Կատեգորիաներ

Ս. Սիմոնյան 14.10.2015

Հանրությունն ուզում է իմանալ. անցում դատաքննության փուլին

15.10.2015թ.

 

Դատավոր Վարդազարյանը Հրապարակի գործով դատական նիստի ժամանակ

            Ս.թ. հոկտեմբերի 14-ին «Հրապարակ» օրաթերթի և լրագրող Սյուզան Սիմոնյանի դեմ` Ռուզաննա Խաչատրյանի ներկայացրած քաղաքացիական  հայցով Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ընթացող նախնական դատական նիստի ժամանակ  հայցվորի ներկայացուցիչ Կարեն Մեժլումյանը դատարանին ներկայացրեց  Սյուզան Սիմոնյանի կողմից նախորդ դատական նիստերից մեկի ժամանակ 1in.am կայքին տրված հարցազրույցը՝ էլեկտրոնային կրիչի վրա, որի վրա գրված էր  «Իրեղեն ապացույց զրպարտության մասին »: Փաստաբան Մեժլումյանը պարզաբանեց, որ լրագրողն իր հարցազրույցում ընդունել է, որ վիճարկվող նյութը Ռուզաննա Խաչատրյանի վերաբերյալ է և որ ինքը պարզապես հղում է կատարել մեկ այլ կայքի:

 

             Պատասխանող Սյուզան Սիմոնյանի ներկայացուցիչները որպես ապացույց դատարանին ներկայացրեցին Ռուզաննա Խաչատրյանի կողմից իր ֆեյսբուքյան էջում թողված գրառումների լուսապատճենները, որտեղ վերջինս ընդունում է իր անձի շուրջ շրջանառվող լուրերի փաստը և այդ կապակցությամբ արտահայտում վերաբերմունք, ինչպես նաև նշում, որ իր կենսագրությունը ներկայացված է amda.am էջում:  Տիգրան Եգորյանը նշեց, որ Ս. Սիմոնյանն իր հոդվածում անդրադարձել է նաև Ռ. Խաչատրյանի  այս գրառումներին, ինչն ապահովել  է հոդվածի հավասարակշռությունը:  Նա նշեց, որ այդ գրառումները լրացուցիչ անգամ ապացուցում են նաև տիկին Խաչատրյանի հանրային անձ լինելու փաստը:

 

             Կողմերի համաձայնությամբ դատարանը որոշեց ներկայացված ապացույցների հետազոտման հերթականությունը, որից հետո հայտարարեց նախնական դատաքննության փուլի ավարտի մասին: Դատաքննությունը կկայանա հոկտեմբերի 29-ին, ժամը՝ 15:30-ին:

 

             Հիշեցնենք, որ պաշտպանության նախարարի կին, Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիայի նախագահ Ռուզաննա Խաչատրյանը հայց էր ներկայացրել դատարան՝ պահանջելով «Հրապարակ» օրաթերթից և լրագրող Սյուզան Սիմոնյանից տպագրել «Հրապարակ» թերթում և կայքէջում ս.թ. մայիսի 21-ին լույս տեսած «Հանրությունն ուզում է իմանալ» հոդվածի որոշ հատվածների հերքում:

 

           Այս գործով պատասխանող Սյուզան Սիմոնյանի ներկայացուցիչներն են փաստաբաններ Տիգրան Եգորյանը և Լուսինե Հակոբյանը:

 

           Այս գործի մասին ավելի մանրամասն կարելի է կարդալ այստեղ:

Նյութը պատրաստեց՝ Մարիամ Չախոյանը

 

-->