Կատեգորիաներ

«Ինքնաբավ քաղաքացիական ակտիվիզմ Ա-ից Ֆ» ծրագիր

 

«ԻՆՔՆԱԲԱՎ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱԿՏԻՎԻԶՄ Ա-ԻՑ Ֆ»

23 հունիսի, 2015թ.,Էլեկետրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիայի ժամանակ, ժամը 5:30-ի սահմաններում, ՀՀ ոստիկանությունը ցուցարարներին ցրելու նպատակով օգտագործեց ջրցան մեքենա:  
23 հունիսի, 2015թ., Ցուցարարները գիշերն անցկացրել էին Բաղրամյան պողոտայում՝, խաղաղ, գրեթե անաղմուկ նստացույց անելով: Առավոտ կանուխ ոստկանության կողմից գործադրված ուժը ծարահեղ անհամարժեք և չարդարացված էր: Շատ դեպքերում ոստիկանության գործողությունները չափազանց կոպիտ էին և ամոթալի: 

         

          Մարդու իրավունքների  և հիմնարար ազատությունների եվրոպական կոնվենցիայի և այլ միջազգային  փաստաթղթերի ներքո ամրագրված խաղաղ հավաքների ազատության իրավունքի իրականացումը քաղաքացիների  կողմից այն պարզ մեխանիզմն  է, որի միջոցով վերջիններս կարողանում են իրենց ձայնը դարձնել լսելի հանրային  իշխանություններին ՝ առանց միջնորդների:  Այս իրավունքի ազատ իրականացման արդյունքում  է, որ գործադիր  իշխանության գործելակերպում  տեղ գտած թերությունները և սխալները  կարող են արագ լուծում ստանալ:

 

          ԻԵՄ-ի  «Ինքնաբավ քաղաքացիական ակտիվիզմ Ա-ից Ֆ» ծրագիրը սկիզբ է առել 2013-2014թթ. բարձրացած մի  շարք բողոքի ալիքների ժամանակ (2013թ. տեղի ունեցած տրանսպորտի գնի թանկացման փորձ, Երևանի մի շարք  հատվածներում բազմաբնակարան շենքերի կառուցման դեմ բողոքներ, ՀՀ-ի` Մաքսային միությանն  անդամակցության  դեմ ուղղված բողոքի ցույցեր և այլն) անձանց իրավունքների ոտնահարման  բազմաթիվ դեպքերին արձագանքելու  նպատակով: ԻԵՄ-ի կողմից վարվող` հավաքների ազատության պաշտպանության ավելի քան 220 գործերն ընդհանուր առմամբ առնչվում են 2013-2014թթ. ընթացքում տեղի ունեցած 12 միջադեպերի հետ, որոնք կազմում են այդ ընթացքում  քաղաքացիների դեմ ոստիկանության կողմից ներկայացված վարչական հայցերի գերակշիռ մասը: Փաստաբաններ Տիգրան Եգորյանը, Մուշեղ Շուշանյանը, Տիգրան Սաֆարյանը, Ռոբերտ Ռևազյանը և իրավաբաններ Արտակ Զեյնալյանը, Դավիթ Գյուրջյանը և Սերգեյ Գրիգորյանն  առաջին տարին չէ, որ իրենց իրավունքների համար ազնիվ պայքար մղող ՀՀ քաղաքացիների կողքին են: Ակտիվիստներին տրամադրվող նրանց օժանդակությունն ավելի համակարգված բնույթ ստացավ 2013թ. ամռանը տեղի ունեցած բողոքի ակցիաների ժամանակ, երբ վերջիններս միավորվեցին ԻԵՄ-ի նախաձեռնության շուրջ: 

 

          Խաղաղ ցույցերի, երթերի և տարաբնույթ այլ ակցիաների ժամանակ ՀՀ ոստիկանության կողմից կիրառվել են այդ հավաքների մասնակիցների իրավունքների սահմանափակման ոչ իրավաչափ գործողություններ միևնույն ձեռագրի դրսևորմամբ. իշխանության օրինական պահանջին չենթարկվելու պատճառաբանությամբ սահմանափակվել է հավաքների մասնակիցների ազատությունը, վերջիններս բերման են ենթարկել ոստիկանության ստորաբաժանումներ, որտեղ պահվել են ավելի քան 3 ժամ:  Ոստիկանության գործողությունների անօրինականությունն ու հավաքների ազատության խոչընդոտումը քողարկելու նպատակով պետական կառավարման մարմիններն ու դրանց պաշտոնատար անձինք դրանք ներկայացնում են որպես վարչական ձերբակալումներ և կիրառում վարչական տուգանքներ:

 

          Հարկ է նշել, որ թեև բոլոր գործերով Ոստիկանության կողմից նշանակված վարչական ձարբակալությունների և տուգանքների համար բերված  միակ հիմնավորումը ոստիկանության աշխատակցի կողմից ներկայացված օրինական պահանջին չենթարկվելն է, ոստիկանությունը, սակայն, այդ գործերից և ոչ մեկով չի գրանցել քաղաքացու կողմից կատարավող հակաօրինական արարք, որի դադարեցման համար պետության գործակալը կարող էր ներկայացնել օրինական պահանջ, իսկ դրա մերժման արդյունքում՝ անձին բերման ենթարկել ոստիկանական բաժանմունք:

 

          2005թ. ՀՀ սահմանադրությունը վարչական ընթացակարգով կալանք չի նախատեսում: Անձը կարող է կալանքի տակ վերցվել բացառապես քրեական հետապնդման շրջանակներում:  ՀՀ վարչական իրավախախտումների մասին օրենսգիրքը սահմանում է անձին միայն բացառիկ իրավիճակներում Ոստիկանության ստորաբաժանում բերման ենթարկելը, իսկ վարչական արձանագրությունը կարող է կազմվել առանց անձին ազատությունից զրկելու: Մինչդեռ այս բոլոր անձինք ուժով տարվել են ոստիկանության ստորաբաժանումներ եւ տևական ժամանակահատվածով զրկվել են իրենց ազատությունից:

 

          Այս գործողություններով ոստիկանությունը խախտել է խաղաղ ցուցարարների և երթի մասնակիցների՝ ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված հետեւյալ իրավունքները՝ անձնական ազատության և անձեռնմխելիության իրավունքը (16-րդ հոդված), ազատ տեղաշարժվելու իրավունքը (25-րդ հոդված), կարծիքն ազատ արտահայտելու իրավունքը, խոսքի ազատության իրավունքը (27-րդ հոդված), խաղաղ, առանց զենքի հավաքներ անցկացնելու իրավունքը (29-րդ հոդված), ձերբակալման, խափանման միջոցի ընտրման կամ մեղադրանքի առաջադրման պահից իր ընտրությամբ պաշտպան ունենալու իրավունքը (20-րդ հոդված), խտրականությունից զերծ մնալու իրավունքը (14.1-րդ հոդված), իսկ որոշ դեպքերում նաև՝ խոշտանգումներից զերծ լինելու իրավունքը (17-րդ հոդված):

 

          Հատկանշական է նաև այն, որ չնայած քաղաքացիական հասարակությունը  բազմիցս խնդրին մատնանշելուն, իշխանությունը ցայսօր մնում է իր դիրքորոշմանը և գործելակերպին հավատարիմ:

 

          Ընդհանուր առմամբ ԻԵՄ-ն ապահովում է նշյալ ժամանակահատվածում տարբեր հավաքներին մասնակցելու համար բերման կամ վարչական ձերբակալման ենթարկված անձանց պաշտպանությունը՝ թվով 230 վարչական գործերով: Վարչական գործերով անձանցից պահանջվող տուգանքների նվազագույն գումարը 50 000 դրամ է: Որոշ անձանց նկատմամբ ներկայացվել է 10-ից մինչև 16 բողոք, ինչը նշանակում է, որ վերջիններս պետք է վճարեն 500-800.000 դրամ տուգանք:  Հարկ է նշել, որ 2015թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ ավարտված 63 վարչական գործերից 38-ով ներպետական ատյաններն արդեն հաստատել են Ոստիկանության գործողությունների անիրավաչափությունը, ինչն առանցքային դեր կարող է խաղալ այս ոլորտում իրավաստեղծ գործունեության և իրավակիրառ պրակտիկայի ձևավորման հարցում, սակայն 25 գործերով ոստիկանության հայցը բավարարվել է. հատկանշական է այն, որ տարբեր, իսկ որոշ դեպքերում  միևնույն անձանց նկատմամբ միևնույն տեսակի գործողության  և բացարձակապես միևնույն փաստական հանգամանքներով կայացվել են իրարարամերժ վճիռներ:

 

          Վերադարձված և կրկին անգամ ոստիկանության կողմից չներկայացված թվով 12, ինչպես նաև 8 կարճված հայցերը նույնպես վկայում են ԻԵՄ-ի աշխատանքների հաջողության մասին: 

 

          Հարկ է նշել նաև, որ այս միջադեպերի ընթացքում ոստիկանության կողմից ծեծի ենթարկված երկու քաղաքացիների հաղորդման հիման վրա հարուցվել է երկու քրեական գործ, որոնք, սակայն ապօրինի կերպով կարճվել են:

 

          Այս ծրագրի ներքո վարվող առանձին գործերին կարելի է ծանոթանալ այստեղ: Առաջիկա դատական նիստերի ժամանակացույցը կարելի է գտնել այստեղ

 

          Ծրագիրն իրականացվում է  Ժողովրդավարության եվրոպական հիմնադրամի տրամադրած միջոցներով: 

          Էջի վերջին թարմացումը 2015թ. հոկտեմբերի 2-ին:

 

23 հունիսի, 2015թ., ոստիկանության բռնարարքներից բաժին հասավ նաև կանանց: Այս գործողությունների ժամանակ եղել են տուժածներ, բերման ենթարկվածների թիվը, ըստ որոշ աղբյուրների, հասել է 237-ի: 

24 հունիսի, 2015թ.՝ ջրցանի օգտագործման հաջորդ օրը, բողոքի ակցիայի մասնակիցները ցուցադրեցին բողոքը շարունակելու իրենց հաստատակամությունը՝  նաև փրկարար օղակներ և խաղալիք ջրային հրացաններ կրելու միջոցով ծաղրելով ոստիկաններին: Միևնույն ժամանակ նրանք իրենց վերաբերմունքը ցուցադրեցին իրականությունը խեղաթյուրող ռուսական մամուլին, որը փորձում էր էլեկտրաէներգիայի թանկացման և ռուսական ընկերության դեմ բողոքի ակցիան ներկայացնել որպես արևմուտքի կողմից բեմադրված:    

 

-->