերպող մրցույթները դիտարկելու ԻԵՄ-ի հայտը առայժմ մերժել է՝ պատճառաբանելով, որ դրանք փակ գործընթացներ են:

 

        2014թ. աշնանից սկսած ԻԵՄ-ը դիտարկում է դատավորների նշանակման գործընթացը, որի վերաբերյալ ավելի մանրամասն կհրապարակվի զեկույցում:

 

        2014թ. սեպտեմբերի ամսից ԻԵՄ-ը դիտարկել է նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի կողմից նշանակվող դատավորի թեկնածուների ընտրության համար կազմակերպված երկու մրցույթները:  ՄԻԵԴ-ի դատավորի թեկնածուների 2014թ. և  2015թ. ընտրությունների մասին ավելի մանրամասն տե′ս այստեղ:

 

        2015թ. հունիսի 26-ից ԻԵՄ-ը մեկնարկել է Քննչական կոմիտեում թափուր պաշտոնների համալրման մրցույթների անցկացման դիտարկումը:

         2015 թ․ դեկտեմբերի 6-ին ԻԵՄ-ը «Քաղաքացի դիտորդ»նախաձեռնության անդամ մյուս կազմակերպությունների հետ դիտարկել է 2015 թ․ դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն՝ ընդհուպ մինչև Մարդու իրավունքների եվրոպական դատարան բողոքարկելով դիտորդների իրավունքների խախտումները։

       2016 թ․ դեկտեմբերից մինչ օրս ԻԵՄ-ն իրականացնում  է «2017 թ․ խորհրդանական ընտրությունների նկատմամբ հանրային վերահսկողություն» ծրագիրը, որի շրջանակներում կազմակերպությունը  «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության անդամ մյուս կազմակերպությունների հետ դիտարկել է 2017 թ․ ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունները, իսկ այժմ շարունակում է բողոքարկել ընտրության օրը դիտորդների հայտնաբերած խախտումները․ խախտումների վերաբերյալ 96 հայց է ներկայացվել վարչական դատարան։ 

        2017 թ․ մայիսի 14-ին ԻԵՄ-ը «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության շրջանակներում դիտարկել է Երևանի ավագանու ընտրությունները, որոնց ընթացքում հայտնաբերված խախտումները ևս բողոքարկվում են համապատասխան մարմիններ․ դրանց վերաբերյալ արդեն հայցեր են ներկայացվել վարչական դատարան:

 

 

-->