Կատեգորիաներ

Մամուլի ազատություն

ՄԱՄՈՒԼԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ

 

         ԶԼՄ-ների հետ աշխատանքը հանդիսանում է ԻԵՄ-ի մասնագետների աշխատանքային գործունեության կարևոր բաղադրիչներից մեկը: Մեծ ջանքեր են գործադրվել ԶԼՄ-ների ներկայացուցիչների իրազեկությունը լրատվության այն չափանիշների վերաբերյալ բարձրացնելու նպատակով, որոնք անհրաժեշտ են նրանց ամենօրյա աշխատանքում: Նշված ուղղությամբ իրականացված աշխատանքների շրջանակներում նպատակային լսարանին են ներկայացվել ՄԻԵԴ-ի մի շարք վճիռներ և դրանցով ձևավորված սկզբունքները: Զարգացած երկրների լավագույն փորձը ներկայացրել է Լոնդոնում իր գործունեությունը ծավալող «ARTICLE 19» միջազգային ՀԿ-ի ավագ իրավախորհրդատուն:

 

         Բացի այդ, զուգահեռներ են անցկացվել խոսքի ազատության ոլորտը կարգավորող համապատասխան ներպետական նորմերի և միջազգային իրավունքի սկզբունքների և պրակտիկայի միջև:

 

         Որպես հաջորդող գործողություն` ԻԵՄ-ն աջակցել է ԶԼՄ-ների ներկայացուցիչների կողմից լրագրողների դեմ ներկայացված դատական գործերի վերաբերյալ հոդվածների հրապարակմանը: Հոդվածները գրվել են սերտ համագործակցությամբ այն լրագրողների հետ, ովքեր կամավորության սկզբունքով համաձայնել են հոդված գրել տվյալ թեմայի վերաբերյալ` հաշվի առնելով և հղումներ կատարելով ՄԻԵԴ-ի կիրառելի սկզբունքներին: Հոդվածներում զուգահեռներ են անցկացվել նաև ՄԻԵԴ-ի գործերի և լուսաբանվող գործի փաստական հանգամանքների միջև:  

 

         Ի լրումն իրականացվածի՝ ԻԵՄ-ի մասնագետները ուսումնասիրել են ՄԻԵԴ-ի համապատասխան դատական նախադեպերը և կազմել ավելի քան 60 նախադեպային գործերի ամփոփ շարադրանքը, որոնք կայքում ներկայացված են հայերեն լեզվով (տե′ս հղումն այստեղ): Նշվածը լրատվամիջոցների համար կարևոր գործիք է, որը կօգնի նրանց  ուսումնասիրելու և գտնելու ՄԻԵԴ-ի դատական նախադեպերը և նման նախադեպերով ձևավորված սկզբունքները: Դա կնպաստի նաև լրագրողների կողմից բարեխիղճ լրագրության սկզբունքներին հետևելուն և իրենց շահերը ճանաչելուն ու տարբեր ատյաններում պաշտպանելուն: 

 

         Արտահայտվելու ազատությունը ճանաչելով որպես ռազմավարական նշանակության ոլորտ՝ ԻԵՄ-ը մամուլին օժանդակում է նաև իրավախորհրդատվություն տրամադրելու և դատական պաշտպանություն ապահովելու միջոցով:

 

         Սույն կայքի շահագործումը և անխափան աշխատանքն էական նշանակություն ունեն մի կողմից ԶԼՄ-ների հետ աշխատանքն ավելի խորացնելու, իսկ մյուս կողմից` մարդու իրավունքների տեղական և միջազգային ոլորտների վերջին զարգացումներին ԶԼՄ-ներին հաղորդակից դարձնելու գործում:

 

        ԻԵՄ-ի կողմից վարվող մամուլի ազատության ոլորտին առնչվող գործերով դատական նիստերի ժամանակացույցին կարելի է ծանոթանալ այստեղ:  

           

        Էջի վերջին թարմացումը 29 սեպտեմբերի, 2015թ. 

-->