Կատեգորիաներ

Ս. Սիմոնյան -29.10.2015

«Հանրությունն ուզում է իմանալ».   «Հրապարակի» և լրագրող Սյուզան Սիմոնյանի գործով դատաքննությունը մեկնարկեց հոկտեմբերի 29-ին

30.10.2015թ.

 

           Հոկտեմբերի 29-ին, ժամը՝ 15:30-ին, Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կին Ռուզաննա Խաչատրյանի կողմից «Հրապարակ» օրաթերթ ՍՊԸ-ի և լրագրող Սյուզան Սիմոնյանի դեմ հարուցված քաղաքացիական հայցով դատաքննության առաջին նիստը:

 

            Առաջինը հայցվոր կողմի դիրքորոշումը ներկայացրեց վերջինիս ներկայացուցիչ Կարեն Մեժլումյանը, ով պնդեց հայցն ամբողջությամբ: Հղում կատարելով Սահմանադրական և Վռաբեկ դատարանների կողմից կայացված որոշումներին` վեջինս փորձում էր ապացուցել, որ լրատվամիջոցը պատշաճ հղում չի կատարել, ուրեմն ինքն է պատասխանատու ս.թ. մայիսի 21-ին «Հրապարակ» օրաթերթում հրապարակված «Հանրությունն ուզում է իմանալ»  հոդվածում տեղ գտած վիճահարույց և իրականությանը չհամապատասխանող տեղեկությունները տարածելու համար և պետք է տպագրի հերքում:  Վերջինս պնդում  էր նաև, որ վիճարկվում են հենց մայիսի 21-ին տպագրված հոդվածը և դրանում տեղ գտած տեղեկությունները և այն փաստը, որ պատասխանող օրաթերթն անդրադարձել է հրապարակման համար հիմք ծառայած աղբյուրին մեկ այլ՝ ընդհամենը երկու օր անց՝ մայիսի 23-ին հրապարակված «Հանրությունն ուզում է իմանալ 2» վերտառությամբ հոդվածում, իսկ խնդրո առարկա հոդվածի ներքո տեղադրել է հղում երկրորդ հրապարակմանը, չի կարող հանդիսանալ «իբր թե պատշաճ հղում այն մասին, որ վեճի առարկա հանդիսացող զրպարտող տեղեկությունը առկա է այդ կայքում»:

Հայցվորն ընդգծում է, որ երբ իրենք հայցադիմում են ներկայացրել, ինչը տեղի է ունեցել ս.թ. մայիսի 22-ին, այսինքն՝ երկու հրապարակումների միջակայքում ընկած հատվածում, այդ հղումը չկար, և «բնականաբար, չէր էլ կարող լինել, - եզրակացնում է հայցվորի ներկայացուցիչը, քանի որ վիճարկվող հոդվածը տպագրվել է 21.05.2015թ.-ին, իսկ «Հանրությունն ուզում է իմանալ 2» հոդվածն ավելի ուշ, 23.05.2015թ.-ին»:  Կ. Մեժլումյանն իր բացատրությունը ներկայացնելիս ընգծեց, որ երկրորդ հոդվածը հայցվորը չի վիճարկել:

 

Բացի այդ, հայցվորը գտնում է, որ պատասխանողը բավարար բարեխղճություն չի դրսևորել պարզելու համար հրապարակված տեղեկությունների ճշմարտացիությունը:

 

Իր փաստարկների հիմքում ներկայացնելով ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից 27.04.2012թ. թիվ ԵԿԴ/2293/02/10 քաղաքացիական գործով գերակա հանրային շահի վերաբերյալ      արտահայտած դիրքորոշումը, որի համաձայն` «յուրաքանչյուր դատական գործի քննության շրջանակներում անհրաժեշտ է պարզել՝ արդյոք ներկայացված փաստացի տվյալները տվյալ իրավիճակում և իրենց բովանդակությամբ բխել են «գերակա հանրային շահից», որն անմիջականորեն պայմանավորված է հասարակության տեղեկացված լիենլու իրավունքի շահով, արդյոք հանրության համար այդ տեղեկատվությունն զգալիորեն անհրաժեշտ է եղել, արդյոք հանրությունը հետևել է այդ տեղեկությունների տարածման ընթացքին և սպասել է դրանց հետագա հրապարակմանը»:

 

«Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, - նշում է Մեժլումյանը, - որ քննարկման առարկա հարցի վերաբերյալ դատական գործեր քննելիս դատարանները մեծ ուշադրություն պետք է դարձնեն հրապարակայնորեն փաստացի տվալներ ներկայացրած անձի բացատրություններին, մոտեցումներին, իր կողմից ներկայացված փաստացի տվյալների նկատմամբ վերաբերմունքին պարզելու նպատակով՝ արյդո՞ք  անձը հրապարակված փաստերով դիտավորություն ունեցել է արատավորելու որևէ մեկին, թե՞ օբյեկտիվորեն արտահայտել է իր գնահատողական դատողությունները՝ միաժամանակ դրսևորելով բարեխիղճ մոտեցում»: 

 

Հղում կատարելով մի շարք այլ փաստթղթերի՝ հայցվորի ներկայացուցիչը փորձեց դատարանին ի ցույց դնել, որ առանց տեղեկությունների համար աղբյուր ծառայած լրատվամիջոցին պատշաճ հղում կատարելու, օրաթերթն ինքն է հանդիսանում զրպարտող տեղեկությունների համար պատասխանատուն:

 

«Հրապարակ» օրաթերթ ՍՊԸ-ի տնօրեն, գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանի բացատրությունը

 

            Նիստի ժամանակ պատասխանող «Հրապարակ» օրաթերթ ՍՊԸ-ի տնօրեն, գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանն իր բացատրությունը ներկայացնելիս, ամբողջությամբ առարկելով հայցին, ասաց, որ Ս. Սիմոնյանի հոդվածի նպատակը չի եղել զրպարտություն պարունակող տեղեկություններ տարածել հայցվորի մասին. հոդվածը վերլուծական, հրապարակախոսական է, որտեղ ներկայացված են լրագրողի դիտարկումները, տեսակետը, այն նաև հայտնի անձանց կյանքի, ընդհանրապես հրապարակային կյանքի լուսաբանման համաշխարհային փորձը,  իսկ հայցվորի համար ցավոտ հատվածը, որը լրագրողը վերցվել է այլ աղբյուրից, օգտագործվել է որպես օրինակ,  որի վրա կառուցվել են նրա հետևությունները:

 

             «Բոլորովին պարտադիր չէր որևէ կոնկրետ աղբյուրի հղում անել, - ասաց Ա. Օհանյանը, - քանի որ հայցվորն ինքն իր ֆեյսբուքյան էջում այնպիսի մի հիմք է ստեղծել մեզ համար, որ մենք կարող էինք պարզապես իր կատարած գրառումից օգտվելով, այդ կտորն օգտագործել հոդվածում»: 

 

            Խմբագիրը տարօրինակ է գտնում այն, որ հայցվորը, ինքը խոսելով այդ լուրերի մասին, լրատվամիջոցից պահանջում է կոնկրետ կայքի հղում: Բացի այդ նյութը տարածվել է բազմաթիվ լրատվամիջոցներով, որոնք օգտվել են hzham.am-ի հոդվածներից:  Օհանյանը նաև նշեց, որ հենց Ռուզաննա Խաչատրյանի շահերից ելնելով՝ ինքը խմբագրելիս հանել է hzham.am կայքի հղումը՝ հոդվածում թողնելով միայն «որոշ լրատվամիջոցներ» արտահայտությունը: Նպատակը մեկն է եղել. լրացուցիչ անգամ չնպաստել լրագրողական էթիկայի կանոնների խախտմամբ գրված այդ հոդվածի տարածմանը:   Թերթի գլխավոր խմբագիրը բացատրեց նաև, թե ինչպես է ինքը հասկանում օրենքում տեղ «գտած պատշաճ հղում» արտահայտությունը.

 

            «Պատշաճ հղում ասելով՝  օրենքը նկատի ունի, որ դու պետք է ունենաս աղբյուր, որի վրա հենվելով, դու ինչ-որ հրապակում ես արել, և երբ քեզ հարցնում են՝ որտեղ է այդ աղբյուրը, դու կարողանում ես այն ցույց տալ, դա նշանակում է, որ դու ունես այդ աղբյուրը», - ասաց նա:

 

            «Եթե դուք պնդում եք, որ միտում չի եղել վիրավորելու, զրպարտելու հայցվորին,- հարցրեց դատավոր Վարդազարյանը, - և սա պարզապես վերլուծական հոդված է, այդ դեպքում  ի՞նչն է խանգարում վեճը լուծել հաշտությամբ և մի հոդված գրել կամ հերքում տպագրել այն մասին, որ «Հանրությունն ուզում է իմանալ» հոդվածը չի վերաբերում Ռուզաննա Խաչատրյանին»:

            Դատավորի այս հարցին Օհանյանը պատասխանեց, որ թերթը վճարկվող հոդվածում որևէ վարկաբեկող, զրպարտող տեղեություն չի հրապարակել, ուստի, հերքման մասին խոսք լինել չէր կարող: Սակայն թերթը պատրաստ էր տպագրել Ռ. Խաչատրյանի պատասխանը:

 

            «Թերթը պատրաստ էր տպագրել պատասխանը, - ասաց Օհանյանը, - որևէ խնդիր չկար, եթե հայցվորը ժամանակին պատասխանը ուղարկեր, պահպաներ օրենքով նախատեսված ժամկետները և չշտապեր դիմել դատարան»:

 

            Նա բացատրեց, որ թերթը պարզապես չի հասցրել տպագրել, որովհետև հայցն արդեն ներկայացված էր դատարան նախքան հաջորդ համարի լույս տեսնելը, և նույնիսկ հայցվորի կողմից ուղարկված  նամակում նշված մեկշաբաթյա ժամկետը չի պահպանվել. Հայցվորի փոստային և էլեկտրոնային նամակները  ստացվել են երկուշաբթի (թեև էլեկտրոնայինը ուղարկվել էր շաբաթ օրը, այն թերթում նկատել են միայն երկուշաբթի):

 

            Օհանյանը փոստային և էլեկտրոնային նամակներին ծանոթացել է գրեթե միաժամանակ, որից մի փոքր՝ 10 րոպե անց, հաջորդել է դատական հայց ներկայացված լինելու մասին լուրը: Այս լուրին Օհանյանը ծանոթացել է Առավոտ օրաթերթից, որտեղ հայցվորի ներկայացուցիչը հայտարարում էր այն մասին, որ արդեն դատարան է դիմել:

 

            « Ես, անկեղծ ասած, ուղղակի ապշած եմ, որ կարելի է պատասխան ուղարկել և չսպասել գոնե թերթի հաջորդ համարի լույս ընծայմանը, որը պետք է լիներ հենց հաջորդ՝ երեքշաբթի օրը», - ասում է Օհանյանը և հավելում, որ նույնիսկ ամենամեծ ցանկության դեպքում ավելի շուտ հնարավոր չէր դա անել: 

 

            Պատասխանող Սյուզան Սիմոնյանը և նրա ներկայացուցիչները իրենց դիրքորոշումը կներկայացնեն հաջորդ դատական նիստի ժամանակ, որը տեղի կունենա նոյեմբերի 9-ին, ժամը՝ 15:00-ին:

 

            Հիշեցնենք, որ 2015թ. մայիսի 21-ին «Հրապարակը»  լրագրող Սյուզան Սիմոնյանի հեղինակությամբ «Հանրությունն ուզում է իմանալ» հոդված էր հրապարակել ՀՀ պաշտպանության նախարարի տիկնոջ՝ «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Ռուզաննա Խաչատրյանի անձի շուրջ մամուլում և սոցիալական ցանցերում ծավալված ընդարձակ քննարկումների վերաբերյալ՝ հղում կատարելով նաև Ռուզաննա Խաչատրյանի կողմից այդ կապակցությամբ ֆեյսբուքյան իր էջում արված գրառումներին:   «Հանրությունն ուզում է իմանալ-2» վերտառությամբ իր հաջորդ հրապարակման մեջ թերթը ներկայացրել էր, թե որ աղբյուրից է օգտվել, սակայն հայցվորի ներկայացուցիչը սա բավարար չի համարում:

 

            «Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան ՀԿ-ի անդամներ, փաստաբաններ Լուսինե Հակոբյանը և Տիգրան Եգորյանը այս գործով պատասխանող «Հրապարակի» լրագրող Սյուզան Սիմոնյանի ներկայացուցիչներն են: 

Նյութը պատրաստեց՝ Մարիամ Չախոյանը

-->