Կատեգորիաներ

Ս. Սիմոնյան - 03.09

«Հանրությունն ուզում է իմանալ».  կորոշվի «Հրապարակի» գործով ապացուցողական նշանակություն ունեցող փաստերի շրջանակը

03.09.2015թ.

Լուսանկարը՝ hraparak.am կայքից

             Սեպտեմբերի 4-ին, ժամը՝ 15:30-ին, Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ դատարանում տեղի կունենա ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի տիկին Ռուզաննա Խաչատրյանի կողմից «Հրապարակ» օրաթերթի և լրագրող Սյուզան Սիմոնյանի դեմ բերված քաղաքացիական հայցով նախնական դատական նիստը, որի ժամանակ որոշվելու է գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերի շրջանակը:

 

            «Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան ՀԿ-ի փաստաբանները այս գործով պատասխանող «Հրապարակի» լրագրող Սյուզան Սիմոնյանի ներկայացուցիչներն են: 

 

            Հիշեցնենք, որ 2015թ. մայիսի 21-ին «Հրապարակը»  «Հանրությունն ուզում է իմանալ» վերտառությամբ հոդված էր հրապարակել ՀՀ պաշտպանության նախարարի տիկնոջ՝ «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Ռուզաննա Խաչատրյանի անձի շուրջ մամուլում և սոցիալական ցանցերում ծավալված ընդարձակ քննարկումների վերաբերյալ՝ հղում կատարելով նաև Ռուզաննա Խաչատրյանի կողմից այդ կապակցությամբ ֆեյսբուքյան իր էջում արված գրառումներին: 

 

            Անդրադառնալով Ռուզաննա Խաչատրյանի կողմից ներկայացված հայցադիմումին՝ թերթն իր  «Հանրությունն ուզում է իմանալ-2» վերտառությամբ հրապարակման մեջ,   մասնավորապես, նշում է.

 

            «Հասկանալի է բարձրաստիճան տիկնոջ զայրույթը: Ի վերջո, շոշափվել է անձնական կյանքը, որի իրավունքն անձեռնմխելի է, մյուս կողմից՝ սա կեղտոտ սպիտակեղեն է, որն ամոթ է լվանալ հանրության աչքի առաջ: Բայց ի՞նչ կարիք կա այսչափ վրդովվելու: Ռուզաննա Խաչատրյանը, փաստորեն, պատրաստ է շքեղ զգեստներով PR-վելու, սեթեւեթող հարցազրույցներ տալու «հավատարիմ» լրագրողներին եւ Թի Վի-ներին, բայց պատրաստ չէ հանրային «լսումների» իր եւ ամուսնու կենսագրության թեմայով: Պատրաստ չէ հանրային մանրադիտակով զննությանը: Մինչդեռ այս զննությունը, հանրության հետաքրքրությունը բնական եւ օրինաչափ է բոլոր նորմալ երկրներում»:

 

            Ինչ վերաբերում է սկզբնաղբյուր Hzham.am կայքի դեմ դատական հայց ներկայացնելուն, ապա   Խաչատրյանի փաստաբանը panorama.am  կայքին տեղեկացրել է, որ պատրաստվում են դա անել, «սակայն գործընթացը ձգձգվում է, որովհետև տվյալ լրատվամիջոցը գրանցված չէ, իսկ կայքում հեռախոսահամարներ չկան»: 

 

            «Պարզել ենք, որ ինչ-որ ՍՊԸ է գործարկում այդ լրատվամիջոցը, սակայն պետռեգիստրում փնտրում ենք, նման ՍՊԸ չի գործում, չկա», - panorama.am –ի թղթալցին է բացատրել փաստաբանը: 

 

            Դատական նիստը տեղի կունենա Կենտրոն և Նորք Մարաշ դատարանի 3-րդ դահլիճում: Նախագահող դատավորն է Ռուբեն Վարդազարյանը: 

-->