Կատեգորիաներ

Եղիա Ներսեսյան

Դատավորի որոշումը սահմանափակում է պատասխանողի դատական պաշտպանության իրավունքը

20.10.2015թ.

              Սույն թ. հոկտեմբերի 19-ին ՀՀ Վարչական դատարանում տեղի ունեցավ ՀՀ ոստիկանությունն ընդդեմ Եղիա Ներսեսյանի գործով հերթական դատական նիստը: ՀՀ ոստիկանությունը դիմել էր Վարչական դատարան՝ Եղիա Ներսեսյանին վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջով: Հայցը վերաբերում է Կոմիտաս 5-ի շենքի շինարարության դեմ 2013 թ. օգոստոսի 24-ին տեղի ունեցած բողոքի ակցիային, որի ընթացքում, ըստ ոստիկանության վարկածի, Եղիա Ներսեսյանը փակել է փողոցը, խոչընդոտել երթեկությունը և, չենթարկվելով երթևեկելի գոտուց դուրս գալու ոստիկանության պահանջին, բերման ենթարկվել ոստիկանություն: Հիշեցնենք, որ Եղիա Ներսեսյանը դիմել էր նաև ՀՔԾ՝ իրեն բերման ենթարկելու ընթացքում հասցված մարմնական վնասվածքների կապակցությամբ (վնասվել էր նրա ծնկի մենիսկը), սակայն քրեական գործի հարուցումը մերժվել էր, և այժմ գործը գտնվում է ՄԻԵԴ-ում:

 

              Վարչական դատարանի նորանշանակ դատավոր Միքայել Մելքումյանը, որը վարչական դատարանի դատավոր Աղասի Դարբինյանի նախկին օգնականն է, գործը վարույթ ընդունելու որոշմամբ նշանակել էր դատաքննություն՝ առանց նախնական դատական նիստ նշանակելու, թեպետ նույնական փաստական հանգամանքներով և նախապատրաստության նույն մակարդակում գտնվող այլ գործով այլ որոշում էր կայացրել: Հոկտեմբերի 14-ի դատական նիստում պատասխանող կողմը ներկայացրեց հակընդդեմ հայցադիմում, ինչը, սակայն, դատավորը մերժեց: Այնուհետև պատասխանող կողմը դատավորի՝ հակընդդեմ հայցադիմումը մերժելու մասին որոշումը բողոքարկելու նպատակով դատական նիստը հետաձգելու միջնորդություն ներկայացրեց, սակայն դատավորը մերժեց այն ևս և շարունակեց նիստը՝ այդպիսով զրկելով պատասխանողին բողոքարկելու հնարավորությունից և ոտնահարելով Ե.Ներսեսյանի դատական պաշտպանության իրավունքը: Դրանից հետո դատարանն անցավ ամփոփիչ ճառերի փուլ. Պատասխանող կողմը նիստը հետաձգելու միջնորդություն ներկայացրեց՝ գրավոր ամփոփիչ ճառով հանդես գալու համար: Դատարանը բավարարեց պատասխանող կողմի այս միջնորդությունը:

 

              Անդրադառնալով հակընդդեմ հայցադիմումը մերժելուն՝ պատասխանող կողմի ներկայացուցիչ Սերգեյ Գրիգորյանն ասաց, որ հակընդդեմ հայցադիմումը ինքնանպատակ չէ, այլ ուղղված է գործի առավել արդյունավետ և ճիշտ լուծմանը, ինչը բխում է արդարադատության արդյունավետության շահից: Պետք է նշել, սակայն, որ այս գործով հակընդդեմ հայցադիմումը մերժվել է նաև այն ժամանակ, երբ գործը այլ դատավորների վարույթում էր: Մասնավորապես՝ դատավոր Քրիստինե Մկոյանը (այժմ վարչական վերաքննչ դատարանի դատավոր) մերժել էր հակընդդեմ հայցը՝ պետական տուրքը չվճարելու հիմքով, իսկ դատավոր Ռուզաննա Հակոբյանը (այժմ վճռաբեկ դատարանի դատավոր) գործը վարույթ ընդունելուց հետո անմիջապես նշանակել էր դատաքննություն՝ առանց նախնական դատական նիստ նշանակելու՝ դրանով պատասխանող կողմին զրկելով հակընդդեմ հայց ներկայացնելու հնարավորությունից:

 

              Պատասխանող կողմի ներկայացուցիչ Սերգեյ Գրիգորյանը անդրադարձավ նաև դատավոր Միքայել Մելքումյանի՝ հակընդդեմ հայցի մերժման մասին որոշումը բողոքարկելու համար ժամանակ հատկացնելու և դատական նիստը հետաձգելու միջնորդությունը մերժելուն՝  ասելով. «Մենք բողոքարկելու իրավունք ունենք և պիտի սպառենք մեր վստահորդի պաշտպանության բոլոր միջոցները: Բողոքարկելու միջոցը ևս պաշտպանության միջոց է և արդար դատաքննության իրավունքի մաս, հետևաբար դատավորի՝ բողոքարկելու հնարավորությունից զրկելու գործողությունը արդար դատաքննության իրավունքի խախտում է»:

 

              Հոկտեմբերի 19-ին պատասխանող կողմը դատավորի՝ հակընդդեմ հայցը մերժելու մասին որոշման դեմ բողոք է ներկայացրել ՀՀ վերաքննիչ դատարան, և բողոքի անդորրագիրը ներկայացնելով ՀՀ վարչական դատարան՝ միջնորդել է կասեցնել գործի քննությունը՝ մինչև Վերաքննիչ դատարանի որոշում կայացնելը: Դատավոր Միքայել Մելքումյանը առանց պատասխանող կողմի միջնորդությունը քննելու  գնացել է որոշում կայացնելու: Վճիռը կհրապարակվի սույն թվականի նոյեմբերի 4-ին:

 

              Հիշեցնենք, որ դատավոր Միքայել Մելքումյանը արդեն հասցրել է աչքի ընկնել մեկ այլ չպատճառաբանված և չտրամաբանված որոշմամբ ևս՝ ՀՀ ոստիկանությունն ընդդեմ Վարդգես Գասպարիի գործով Գասպարիի նկատմամբ դատական սանկցիա կիրառելով, այն է՝ նրան դատական նիստերի դահլիճից հեռացնելով, քանի որ Վարդգես Գասպարիի արտահայտությունները դատարանի համար համարել էր վիրավորական: Գասպարիին դուրս հրավիրելուց հետո նրա ներկայացուցիչ Սերգեյ Գրիգորյանը հանդես էր եկել հայտարարությամբ՝ ասելով, որ չի կարող նիստը շարունակել առանց իր վստահորդի ներկայության, և խնդրել էր ընդմիջում՝ վստահորդի հետ իրավիճակը քննարկելու համար: Ընդմիջումից հետո Գրիգորյանը հայտարարել էր, որ չի կարող իրականացնել իր վստահորդի շահերի պաշտպանությունը առանց վերջինիս ներկայության: Հայտարարությունից հետո Գրիգորյանը դուրս էր եկել նիստերի դահլիճից, ինչը դատավորը համարել է անհարգալից վերաբերմունք դատարանի նկատմամբ և դատական սանկցիա էր կիրառել դատական նիստերի դահլիճից հեռացման ձևով՝ այն դեպքում, երբ Գրիգորյանն արդեն նիստերի դահլիճում չէր: Պետք է նշել նաև, որ  այս սանկցիան կիրառվում է իրավախախտումը վերացնելու համար, իսկ այս դեպքում իրավախախտում վերացնելու խնդիր չի եղել:

 

              Արդեն իսկ նկատելի է, թե Վարչական դատարանի նորանշանակ դատավորի նմանատիպ որոշումները ինչ ազդեցություն կունենան դատարանի հեղինակության ու կողմերի դատական պաշտպանության իրավունքների վրա:

Ռիմա Գրիգորյան

 

-->