Կատեգորիաներ

Պետական պաշտոնյաների ընդունելության գործընթացը՝ գաղտնիք

Արդեն տևական ժամանակ է, ինչ «Իրավունքի Եվրոպա միավորում» հասարակական կազմակերպությունը պետական պաշտոնյաների նկատմամբ հանրային վերահսկողության ծրագրի շրջանակներում դիտարկում է պետական տարբեր կառույցներում պաշտոնյաների ընտրության և նշանակման մրցույթները: Նմանատիպ մրցույթների դիտարկումը կարևոր է հատկապես պաշտոնյաների այդ գործընթացի օբյեկտիվությունը վերահսկելու նպատակով: Հկ-ի՝ մրցույթները դիտարկելու փորձը, սակայն, առանց խոչընդոտների չի ընթանում: Դեպքերի մեծ մասում կա՛մ պետական մարմինները հրաժարվում են թույլ տալ դիտարկել մրցույթը, կամ էլ հետագայում հրաժարվում են տրամադրել մրցույթի վերաբերյալ պահանջված տեղեկատվությունը: Այս իրողությունների վերաբերյալ «Իրավունքի Եվրոպա միավորում» հկ-ն բազմաթիվ հայցեր է ներկայացրել ՀՀ վարչական դատարան` ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի, ՀՀ հատուկ քննչական ծառայության, ՀՀ քննչական կոմիտեի, ՀՀ դատախազության, ՀՀ ազգային ժողովի, ՀՀ արդարադատության խորհրդի, ՀՀ արդարադատության ակադեմիայի դեմ: ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի դեմ մեկ գործով Հկ-ի հայցը մասնակի բավարարվել է, սակայն գործերի մեծ մասը դեռևս դատական լուծում չի ստացել:

Վերջերս ԻԵՄ-ը փորձել է դիտարկել երեք մրցույթ, որոնց անդրադառնում ենք ստորև:

Քննչական կոմիտեի մրցույթ. դիտորդություն կարող է իրականացնել մեկ դիտորդ, բայց ոչ Տիգրան Եգորյանը

Դեռևս 2015 թ. նոյեմբերի 4-ին «Իրավունքի Եվրոպա միավորում» հասարակական կազմակերպությունը 2016 թ. հունվարի 26-ին տեղի ունենալիք մրցույթի գրավոր փուլը դիտարկելու նպատակով դիմում էր ներկայացրել ՀՀ քննչական կոմիտեին: Ի պատասխան ԻԵՄ-ի դիմումի` քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ հկ-ի`  դիտորդություն իրականացնելու հարցը կքննարկվի որակավորման հանձնաժողովի առաջիկա նիստին, նաև խնդրել էր կազմակերպությանը հայտնել` արդյո՞ք կազմակերպությունը դիտարկել է պետական պաշտոնյաների ընտրություններ, և եթե այո, ապա որոնք: ԻԵՄ-ը թվել էր իր դիտարկած մրցույթները:

Մրցույթից մեկ օր առաջ՝ 2016 թ. հունվարի 25-ին, ՀՀ քննչական կոմիտեի որակավորման հանձնաժողովի քարտուղար Հասմիկ Կիրակոսյանը «Իրավունքի Եվրոպա միավորում» իհկ նախագահ Լուսինե Հակոբյանին հեռախոսազանգով հայտնել է, որ հունվարի 26-ին տեղի ունենալիք գրավոր քննությանը կարող է ներկայանալ հկ-ի մեկ դիտորդ, բայց ոչ Տիգրան Եգորյանը: Հունվարի 26-ին՝ առավոտյան ժամը 10:00-ին, «Իրավունքի Եվրոպա միավորում» իհկ ներկայացուցիչներ Տիգրան Եգորյանը և Սերգեյ Գրիգորյանը ժամանել են ՀՀՊՆ քննչական վարչության շենք, անցագրային կետում ներկայացրել են անձը հաստատող փաստաթղթեր և պահանջել են անցագրերի միջոցով կամ այլ կերպ թույլատրել մուտք գործել և դիտարկել մրցույթի գրավոր փուլը: Անցագրային կետից կապ են հաստատել Հասմիկ Կիրակոսյանի հետ, այնուհետև՝ հայտնել, որ կարող է բարձրանալ միայն մեկ դիտորդ, բայց ոչ Տիգրան Եգորյանը: Հետագայում մի քանի անգամ ևս հնչել է, որ կա որոշում, ըստ որի՝ մրցույթը կարող է դիտարկել հկ-ի մեկ դիտորդ, բայց ոչ Տիգրան Եգորյանը: Երբ Տիգրան Եգորյանը և Սերգեյ Գրիգորյանը պահանջել են, որ հանձնաժողովի որևէ պաշտոնյա, ցանկալի է՝ նախագահը, հայտնի այդ որոշման մասին, նրանց հետ հեռախոսով կապվել է Հասմիկ Կիրակոյանը և կրկին հայտնել, որ հանձնաժողովը որոշում է կայացրել, համաձայն որի՝ քննությանը կարող է մասնակցել միայն մեկ դիտորդ, սակայն ոչ Տիգրան Եգորյանը: Հայտնել է նաև, որ այդ որոշումը գտնվում է քննչական կոմիտեում, ինչի պատճառով չեն կարող ներկայացնել Տիգրան Եգորյանին: Այնուհետև նույն բանը կրկնել է  անցագրային կետ մոտեցած Ներսես Վարդանյանը՝ ասելով, որ փոխանցում է անձամբ հանձնաժողովի նախագահի պատասխանը`հաստատելով Հասմիկ Կիրակոսյանի փոխանցած նույն տեղեկությունը և հայտնելով, որ թույլատրվում է միայն մեկ դիտորդի մասնակցություն, բայց ոչ Տիգրան Եգորյանինը: Այս ամենից հետո մրցույթը դիտարկելու հնարավորություն տվել են միայն Սերգեյ Գրիգորյանին:

Տիգրան Եգորյանը տեղում դիմում է գրել ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, որակավորման հանձնաժողովի նախագահ Արամ Թամազյանին` խնդրելով տրամադրել հանձնաժողովի վերոհիշյալ որոշումը, իսկ դրա բացակայության դեպքում թույլատրել իր մուտքը և քննության դիտարկումը: Հունվարի 27-ին Տիգրան Եգորյանը ստացել է քննչական կոմիտեի՝ հունվարի 22-ով մակագրված որոշումը, որը բազմաթիվ հարցեր է առաջացնում: Ուշագրավ է հատկապես այն, որ որոշման մեջ Տիգրան Եգորյանի անունը բացակայում է. դրա փոխարեն տրված է հետևյալ «պատմական» ձևակերպումը. ««Իրավունքի Եվրոպա միավորում» հասարական կազմակերպության մեկ այլ ներկայացուցիչ կարող է ներկա գտնվել 2016 թ. հունվարի 26-ին անցկացվող քննությանը»:   Փաստորեն ՀՀ քննչական կոմիտեն որոշել է գրավոր որոշման մեջ չարձանագրել իր ցուցաբերած խտրական մոտեցումը Տիգրան Եգորյանի նկատմամբ, սակայն այդպես էլ հարմար ձևակերպում չի գտել, քանի որ «մեկ այլ» արտահայտության կիրառումը արդեն իսկ ցույց է տալիս, որ մինչ այդ խոսք պիտի եղած լիներ մեկ  անձի մասին, որը չի կարող ներկա գտնվել մրցույթին, իսկ եթե խոսք չի եղել այդ անձի մասին, ուրեմն ինչու՞ այդ «մեկ այլ ներկայացուցիչը» չէր կարող լինել Տիգրան Եգորյանը:  Բացի սրանից՝ եթե որոշման ամսաթիվը հունվարի 22-ն է, ինչու՞ են ԻԵՄ-ին միայն հունվարի 25-ին հայտնել դիտորդության իրականացման հնարավորության մասին, և ինչու՞ թե՛ այդ օրը, թե՛ մրցույթի օրը հկ-ի «մեկ այլ ներկայացուցչի» դիտորդություն իրականացնելու հնարավորությունից առաջ բացառել են Տ. Եգորյանի դիտորդ լինելը: Հետաքրքիր է նաև այն, որ հունվարի 22-ով ստորագրված որոշումը փոստային բաժանմունք է մուտագրվել միայն հունվարի 26-ին:

Նշենք նաև, որ իր որոշմամբ քննչական կոմիտեն խախտել է թե՛ ՀՀ Սահմանադրության 29-րդ հոդվածը, որով արգելվում է խտրականությունը, թե՛ «Վարչարարության և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածը, ըստ որի` «վարչական մարմիններին արգելվում է անհավասար մոտեցում ցուցաբերել միատեսակ փաստական հանգամանքների նկատմամբ, եթե առկա չէ դրանց տարբերակման որեւէ հիմք, եթե վարչական մարմինը որեւէ հայեցողական լիազորություն իրականացրել է որոշակի ձեւով, ապա միանման դեպքերում հետագայում եւս պարտավոր է իր այդ հայեցողական լիազորությունն իրականացնել նույն ձեւով»: Հավանաբար հենց այս է պատճառը, որ ենթադրաբար հետին ամսաթվով գրված գրության մեջ Տիգրան Եգորյանի անունը բացակայում է:

Տեղեկացնենք, որ «Իրավունքի Եվրոպա միավորում» իհկ-ն` ի դեմս Տիգրան Եգորյանի, դիտարկել էր 2015 թ. հունիսի 26-ին ՀՀ քննական կոմիտեի` ծառայողների թեկնածությունների ցուցակի համալրման նպատակով կազմակերպված քննությունը: Վերոնշյալ մրցույթի կապակցությամբ ԻԵՄ-ը հայց է ներկայացրել ՀՀ քննչական կոմիտեի դեմ ՀՀ վարչական դատարան`պահանջելով պարտավորեցնել քննչական կոմիտեին տրամադրել հասարակական կազմակերպության հայցած տեղեկատվությունը:  

Դատախազների թեկնածությունների ցուցակի համալրման մրցույթ

ԻԵՄ-ը դիմել էր  ՀՀ գլխավոր դատախազություն՝ դատախազների թեկնածությունների ցուցակի համալրման նպատակով անցկացվելիք մրցույթը դիտարկելու նպատակով, սակայն  դատախազությունից պատասխանել են, որ մրցույթին բացի լրագրողներից և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներից՝ կարող են ներկա լինել միայն հրավիրված դիտորդները, իսկ ԻԵՄ-ը հրավիրված կազմակերպություն չէ: Ի պատասխան այս գրության՝ ԻԵՄ-ի նախագահ Լուսինե Հակոբյանը առաջարկել է դատախազությանը հրավիրել իրենց կազմակերպությանը մրցույթին դիտորդություն իրականացնելու, սակայն այդպես էլ պատասխան չեն ստացել:  Այնուամենայնիվ, կազմակերպության ներկայացուցիչները հունվարի 29-ին մրցույթը դիտարկելու նպատակով գնացել են դատախազություն, սակայն մրցույթը դիտարկելու հնարավորություն չեն ստացել: Դատախազությունից հրաժարվել են առձեռն ընդունել տվյալ պահին ընթացող մրցույթը դիտարկելու, իսկ դիտարկելու հնարավորություն չտալու դեպքում՝ մերժման որոշումը տրամադրելու դիմումը:  

 

Հատկապես կարևոր գործերով քննիչների մրցույթ

Փետրվարի 1-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում տեղի ունեցավ հատկապես կարևոր գործերով քննիչների մրցույթ:  «Իրավունքի Եվրոպա միավորում» հկ-ի՝ այս մրցույթը դիտարկելու դիմումը ևս մերժվել էր: ՀՔԾ-ից նշել էին, որ մրցույթը դիտարկելու նպատակով որևէ կազմակերպության չեն հրավիրել՝ դրա անհրաժեշտության բացակայության պատճառով:  Հկ ներկայացուցիչներն այնուամենայնիվ կրկին փորձեցին իրականացնել իրենց դիտորդական առաքելությունը, սակայն միայն կարողացան թողնել տվյալ պահին ընթացող մրցույթը դիտարկելու հնարավորություն տալու, կամ հակառակ դեպքում՝ մերժման որոշումը տրամադրելու մասին դիմումը: Մրցույթը դիտարկելու հնարավորություն չտրվեց նաև «Ա1+» լրատվական կայքի լրագրող Ռոբերտ Անանյանին. ՀՔԾ մամլո ծառայության պետ Միքայել Ահարոնյանը նշեց, որ ըստ իրենց ներքին կարգի՝լրագրողները ևս պիտի նախապես դիմում ներկայացնեն, ինչի հիման վրա կքննարկվի նրանց մասնակցության հնարավորությունը: Թե ինչպե՞ս պիտի լրագրողները իմանային գաղտնի պահվող, ոչ հրապարակային կարգի մասին՝ պարզ չէ, սակայն ՀՔԾ-ի՝ ԻԵՄ-ին տրված պատասխանում նշվում է, որ մրցույթին բացի մամուլի  զանգվածային լրատվության այլ միջոցների ներկայացուցիչներից՝ կարող են մասնակցել նաև հրավիրված դիտորդներ, այսինքն՝ լրագրողների հրավիրված լինելու անհրաժեշտության մասին որևէ խոսք չկա:  Ի դեպ, «ՀՀ հատուկ քննչական ծառայության ծառայողի պաշտոն զբաղեցնելու համար մրցույթի անցկացման կարգ»-ը, որին հղում էր կատարել ՀՔԾ-ն իր պատասխանում, ևս հնարավոր չեղավ գտնել:   

Այսպիսով՝ պետական պաշտոնյաների ընդունելության գործընթացը շարունակում է ընթանալ փակ դռների հետևում, իսկ մինչ այդ «Իրավունքի Եվրոպա միավորում» հկ-ն պատրաստվում է այս մրցույթների դիտարկումը մերժելու կամ պատշաճ դիտարկում չապահովելու  վերաբերյալ նոր հայցեր ներկայացնել ՀՀ վարչական դատարան:

-->