Կատեգորիաներ

Ս.Սիմոնյան - 04.09.2015

«Հանրությունն ուզում է իմանալ».  կողմերը ներկայացրեցին իրենց դիրքորոշումներն ապացուցման համար էական նշանակություն ունեցող փաստերի առնչությամբ 

 

04.09.2015թ.

 

              Սեպտեմբերի 4-ին, ժամը՝ 15:30-ին, Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի տիկին Ռուզաննա Խաչատրյանի կողմից «Հրապարակ» օրաթերթի և լրագրող Սյուզան Սիմոնյանի դեմ բերված քաղաքացիական հայցով նախնական դատական նիստը, որի ժամանակ կողմերը ներկայացրեցին իրենց դիրքորոշումները կապված  գործով ապացուցման համար էական նշանակություն ունեցող փաստերի շրջանակի հետ:

              Ըստ Ռուզաննա Խաչատրյանի ներկայացուցչի ապացուցման համար էական նշանակություն ունեցող փաստեր են «Հրապարակ» օրաթերթի 2015թ. մայիսի 21-ի համարում հրապարակված «Հանրություն ուզում է իմանալ» հոդվածի հետևյալ հատվածները.

 

           «Որոշ լրատվամիջոցներ խորացան նախարարի եւ նրա տիկնոջ հարաբերություններում, պատմեցին նրանց  «թեթեւ» ծանոթության եւ արտամուսնական երկարատեւ կապի մասին, հիշեցին եւ տարածեցին վաղուց մոռացված պատմություն այն մասին, թե ինչպես է մի կին, երբ նա դեռ հայտնի չէր, վարել իր մտերիմ ընկերոջ մեքենան եւ ջախջախել այն, վերջինիս մահվան պատճառը դառնալով: Նկատենք, որ այս պատմությունը վաղուց է շուրթից շուրթ փոխանցվել, իսկ տարիներ առաջ լրագրողները գրում էին քրեական այս դեպքի մասին, դրան հետեւած քննության եւ դատաքննության, բայց ոչ ոք չէր հետաքրքրվում, թե ով է եղել այդ մեքենայի ղեկին։ Միայն հիմա, երբ պաշտպանության նախարարի նախագահ դառնալու հեռանկարն այսքան տեսանելի դարձավ, մութ պատմությունները ջրի երես դուրս եկան»:

                                             «Ի վերջո, շոշափվել է անձնական կյանքը, որի իրավունքն անձեռնմխելի է, մյուս կողմից՝ սա կեղտոտ սպիտակեղեն է, որն ամոթ է լվանալ հանրության աչքի առաջ»:

 

              Դատարանը հետաքրքրվեց կողմից, թե ինչպես է վերջինս դիտարկում մեջբերված հատվածները՝ «զրպարտող են թե՞ վիրավորանք»: Հայցվորը նշեց առաջինը՝ զրպարտող են:

 

             - Ինչ որ ասվել է, ասվել է հեղինակի կողմից, - ավելացրեց փաստաբան Մեժլումյանը, - հեղինակը Սուսաննա Սիմոնյանն է, իր մտքերն են, իր ասածն է, ինքն է դրա հեղինակը:

Դատավորը համառոտ ամփոփեց հայցվորի  կողմից բերված փաստերը հետևյալ կերպ. ընթերցված հատվածներն արդյոք զրպարտություն են՝ մեկ փաստ, արդյոք հոդվածում հղում չկա՝ երկրորդ փաստ, տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը՝ երրորդ պնդում: Այնուհետև վերջինս դիմեց պատասխանող կողմին՝ խնդրելով «նշված երեք պնդումների վերաբերյալ արտահայտել դիրքորոշում»: Պատասխանողի ներկայցուցիչը, սակայն, հրաժարվեց դա անելուց դատավարության այս փուլում,  փոխարենը դատարանին ներկայացրեց գնահատման ենթակա փաստերի իր ցանկը.

 

               1.      Արդյոք «Հանրությունն ուզում է իմանալ» հոդվածի առանցքը հանրային շահին վերաբերող խնդիր է, այն է` հասարակության շրջանում  հանրային նշանակության կարևոր խնդիրների վերաբերյալ լայն քննարկման խթանումը, քաղաքական ու հասարակական գործիչների կողմից քննադական խոսքի նկատմամբ առավել հանդուրժողական լինելու անհրաժեշտության շեշտադրումը:

 

               2.      Արդյոք վերոհիշյալ հոդվածի` Հայցվորի կողմից վիճարկվող  հատվածում (հատվածի մեջբերում)  հիշատակված հանգամանքները կարող են ուղղակիորեն վերագրելի համարվել Ռուզաննա Խաչատրյանին:

 

2.1.Արդյոք վերոհիշյալ հոդվածի` Հայցվորի կողմից վիճարկվող  հատվածը (որը հայցադիմումի երկրորդ հայցապահանջով ներկայացված է որպես հերքման ենթակա տեղեկատվություն) հիմնված է որոշակի փաստական հանգամանքների վրա թե ոչ:

 

               3.      Արդյոք վերոնշյալ հոդվածի՝ հայցվորի կողմից վիճարկվող հատվածում առկա որոշ տեղեկությունների վերաբերյալ մամուլում եղել են հրապարակումներ «Հանրությունն ուզում է իմանալ» հոդվածի հրապարակմանը նախորդող ժամանակահատվածում թե ոչ:

 

               4.      Արդյոք www.hzham.am-ը «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետ իմաստով համարվում է զանգվածային լրատվության միջոց:

 

               5.      Արդյոք «Հանրությունն ուզում է իմանալ» հոդվածում ներկայացված է Ռուզաննա Խաչատրյանի տեսակետը նախորդիվ հրապարակված նույնաբովանդակ տեղեկությունների բովանդակության վերաբերյալ:

 

               6.      Արդյոք Ռուզաննա Խաչատրյանը համարվում է հանրային անձ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածի դրույթների լույսի ներքո:

 

               7.      Արդյոք վիճարկվող հոդվածի հրապարակումից հետո Ս. Սիմոնյանի հեղինակությամբ հրապարակվել են նյութեր ուղղված խնդրո առարկա հոդվածի կապակցությամբ Հայցվոր կողմի տեսակետի ներկայացմանը, ինչպես նաև խնդրի հավասարակշռված լուսաբանման ապահովմանը: 

 

                  Դատարանը հետաքրքրվեց պատասխանողից, թե ըստ իրենց՝ որ կողմի վրա պետք է լինի դրված ապացուցման բեռը, ինչին փաստաբան Եգորյանը պատասխանեց հետևյալ կերպ.

 

                  - Դատարանի այդ հարցին կպատասխանենք չպատասխանելով՝ ապացուցման բեռի բաշխման հարցը թողնելով դատարանի հայեցողությանը:

                  Դատարանը գործի լուծման համար ապացուցողական նշանակություն ունեցող փաստերի վերաբերյալ իր որոշումը կողմերին կուղարկի փոստով:  Հաջորդ դատական նիստը նշանակվեց սեպտեմբերի 29-ին, ժամը՝ 15:30-ին:

Տե՛ս ավելին այստեղ

-->