Կատեգորիաներ

Հանրային վերահսկողություն պետական պաշտոնատար անձանց նկատմամբ

 «ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՀԱՆՐԱՅԻՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ» ԾՐԱԳԻՐ

 

         «Իրավունքի Եվրոպա միավորումը» հանրային կառավարման գործընթացների թափանցիկության և պետական իշխանությունների  հաշվետվողականության բարձացումը ճանաչելով որպես  առաջնայնություն՝  ստանձնել է պետական պաշտոնյաների, այդ թվում՝ քաղաքացիական ծառայողների, դատավորների, դատախազների, քննիչների և այլ հանրային ծառայողների ընտրության և նշանակման գործընթացների դիտարկման առաքելությունը, ինչը կօգնի ապահովելու հանրային պաշտոնների համար արժանի թեկնածուների ընտրությունը` այդպիսով նպաստելով պետական ապարատի աշխատանքի արդյունավետության բարձրացմանը:

 

          2014թ. աշնան ամիսներին ԻԵՄ-ը մշտադիտարկում էր ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի կողմից քաղաքացիական ծառայողների թափուր պաշտոնների համալրման համար կազմակերպող մրցույթները, սակայն  կարճ ժամանակ անց ՔԾԽ-ն անհիմն կերպով արգելել է ԻԵՄ-ի կողմից անցկացվող դիտարկումները:  ՔԾԽ-ի այս որոշումն այժմ վիճարկվում է ՀՀ վարչական դատարանում:

 

          ՀՀ գլխավոր դատախազությունը ԻԵՄ-ի կողմից ներկայացված թափուր պաշտոնների համալրման համար կազմակերպող մրցույթները դիտարկելու հայտը առայժմ մերժել է՝ պատճառաբանելով, որ դիտորդների մասնակցության համար  կարգ սահմանված չէ:  

 

          2014թ. սեպտեմբեր ամսից սկսած ԻԵՄ-ը դիտարկում է Հայաստանում դատավորների նշանակման գործընթացը, որի վերաբերյալ ավելի մանրամասն զեկույցը կհրապարակվի շուտով:

 

           2015թ. հունիսի 26-ից ԻԵՄ-ը մեկնարկել է ՀՀ  քննչական կոմիտեում թափուր պաշտոնների համալրման մրցույթների անցկացման դիտարկումը:

 

            ԻԵՄ-ը 2014թ. սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին դիտարկել է  Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի կողմից նշանակվող դատավորի թեկնածուների ընտրության գործընթացը և մանրակրկիտ զեկույց ներկայացրել թե՛ հայաստանյան լսարանին և թե՛ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի կողմից ձևավորված հատուկ Փորձագետների խորհրդատվական խմբին: Արդյունքում մրցույթի արդյունքները մերժվեցին վերջինիս կողմից:  2015թ. փետրվար-մարտ ամիսներին կայացավ ՄԻԵԴ  դատավորի թեկնածուների ընտրության երկրորդ մրցույթը, և չնայած հայաստանյան քաղաքացիական հասարակության կողմից հնչեցված մտահոգություններին, ԵԽԽՎ-ի՝ 2015թ. հունիսի վերջին կայացած նստաշրջանում Արմեն Հարությունյանը ընտրվեց որպես ՄԻԵԴ դատավոր: 

          «Արդյունավետ հանրային վերահսկողություն պետական պաշտոնատար անձանց նկատմամբ» ծրագրի շրջանակներում  ԻԵՄ-ը երկու մրցույթները ենթարկել է մանրամասն և մանրակրկիտ դիտարկման, ինչը բարձր է գնահատվել ԻԵՄ-ի եվրոպացի գործընկերների կողմից: Այս դիտարկումների շնորհիվ առաջին անգամ Հայաստանում հանրությունը հնարավորություն ստացավ ոչ միայն ավելի մոտից հետևել հանրային կարևորության իրադարձությանը, այլև ավելի լավ պատկերացում կազմել ՀՀ արդարադատության համակարգի վիճակի և դրա ներկայացուցիչների մասին:    

 

         Երկու մրցույթների վերաբերյալ զեկույցները տե′ս այստեղ:

 

           Այս ծրագրի նպատակների իրագործման նպատակով ԻԵՄ-ը պետական մարմինների դեմ 2015թ. սեպտեմբեր ամսվա դրությամբ ներկայացրել է 12 վարչական հայց, որոնք արդեն ընթացքի մեջ են: Այս գործերով առաջիկայում սպասվող դատական նիստերի ժամանակացույցին կարելի է ծանոթանալ այստեղ:  

 

           «Արդյունավետ հանրային վերահսկողություն պետական պաշտոնատար անձանց նկատմամբ» ծրագիրն իրականացվում է  Ժողովրդավարության ազգային հիմնադրամի կողմից տրամադրված միջոցներով: 

 

Էջի վերջին թարմացումը՝  2015թ. սեպտեմբերի 29-ին

-->