Կատեգորիաներ

Բերման են ենթարկվել իրավաբաններ

ԱԺ-ի դիմաց մեկնարկած ցույցի ժամանակ բերման են ենթարկվել իրավաբաններ

05.10.2015թ.

 Լուսանկարը՝ Ծովինար Նազարյանի ֆեյսբուքյան էջից: 

Այսօր, ժամը 14:00-ի սահմաններում, «Չեք անցկացնի» նախաձեռնության կողմից ժամը 12:00-ին ՀՀ ազգային ժողովի առջև հայտարարված խաղաղ ցույցի մասնակիցներից բերման ենթարկված իրավաբան Տիգրան Եգորյանը iravaban.net-ին հեռախոսով հայտնել է հետևյալը.

«Նախ` բախում չի եղել: Բոլորը հանգիստ կանգնած էին, երբ ոստիկանները մտան մայթ ու սկսեցին մարդկանց ձերբակալել: Անսպասելի էր, ինձ էլ գրկեցին, տարան-գցեցին մեքենան՝ առանց որևէ բացատրության, պատճառաբանության»:

Ժամը 15:40-ի սահմաններում  լուր ստացվեց, որ բերման ենթարկված ԻԵՄ իրավաբաններն ազատ են արձակվել, սակայն նրանք չեն լքել Ոստիկանության բաժանմունքը և մյուս բերման ենթարկվածներին   իրավաբանական օգնություն են ցուցաբերել: Միևնույն ժամանակ, ոստիկանները տևական ժամանակ շարունակել են խոչընդոտել դրսում գտնվող իրավաբանների մուտքը բաժանմունք:

Ըստ iravaban.net-ի` մեքենայի մեջ ոստիկանության ներկայացուցիչը, ով ներկայացել է որպես մայոր Կարապետյան, Եգորյանին հայտնել է, որ ցուցարարները բերման են ենթարկվել երթևեկությանը խոչընդոտելու համար: Սակայն 1in.am կայքի ուղիղ հեռարձակվող տեսանյութից հստակ երևում է, որ բերման էին ենթարկվում մայթին կանգնած ցուցարարները: Տիգրան Եգորյանը նույնպես գտնվել է փողոցի ոչ երթևեկելի հատվածում: Ժամը 14:34-ի սահմաններում Եգորյանը iravaban.net-ին հայտնել է, որ գտնվում է առանձին սենյակում, սակայն որևէ քննչական գործողություն դեռևս չի կատարվել:

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր, ժամը 14:00-ի սահմաններում Արաբկիր ոստիկանություն են բերման ենթարկվել «Չեք անցկացնի» նախաձեռնության կողմից ժամը 12:00-ին ՀՀ ազգային ժողովի առջև հայտարարված խաղաղ ցույցի առնվազն 25 մասնակից, որոնց թվում էին նաև «Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան կազմակերպության իրավաբաններ Տիգրան Եգորյանը, Սերգեյ Գրիգորյանը, Արսեն Շահբազյանը:   

 

Ժամը 17:20-ի սահմաններում, բերման ենթարկվածները սկսեցին դուրս գալ ոստիկանության բաժանմունքից: Տիգրան Եգորյանը հայտնեց, որ բերման ենթարկվածներից 7-8-ի նկատմամբ արձանագրություն չի կազմվել, սակայն նրանք ոստիկանական բաժանմունքում են պահվել առնվազն երեք ժամ:  Մնացածի վերաբերյալ արձանագրություններն սկսվել են կազմվել 16:00-ից սկսած, թեև նրանց ազատությունը սահմանափակվել է 13:35-ից, այսինքն՝ 2,5 ժամ հետո:

Լրագրողի հարցին, թե արդյոք ոստիկանությունը պատրաստվում է քաղաքացիներին վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջով դիմել դատարան, Եգորյանն ասաց, որ այս պահին դեռ պարզ չէ: Սակայն անկախ այն հանգամանքից, թե ոստիկանությունը կդիմի դատարան թե ոչ, իրավաբանը բոլոր ձերբակալվածներին կոչ է անում  դիմել՝ վարչական  դատարան ոստիկանության կողմից ձեռնարկված գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու պահանջով: 

-->