Կատեգորիաներ

Ս. Սիմոնյան - 09.11.2015

Ս. Սիմոնյանի ներկայացուցիչները հրապարակեցին իրենց առարկությունը հայցի կապակցությամբ

09.11.2015թ.

            Այսօր, նոյեմբերի 9-ին, ժամը՝ 15:00-ին, Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի տիկին Ռուզաննա Խաչատրյանի կողմից «Հրապարակ օրաթերթ» ՍՊԸ-ի և լրագրող Սյուզան Սիմոնյանի դեմ հարուցված քաղաքացիական հայցով դատաքննությունը:

 

            Նիստին լրագրող Սյուզան Սիմոնյանի ներկայացուցիչները հանդես եկան հայցն ամբողջությամբ մերժող առարկությամբ:

 

            Ներկայացնելով հայցադիմումի վերաբերյալ իրենց դիրքորոշումը՝ լրագրողի ներկայցուցիչները, նախևառաջ, ընդգծեցին, որ հայցվորի պահանջը ճիշտ չի ներկայացված, քանի որ վերջինս լրատվամիջոցից պահանջում է հերքել հետևյալ պարբերությունը. «Որոշ լրատվամիջոցներ խորացան նախարարի եւ նրա տիկնոջ հարաբերություններում, պատմեցին…» արտահայտությամբ.  թերթն արդեն իսկ կարողացել է ցույց տալ, որ   այդպիսի հրապարակումների գոյության փաստն իրականությանը հրապատասխանում է և այն  հերքման ենթակա չէ: Ավելին, այն հաստատվել է նաև հենց Ռուզաննա Խաչատրյանի կողմից, ով իր իր ֆեյսբուքյան էջում այդ մասին գրառում է կատարել.

 

«Թերևս չանդրադառնայի իմ շուրջ վերջին օրերին հյուսվող անհեթեթ խոսակցություններին, - գրում է Ռ. Խաչատրյանը, - որոնք չէին անցնում կանացի բամբասանքից այն կողմ, եթե այսօր չկարդայի, որ նորահայտ մի կենսագիր, ի թիվս բազում զրպարտությունների՝ անբարոյականություն, կաշառակերություն, ինձ մեղադրում է նաև մարդասպանության համար՝ գաջի գործարանի տարածքում:… »:

 

            Տիկին Խաչատրյանը եզրափակում է իր խոսքը՝ նշելով, որ իրավապահ մարմիններն արդեն զբաղվում են այս հարցով և որ «գրողն ու պատվիրատուն կստանան իրենց հանցանքի իրավական գնահատականը` օրենքի ամբողջ խստությամբ»:

 

             Ի դեպ, հենց այս գրառումն է լրագրողի համար առիթ հանդիսացել խորհելու այս հարցի շուրջ և իր մտքերը հոդվածի տեսքով շարադրելու:

 

            Եվ թեև հոդվածում անդրադարձ է եղել հենց Ռուզաննա Խաչատրյանին և մամուլում տեղ գտած նրա կենսագրության որոշ դրվագներին, այդուհանդերձ, հոդվածի նպատակը ոչ թե Ռուզաննա Խաչատրյանի մասին տեղեկություններ հաղորդելն էր,  այլ՝ ընդհանրապես  հանրային անձանց ուղղված կոչը՝ դրսևորել հանդուրժողականություն իրենց անձի շուրջ ունեցած հանրային հետաքրքրասիրության նկատմամբ, որքան էլ որ այն ներխուժող և հիվանդագին լինի: Այդ իսկ պատճառով  Ռուզաննա Խաչատրյանի օրինակին զուգահեռ հոդվածագիրն անդրադաձել է  նաև Բիլ Քլինթոնի, Կառլա Բրունիի,  Անգելա Մերկելի և այլոց համանման իրավիճակներում հայտնված լինելու փաստերին և հանրային անձանց հորդորել հաշտվել հանրային լուսարձակի ներքո հայտնված լինելու փաստի հետ, եթե ինքդ ես ընտրել այդ ճանապարհը.   

 

«Ուզում ես հանրային դեմք լինել, պետք է հաշտվես այս հիվանդագին հետաքրքրասիրության տհաճ փաստի հետ: Այլ ճանապարհ չկա»:

 

            Պատասխանող Ս. Սիմոնյանի ներկայացուցիչ Լուսինե Հակոբյանը նշեց, որ եթե նույնիսկ հայցապահանջը լիներ ճիշտ ներկայացված, հոդվածը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դիրքորոշման լույսի ներքո պետք է համարել «ողջամիտ հրապարակում». նույնիսկ եթե հոդվածում ներկայացված փաստերն ապացուցելու համար հեղինակը չունի բավարար փաստեր, սակայն հոդվածը հանրային շահին վերաբերող խնդրի մասին է, և այն ներկայացնելիս  լրագրողը դրևսորել է  բարեխղճություն և պրոֆեսիոնալիզմ, ապա դա ողջամիտ հրապարակում է:

 

            Խնդրո առարկա հոդվածի առնչությամբ պատասխանողի ներկայացուցիչների   դիրքորոշման համար հիմք ծառայած փաստաթղթերը և ՄԻԵԴ վճիռները

 

            Կողմի դիրքորոշումը ներկայացնելիս Ս.Սիմոնյանի փաստաբան Լուսինե Հակոբյանն անդրադարձավ ինչպես Սահմանադրական դատարանի որոշումներին, այնպես էլ ԵԽ կողմից ընդունված փաստաթղթերին և ՄԻԵԴ վճիռներին:

 

            Մասնավորապես, ԵԽԽՎ թիվ 1165(1998) բանաձևի համաձայն՝ հանրային անձինք պետք է գիտակցեն, որ հասարակությունում իրենց զբաղեցրած հատուկ դիրքը, շատ դեպքերում՝ իրենց ընտրությամբ, ինքնաբերաբար ենթադրում է մասնավոր կյանքի նկատմամբ առավել բարձր ճնշում: Նույն բանաձևի համաձայն՝ հանրային անձինք են հանդիսանում այն անձինք, որոնք հանրային պաշտոն են զբաղեցնում և/կամ օգտվում են հանրային ռեսուրսներից: Հանրային անձինք են հանդիսանում նաև բոլոր այն անձինք, որոնք դերակատարում ունեն հասարակական կյանքում, լինի դա քաղաքականություն, տնտեսություն, մշակույթ, սոցիալական, սպորտի կամ այլ բնագավառներում:

 

            Հանրային անձանց նկատմամբ քննադատության շրջանակների առնչությամբ ՄԻԵԴ-ը բազմիցս շեշտադրել է, որ  երբ մասնավոր անձինք մուտք են գործում հանրային դաշտ, նրանք բաց են դառնում հասարակական քննարկման համար և հետևաբար պետք է դրսևորեն հանդուրժողականության առավել բարձր աստիճան քննադատության նկատմամբ (Բոդրոզիքն ընդդեմ Սերբիայի/ Bodrožić v. Serbia, դիմում թիվ 38435/05, 34-րդ պարբերություն):

 

            Լինելով ՀՀ առողջապահության նախարարի խորհրդական, «Ռազմական բժիշկների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ՝ Ռուզաննա Խաչատրյանը հանդիսանում է հանրային անձ և իր գործունեությամբ և գործողությաններով ինքն է խթանել հանրային հետաքրքրասիրությունը, և  վերջինս պետք է ենթադրեր, որ իր անձի շուրջ քննարկումները ոչ միշտ է, որ կարող են լինել գովաբանական:

 

            Բացի դրանից, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, անդրադառանալով պատմությունների, ասեկոսեների կամ հանրային կարծիքի լույսի ներքո լուսաբանման իրականացման հարցին, Թորգեյր Թորգեյրսոնն ընդդեմ Իսլանդիայի գործով կայացված վճռում նշել է.

 

«Հանրային հսկիչի իրենց դերը կատարելիս լրատվամիջոցների լուսաբանումը պատմությունների, ասեկոսեների կամ հանրային կարծիքի լույսի ներքո պետք է պաշտպանված լինի, եթե այն լիովին անհիմն չէ» (Թորգեյր Թորգեյրսոնն ընդդեմ Իսլանդիայի/ Thorgeir Thorgeirson v. Iceland/ Դիմում թիվ 13778/88, 63-րդ պարբերություն):

 

Լրագրողների նկատմամբ ընդհանուր պահանջը,  ըստ որի նրանք պարտավոր են պարբերաբար և ձևականորեն իրենց տարանջատել այլ անձանց վիրավորող,  սադրող կամ նրանց հեղինակությանը վնասող մեջբերման բովանդակությունից անհամատեղելի է ընթացիկ դեպքերի, կարծիքների և գաղափարների վերաբերյալ տեղեկատվություն տարածելու մամուլի դերի հետ ((Թոման ընդդեմ Լյուքսեմբուրգի/ Thoma v. Luxembourg/ դիմում թիվ 38432/97, 64-րդ պարբերություն):

 

             «Ողջամիտ հրապարակում» հասկացության բնորոշումը ՄԻԵԴ-ը  տվել է Ֆլաքսն ընդդեմ Մոլդովայի գործում` մասնավորապես ընդգծելով, որ՝

 

«Իրականում այնպիսի իրավիճակներում, երբ հրապարակվում են փաստական տվյալներ և չեն ներկայացվում բավարար ապացույցներ դրանք հաստատելու համար և, միևնույն ժամանակ, լրագրողը քննարկում է հարց, որն իրապես բխում է հանրային շահից, շատ կարևոր է հասկանալ, թե արդյոք լրագրողը գործել է պրոֆեսիոնալ և բարեխիղճ կերպով» (Flux v. Moldova (no. 7), no. 25367/05, 41-րդ պարբերություն):

 

            Ըստ Լ. Հակոբյանի՝ այն, որ լրագրող Ս. Սիմոնյանը ողջամիտ հրապարակում է կատարել հաստատվում է նաև այն հանգամանքով, որ  «Հանրությունն ուզում է իմանալ» հրապարակումից անմիջապես հետո օրաթերթը ստանում է Ռուզաննա Խաչատրյանի նախագահած «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» ՀԿ-ից գրություն, որով ՀԿ-ն` ի դեմս իր խորհրդի և անդամների, վրդովմունք է արտահայտում խնդրո առարկա հոդվածի կապակցությամբ: Այս նամակը «Հրապարակ» օրաթերթում է հրապարակվում ս.թ. մայիսի 23-ին դարձյալ Սյուզան Սիմոնյանի հեղինակությամբ լույս տեսած «Հանրությունն ուզում է իմանալ 2» վերտառությամբ երկրորդ հոդածի ներքո, որը ներառում էր նաև հղում առաջին հոդվածում տեղ գտած տեղեկությունների աղբյուրներից մեկին՝ www.hzham.am կայքին: Պատասխանողի ներկայացուցիչն ընդգծում է, որ այս փաստը ևս ապացույց է այն բանի, որ լրագրողը  դիտավորություն չի ունեցել արատավորել հայցվորի  պատիվն ու արժանապատվությունը և իր աշխատանքը կատարելիս դրսևորել է բարեխղճություն:

 

            Նախորդ դատական նիստի ժամանակ գործի առնչությամբ իրենց դիրքորոշումներն էին ներկայացրել հայցվորի ներկայացուցիչ Կարեն Մեժլումյանը և «Հրապարակ օրաթերթ» ՍՊԸ-ի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը, որոնց կարելի է ծանոթանալ այստեղ:

 

            Հաջորդ դատական նիստը տեղի կունենա ս.թ. նոյեմբերի 23-ին, ժամը՝ 15:30-ին: Նիստը հետաձգվեց դատավորի Ռ. Վարդազարյանի նախաձեռնությամբ, որը հայտարարեց, որ բավական հղումներ կային կողմերի բացատրություններում, Վճռաբեկ դատարանի, Սահմանադրական դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ակտերին և այս լույսի ներքո ինքը ևս ժամանակի կարիք ունի կողմերին ուղղված հարցերը ձևակերպելու համար:

 

            Հիշեցնենք, որ 2015թ. մայիսի 21-ին «Հրապարակը»  լրագրող Սյուզան Սիմոնյանի հեղինակությամբ «Հանրությունն ուզում է իմանալ» հոդված էր հրապարակել ՀՀ պաշտպանության նախարարի տիկնոջ՝ «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Ռուզաննա Խաչատրյանի անձի շուրջ մամուլում և սոցիալական ցանցերում ծավալված ընդարձակ քննարկումների վերաբերյալ՝ հղում կատարելով նաև Ռուզաննա Խաչատրյանի կողմից այդ կապակցությամբ ֆեյսբուքյան իր էջում արված գրառումներին:   «Հանրությունն ուզում է իմանալ-2» վերտառությամբ իր հաջորդ հրապարակման մեջ թերթը ներկայացրել է, թե որ աղբյուրից է օգտվել, սակայն հայցվորի ներկայացուցիչը սա բավարար չի համարում:

            Խնդրո առարկա նյութն ամբողջությամբ կարելի է կարդալ այստեղ:

 

            «Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան ՀԿ-ի անդամներ, փաստաբաններ Լուսինե Հակոբյանը և Տիգրան Եգորյանը այս գործով պատասխանող «Հրապարակի» լրագրող Սյուզան Սիմոնյանի ներկայացուցիչներն են: 

Նյութը պատրաստեց՝ Մարիամ Չախոյանը

-->