Կատեգորիաներ

ԻԵՄ-ն ընդդեմ ԱԳՆ-ի և ԱՆ-ի. 05.11.2015

Պետությունը ոտնահարում է տեղեկատվության ազատության իրավունքը

06.11.2015

                

        Նոյեմբերի 5-ին ՀՀ վարչական դատարանում տեղի ունեցավ «Իրավունքի Եվրոպա միավորում»-ն ընդդեմ ՀՀ արտաքին գործերի նախարարության և ՀՀ արդարադատության նախարարության գործով ևս մեկ նախնական դատական նիստ: Հիշեցնենք, որ ՄԻԵԴ-ի դատավորի երեք թեկնածուների մրցույթը դիտարկելիս ԻԵՄ-ը դիմել էր երկու նախարարություններին՝ խնդրելով տրամադրել Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի ընտրության համար թեկնածուների վերաբերյալ փորձագետների խորհրդատվական խմբի՝ 2014 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ (2014)6ARM կարծիքը, ինչպես նաև 2014 թվականի նոյեմբերին ՀՀ արտաքին գործերի նախարարության միջոցով Խորհրդատվական խմբին վերջինիս հարցմանն ի պատասխան տրամադրված «լրացուցիչ տեղեկատվությունը ներպետական մրցույթում հաղթող ճանաչված թեկնածուների վերաբերյալ, նրանց կենսագրությունները և թեկնածուների ընտրության ընթացակարգի նկարագրությունը»: Երկու նախարարություններն էլ մերժել էին տրամադրել հայցվող տեղեկատվությունը՝ առաջին մասով որպես մերժման փաստարկ բերելով 2010թ. նոյեմբերի 10-ի՝ Խորհրդատվական խումբ ստեղծելու մասին թիվ CM/Res (2010)26 բանաձևի 5-րդ կետը, ըստ որի՝ ԵԽ անդամ պետության կողմից ներկայացված թեկնածուների վերաբերյալ խորհրդատվական խմբի կողմից տրված բացասական կարծիքը և իր դիրքորոշման վերաբերյալ տրված պատճառները գաղտնի տեղեկատվություն են: Ինչ վերաբերում է հայցված տեղեկատվության երկրորդ մասին, ապա ԱԳՆ-ն իր պատասխանում նշել էր, որ դրա տնօրինողը արդարադատության նախարարությունն է, իսկ արդարադատության նախարարարությունը նշել էր, որ չի կարող տրամադրել այդ տեղեկատվությունը, քանի որ այն պարունակում է անհատական տվյալներ:         

                    

                Տեղեկատվություն չտրամադրելը դարձել է պետական մարմիններին հատուկ գործելակերպ, ինչի մասին վկայում է այս գործի դատավարական ընթացքը, որից երևում է, թե ինչպես են փորձում թաքցնել պահանջվող տեղեկատվությունը՝ խուսափելով սեփական պատասխանատվությունից, հանդես գալով իրար հակասող, ոչ կոնկրետ հայտարարություններով ու մեկնաբանություններով:                                      

 

                Նախ անդրադառնանք ԱԳՆ-ին, որը փորձում է խուսափել իր բաժին պատասխանատվությունից՝ ասելով, որ դատավորի թեկնածուների ընտրության մրցութային գործընթացքում միայն փոստատարի գործառույթ է կատարել և չի տիրապետում նշված փաստաթղթերին, իրավասու չի եղել ծանոթանալու դրանց բովանդակությանը, թեպետ ԱԳՆ-ի՝ ԻԵՄ-ին տրված պատասխանի իմաստն այն է, որ առաջին փաստաթղթին ԱԳՆ-ն տիրապետում է, և միայն երկրորդի մասով է ասվում, որ դրա տիրապետողը արդարադատության նախարարությունն է: Դատական նիստերից մեկի ընթացքում, սակայն, ԱԳՆ ներկայացուցիչն ասել է, որ տեղի է ունեցել շարահյուսական վրիպակ, և իրենք չեն տիրապետում նաև առաջին փաստաթղթին, ինչին ի պատասխան ԻԵՄ-ի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը նշել է, որ իրենց համար ակնհայտ է, որ որևէ վրիպակ չի եղել. ԱԳՆ-ն մերժել է տրամադրել առաջին փաստաթուղթը և միայն երկրորդի մասին է ասել, որ ինքը չէ տիրապետողը: Այն, որ ԱԳՆ-ն պահանջվող առաջին փաստաթղթի տիրապետող է, վկայում է հենց ԱԳՆ-ի ներկայացրած հայցադիմումի պատասխանը, որում ԵԽԽՎ ուղարկված փաստաթղթի մասին ասվում է. «Հետևաբար ԱԳՆ-ն իրավազոր չէ տնօրինելու իրեն չվերապահված տեղեկատվությունը և տրամադրել այն որևէ երրորդ կողմի՝ առանց այդ տեղեկատվության իրական տիրապետողի և տնօրինողի համաձայնության»: Հիշեցնենք, որ ի պատասխան iravaban.net-ի հարցին, թե արդյոք ԵԽԽՎ-ն մերժել է Հայաստանի դատավորների ուղարկված ցուցակը, ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանն ասել էր. «Արտաքին գործերի նախարարությունը ստացել է Հայաստանի կողմից հայցված Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի խորհրդատվական խմբի 2014թ. դեկտեմբերի 22-ի կարծիքը, ըստ որի՝ ՄԻԵԴ-ում դատավորի թափուր տեղի համար Հայաստանի կողմից ներկայացված թեկնածուներից մեկը ոչ ամբողջովին է համապատասխանում «ճանաչված իրազեկ իրավագետ» լինելու չափանիշին։ Նկատի ունենալով վերոհիշյալը՝ որոշվել է Հայաստանի կողմից ներպետական մրցույթում հաղթող ճանաչվածների ցուցակը ԵԽԽՎ չուղարկել, ուստի այն ԵԽԽՎ կողմից չէր կարող մերժվել»։ Նման հայտարարությունից պարզ է դառնում, որ ԱԳՆ-ն ոչ միայն տեղյակ է եղել խորհրդատվական կարծիքի բովանդակությունը, այլև փաստորեն մասամբ նաև հրապարակել է այն, իսկ իրավաբանական լեզվով ասած՝ ոչ միայն տիրապետել, այլև տնօրինել է այդ ինֆորմացիան, այնինչ ԱԳՆ ներկայացուցիչը դատարանում փորձում էր ցույց տալ, որ ԱԳՆ-ն տեղյակ չէ փաստաթղթերի բովանդակությունից, անգամ չգիտի՝ փաթեթը բա՞ց ծրարով են ստացել, թե՞ փակ:                      

                                                                                                 

                 Ինչ վերաբերում է արդարադատության նախարարությանը, ապա այն տեղեկատվությանը չտնօրինելը փորձում է պատճառաբանել նրանով, որ մրցույթի ընթացքում հանձնաժողովի աշխատանքի կազմակերպման գործառույթ է ունեցել ընդամենը: Վերջինիս կարծիքով՝ հայցը պիտի մերժվի, քանի որ իրենք չեն տիրապետում ինֆորմացիային և չեն կարող տրամադրել այն, իսկ այն հարցին, թե ինչու են այդ դեպքում մերժել տրամադրել մի բան, որին չեն տիրապետում, արդարադատության նախարարության ներկայացուցիչ Դանիել Մխեյանը նիստերից մեկի ժամանակ ասաց, որ ընդամենը ցանկացել են իրենց դիրքորոշումը հայտնել հարցի բովանդակային կողմի մասին: ԻԵՄ-ի ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Եգորյանի հարցին, թե արդյո՞ք իրենց դիմելու պահին տիրապետել են փաստաթղթերին, արդարադատության նախարարության ներկայացուցիչն ասաց, որ հստակ չի կարող պատասխանել, ժամանակագրությունը չի հիշում. միգուցե և տնօրինել են:      

                                                                                                                    

                Առհասարակ երկու նախարարությունների ներկայացուցիչներն էլ աչքի էին ընկնում ոչ կոնկրետ պատասխաններով: ԱԳՆ ներկայացուցիչը, որն առաջին նախնական դատական նիստին ասել էր, որ հարցում են ստացել ԵԽԽՎ-ից, երկրորդ նիստի ընթացքում կոնկրետ պատասխան չտվեց՝ մի դեպքում ասելով, որ հարցում ստացել են՝ փոխանցել են արդարադատության նախարարությանը, մեկ այլ դեպքում՝ եթե ստացել են, փոխանցել են, ապա՝ եթե նշված փաստաթղթերին է վերաբերում, ստացել են, իսկ հետո ասաց, որ տեղյակ չէ՝ ստացել են հարցում, թե ոչ: Նախարարությունների ներկայացուցիչների պատասխանները հիմնված էին «եթե...ապա», «իմ ունեցած տեղեկատվության համաձայն» արտահայտությունների վրա, որոնց միջոցով խուսափում էին կոնկրետ պատասխան տալուց՝ «մոռանալով» այն հանգամանքը, որ իրենք դատարանում ներկայացում են համապատասխան նախարարությունները և դրանց դիրքորոշումը, ոչ թե իրենց անձնական մոտեցումը:   Նոյեմբերի 5-ի դատական նիստին պատասխանողները պետք է պատասխանեին այն հարցին, թե երբ են տիրապետել նշված փաստաթղթերին և արդյո՞ք հայցվորի դիմելու պահին տնօրինել են դրանք: Թե՛ ԱԳՆ-ի, թե՛ ԱՆ-ի ներկայացուցիչները, սակայն, չէին ներկայացել դատարան: Փոխարենը ԱԳՆ-ի ներկայացուցիչ Վահագն Փիլիպոսյանը դատարան էր մուտքագրել գրություն, որում, ըստ ԻԵՄ-ի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանի, կոնկրետ պատասխաններ չէր տվել նշված հարցերին:                                                                                                                           

                Դատարանը որոշեց հարցում ուղարկել ԱԳՆ ու ԱՆ՝ պարզելու, թե արդյոք խորհրդատվական խմբի կողմից 2014թ. նոյեմբերին պահանջվել են լրացուցիչ տեղեկություններ և արդյոք վերջինիս հարցմանն ի պատասխան տրամադրվել են ներպետական մրցույթում հաղթող ճանաչված թեկնածուների վերաբերյալ նրանց կենսագրությունները և թեկնածուների ընտրության ընթացակարգի նկարագրությունը, և երբ է նշված տեղեկատվությունն ուղարկվել, ինչպես նաև հայտնել, թե երբ է նշված հարցումը մուտքագրվել այս նախարարություններ և ելքագրվել դրանցից:                                                                                                                      

                Տիգրան Եգորյանը միջնորդություն ներկայացրեց դատարանին՝ հարցում ուղարկել ՀՀ արդարադատության նախարարության էլեկտրոնային համակարգի կառավարումն իրականացնող ՀՀ կառավարությանը՝ պարզելու, թե արդյոք նրանց էլեկտրոնային գործավարությունն իրականացնող համակարգում մուտքագրվել են 2014թ. հայտարարված ՄԻԵԴ դատավորի թեկնածուների մրցույթի համար մասնակցության հայտ ներկայացրած դիմումները, դրանց կցված փաստաթղթերը, ինչպես նաև պահպանված լինելու դեպքում տրամադրել դրանց տարբերակները: Դատարանը մերժեց այս միջնորդությունը՝ համարելով, որ գործի լուծման համար այս փաստի ապացուցումը կարևոր չէ, այնինչ ըստ Տիգրան Եգորյանի՝ դրանով պարզ կդառնար՝ արդարադատության նախարարությունը տնօրինու՞մ է նշված տեղեկատվությանը, թե ոչ: Եգորյանը առարկություն ներկայացրեց դատավորի որոշման կապակցությամբ, քանի որ համարում էր, որ այս ապացույցի ձեռքբերումը կարևոր կլինի գործի լուծման համար:          

 

                 «Արդյունավետ հանրային վերահսկողություն պետական պաշտոնատար անձանց նկատմամբ» ծրագիրն իրականացվում է  Ժողովրդավարության ազգային հիմնադրամի կողմից տրամադրված միջոցներով:                                                                                               

             

                Հաջորդ դատական նիստը նշանակվեց նոյեմբերի 30-ին՝ ժամը 14:30:                                  

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  Ռիմա Գրիգորյան                

 

 

-->