Կատեգորիաներ

ՍԴ-ն բավարարեց Ilur. am-ի դիմումը

ՍԴ-ն բավարարեց Ilur. am-ի դիմումը` հաստատելով տեղեկատվության աղբյուրի գաղտնիության կարևորությունը

 

22.10.2015թ.

 

Լուսանկարը՝ ՍԴ-ի կայքէջից

           2015 թ. հոկտեմբերի 20-ին, ՀՀ սահմանադրական դատարանը քննել է «ilur.am» լրատվական կայքի հիմնադիր «Ստարտ Մեդիա» ՍՊԸ-ի բողոքը, որով վիճարկվում էր այն դրույթների սահմանադրականությունը, որոնց հիման վրա ՀՀ առաջին ատյանի, վերաքննիչ և վճռաբեկ դատարանները պարտավորեցրել են «ilur.am» լրատվական կայքին բացահայտել իր տեղեկատվության աղբյուրը: Խոսքը մասնավորապես «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 14-րդ հոդվածի 2-րդ մասի, 41-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի, 279-րդ հոդվածի, 16-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ պարբերության մասին է, որոնք կամ որոնց իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունն ըստ դիմող կողմի պահանջի՝ պիտի ճանաչվեն հակասող ՀՀ Սահմանադրության 1-ին, 3-րդ, 5-րդ, 6-րդ, 18-րդ, 19-րդ, 27-րդ և 43-րդ հոդվածներին: Ըստ դիմող կողմի՝ դիմողի նկատմամբ կիրառված դրույթները չեն բավարարել իրավական որոշակիության պահանջները, ինչի արդյունքում խախտվել են դիմողի՝ Սահմանադրության նշված հոդվածներով սահմանված իրավունքները:

 

            ՀՀ սահմանադրական դատարանում դիմողի ներկայացուցիչներն են փաստաբաններ Լուսինե Հակոբյանը և Տիգրան Եգորյանը: Գործը վարույթ ընդունելով՝ սահմանադրական դատարանը որպես պատասխանող կողմ ներգրավել է ՀՀ ազգային ժողովին: Դատարանը որոշել է գործը քննել «Հրապարակ» օրաթերթի դիմումի հետ միասին՝ համատեղ նիստում, քանի որ գործերը վերաբերում են նույն հարցին:

 

            Հիշեցնենք, որ 09.05.2014թ. սկսած՝ զանգվածային լրատվության միջոցներով տեղեկություններ են տարածվել այն մասին, որ 07.05.2014թ. Գյումրի քաղաքում ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ Վարդան Նադարյանի և մարզիկներ՝ Արթուր և Ռաֆայել Ալեքսանյան եղբայրների միջև տեղի է ունեցել վիճաբանություն, որի ժամանակ Վ. Նադարյանն իրեն ամրակցված ատրճանակով հարվածել է Ռ. Ալեքսանյանի գլխին, ապա ատրճանակը պահել է Ա. Ալեքսանյանի կրծքավանդակին: ՀՀ հատուկ քննչական ծառայությունը  ի վերջո 30.05.2014թ. հարուցել է քրեական գործ՝ ՀՀ քրեականօրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (պաշտոնական լիազորությունները չարաշահելը, որը զուգորդվել է բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով): Այնուհետև ՀՔԾ քննիչ Գ. Բեգոյանը 26.06.2014թ. միջնորդություն է ներկայացրել ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ պահանջելով «ilur.am» լրատվական կայքին և «Հրապարակ օրաթերթ» ՍՊԸ-ին՝ տրամադրելու իրենց հրապարակած հոդվածների ( «Շիրակի ոստիկանապետը հարձակվել է հայտնի ըմբիշի վրա. Մարզիկը մտածում է Հայաստանի դրոշի տակ հանդես չգալու մասին» և «Ծուխ առանց կրակի, կամ ոստիկանապետի գլխին ամպեր են կուտակվում» ) տեղեկատվության աղբյուրները: Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գ.Խանդանյանը բավարարել է քննիչ Գ.Բեգոյանի միջնորդությունը, ինչից հետո «Ստարտ Մեդիա» ՍՊԸ-ն և «Հրապարակ օրաթերթ» ՍՊԸ-ն դիմել են ՀՀ վերաքննիչ դատարան՝ բողոքարկելու առաջին ատյանի դատարանի վճիռը: Վերաքննիչ դատարանի դատավոր Եվա Դարբինյանը անփոփոխ է թողել ՀՀ առաջին ատյանի դատարանի որոշումը, իսկ Վճռաբեկ դատարանը Վերաքննիչ դատարանի որոշման դեմ բերված բողոքը վերադարձրել է:

 

            Անդրադառնանք այն դրույթներին, որոնց սահմանադրականությունը դիմող կողմը վիճարկել է սահմանադրական դատարան ներկայացրած դիմումում:

 

            Ըստ «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի երկրորդ մասի՝ «տեղեկատվության աղբյուրի բացահայտումը լրատվական գործունեություն իրականացնողին, ինչպես նաև լրագրողին կարող է պարտադրվել դատարանի որոշմամբ` քրեական գործի առիթով` ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության բացահայտման նպատակով, եթե հասարակության շահերի քրեաիրավական պաշտպանության անհրաժեշտությունն ավելի ծանրակշիռ է, քան տեղեկատվության աղբյուրը չբացահայտելու հասարակության շահագրգռվածությունը, և սպառված են հասարակական շահերի պաշտպանության մնացած բոլոր միջոցները: Այդ դեպքում, լրագրողի միջնորդությամբ, դատական քննությունն իրականացվում է դռնփակ»:

 

            Նշենք, որ թե՛ առաջին ատյանի դատարանը, թե՛ վերաքննիչ ատյանի դատարանը աղբյուրի բացահայտումը համարել են անհրաժեշտ, քանի որ ապացուցված են համարել այն հանգամանքը, որ տեղեկատվության աղբյուրի բացահայտում պահանջող պետական մարմինների մոտ սպառվել են այլընտրանքային միջոցները: Մի կողմ թողնելով ակնհայտ այն հարցերը, որ նախաքննության մարմինը նույնիսկ մոտ չէր հանցագործությունը բացահայտելուն ուղղված միջոցների սպառմանը և վեճի առարկա միջոցն ըստ էության ընտրել էր տեղեկատվության «հարցերը» լուծելու և լռեցնելու նպատակով, անդրադառնանք ՄԻԵԴ-ի այն դիրքորոշմանը, ըստ որի՝ աղբյուրի բացահայտում պահանջելու առումով հայցող կողմի համար բավարար չէ պարզապես ցույց տալ, որ ինքը չի կարողանա առանց աղբյուրի բացահայտման իրականացնել իր իրավունքը կամ կանխել սպառնացող վատ իրավական վնասը, որն ընկած է իր պահանջների հիմքում: Յուրաքանչյուր կոնկրետ դեպքում դատարանից պահանջվում է մանրազնին ուսումնասիրության ենթարկել գործի հանգամանքները և կշռադատել, թե արդյոք առանձին անհատի կամ հասարակութան շահը գերակշռում է հանրության` տեղեկացված լինելու շահի նկատմամբ:  

 

            Վերը նշված հոդվածի սահմանադրականությունը վիճարկելիս դիմող կողմն իր բողոքում ուշադրությունը հրավիրել է հատկապես «ծանր կամ առանձնապես ծանր ձևակերպման վրա»՝ համարելով, որ այս ձևակերպումը անհամաչափ սահմանափակում է արտահայտվելու ազատության իրավունքը և հակասում է թե՛ Կոնվենցիայի 1-ին և 10-րդ հոդվածներին, ինչպես նաև Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի No. R(2000)7 հանձնարարականին, ըստ որի՝աղբյուրի բացահայտման օրինական շահը գերակա է այն չբացահայտելու հանրային շահից այն դեպքերում, երբ աղբյուրի բացահայտումն անհրաժեշտ է «մարդկային կյանքի պաշտպանության», «ծանր հանցագործությունը կանխարգելելու» համար, կամ «ծանր հանցանք գործած անձի՝ դատարանում դատական պաշտպանության իրականացման» համար: Նշենք նաև, որ ըստ ՀՀ Սահմանադրության 43-րդ հոդվածի՝ 27-րդ հոդվածով սահմանված իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով,   եթե դա անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում, պետական անվտանգության, հասարակական կարգի պահպանման, հանցագործությունների կանխման և այլ նպատակներով, այնինչ  «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված նպատակը պայմանավորված է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության բացահայտմամբ և չի համապատասխանում վերոնշյալ պայմաններին:

 

            Մյուս հոդվածները, որոնց սահմանադրականությունը դիմող կողմը վիճարկել է  սահմանադրական դատարանում, հետևյալն են՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 14-րդ (նամակագրության, հեռախոսային խոսակցությունների … և այլ հաղորդումների գաղտնիության սահմանափակում), 41-րդ (14-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված սահամանափակման վերաբերյալ որոշում կայացնելու դատարանի լիազորությունը) և 279-րդ հոդվածները: Նշենք, որ ըստ քրեական  դատավարության 279-րդ հոդվածի՝ «ի թիվս քրեական գործերով ընդհանուր այլ լիազորությունների՝ դատարանի որոշմամբ են կատարվում այլ հաղորդումների՝  գաղտնիության սահմանափակման հետ կապված քննչական գործողությունները»: ՀՀ առաջին ատյանի դատարանը իր վճիռը կայացնելիս հղում է կատարել 279-րդ հոդվածին՝ համարելով, որ օրենսդրի կողմից սահմանված «այլ հաղորդումների գաղտնիության սահմանափակման» արտահայտության մեջ է ընդգրկվում տեղեկատվության աղբյուրի բացահայտումը, որը կարող է պարտադրվել դատարանի որոշմամբ, այնինչ կա մի հանգամանք, որը կարևոր է առհասարակ քրեական դատավարության օրենսգրքի սույն հոդվածներին հղում կատարելով վճիռ կայացնելու տեսանկյունից: Բանն այն է, որ  ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում  առհասարակ  բացակայում է որևէ դրույթ, որը հնարավորություն կտար դատարանին քննելու և որոշում կայացնելու տեղեկատվության աղբյուրի բացահայտման վերաբերյալ պարտականությունների սահմանման մասին: Ուստիև, ըստ «Ստարտ Մեդիա» ՍՊԸ-ի ներկայացուցիչների՝ դատարանի նման գործողությունները խախտվում են  լրատվական գործունեություն իրականացնողների կամ լրագրողների՝ ՀՀ Սահմանադրության 18-րդ, 19-րդ և 27-րդ հոդվածներով երաշխավորված՝ արտահայտվելու ազատության, դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքները, ինչպես նաև ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածը:

 

            Այս գործով կարևոր են նաև ՄԻԵԴ-ի՝ տեղեկատվության աղբյուրը բացահայտելու վերաբերյալ կայացրած վճիռները, իրավական դիրքորոշումները, մանավանդ որ դրանք ՀՀ իրավական համակարգի բաղկացուցիչ մասն են և ուղղակիորեն կիրառելի են ՀՀ-ում: Մասնավորապես «Գուդվինն ընդդեմ Միացյալ Թագավորության» գործով վճռում Դատարանը սահմանել է, որ Կոնվենցիայի 10-րդ դրույթը սահմանում է նաև լրագրողների իրավունքը` տեղեկատվության աղբյուրը չբացահայտելու վերաբերյալ. «Տեղեկատվության լրագրողական աղբյուրների պաշտպանությունը մամուլի ազատության հիմնարար պայմաններից է... »: Աղբյուրների բացահայտման մասին որոշումների հարցում Դատարանը նաև ընդգծում է, որ դրանք բացասաբար են անդրադառնում ոչ միայն այն աղբյուրի վրա, որի ինքնությունը կարող է պարզվել, այլև այն թերթի, որի դեմ կայացվել է որոշումը, քանի որ վերջինիս հեղինակությունը կարող է սասանվել հավանական աղբյուրների աչքում, ինչպես նաև հասարակության անդամների վրա, որոնք շահում են անանուն աղբյուրների կողմից տրամադրված տեղեկատվություն ստանալու հարցում և որոնք իրենք հավանական աղբյուրներ են հանդիսանում:

 

            Այս համատեքստում անդրադառնալով ՀՀ Զանգվածային լրատվության օրենքի 5-րդ հոդվածի այն մասին, որը վերաբերում է հասարակության շահերի քրեաիրավական պաշտպանության անհրաժեշտության՝ տեղեկատվության աղբյուրը չբացահայտելու հասարակության շահագրգռվածությունից ավելի ծանրակշիռ լինելուն՝ դիմող կողմը եզրակացրել է, որ տվյալ գործում հանրության տեղեկացված լինելու շահը գերակշռում է ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետի` իր սասանված հեղինակությունը վերականգնելու շահի կամ ոստիկանության բարեվարքության հարցի նկատմամբ (թեև այդպիսի հիմնավորում քննիչը չի ներկայացնել)` հաշվի առնելով այն հանգամանքը, որ տվյալ դեպքում խոսքը  ոստիկանության բարձրաստիճան պաշտոնատար անձի կողմից հանցագործության կատարման հավանականության մասին է: Դիմող կողմն ընդգծում է նաև այն հանգամանքը, որ լրատվամիջոցի աղբյուրի բացահայտման պարտավորեցման պարագայում վերջինս կարող է և քրեական հետապնդման ենթարկվելու գնով հրաժարվել իրեն հայտնի տեղեկությունները վարույթն իրականացնող մարմնին հայտնելուց, սակայն չհրաժարվի ժամանակ առ ժամանակ լրատվամիջոցին գործի մասին նոր մանրամասներ հայտնելուց, ինչից կշահեն և՛ իրավապահները, և՛ հասարակությունը:

 

            Այս գործի համատեքստում կարևոր ենք համարում առանձնացնել նաև ՄԻԵԴ- ի՝ «Վոսկույլն ընդդեմ Նիդերլանդների» գործով վճիռը, որում Դատարանը ճանաչել է լրագրողի արտահայտվելու ազատության իրավունքի խախտումը (Դիմումատու լրագրողին վերաքննիչ դատարանը ներգրավել է որպես վկա և պահանջել բացահայտել իր աղբյուրի ինքնությունը, քանի որ այդ բացահայտումը կարող էր ազդել ամբաստանյալների դատավճռի վրա, ինչպես նաև հաշվի առնելով առնչությունը ոստիկանության բարեվարքության հարցի հետ: Լրագրողը հրաժարվել է դա անելուց, ինչի արդյունքում նրան կալանավորել են):

 

            Սահմանադրական դատարանը բավարարել է «Ստարտ Մեդիա» ՍՊԸ-ի դիմումը, սակայն որոշումն ամբողջությամբ դեռևս հրապարակված չէ: Որոշման մասին կայքի խմբագիր Քրիստինե Խանումյանը փաստաբաններ Տիգրան Եգորյանի և Լուսինե Հակոբյանի հետ հանդես է եկել հայտարարությամբ, որում նշվում է. «Դիմումների քննության արդյունքում կայացվել է լրատվամիջոցների եւ լրագրողների համար բարենպաստ որոշում, որը լրացուցիչ երաշխիք է նրանց արտահայտվելու ազատության իրավունքի իրականացման, մասնավորապես, լրագրողական աղբյուրի չբացահայտման տեսանկյունից»: Առավել մանրամասն մեկնաբանություններ խմբագիրը և փաստաբանները կներկայացնեն որոշման ամբողջական տեքստի հրապարակումից հետո:

 

Ռիմա Գրիգորյան 

 

 

-->