Կատեգորիաներ

Օվսյաննիկովայի գործով առաջին նիստը

Ինչո՞ւ էր ոստիկանությանը ձեռնտու սադրել Օվսյաննիկովային

16.10.2015թ.

 

                 2015թ. էլեկտրականացած ամռանը Ելենա Օվսյաննիկովան շատերի պես չի ենթարկվել ոստիկանության կողմից ֆիզիկական բռնությունների, սակայն տուժել է ոչ պակաս, քան այդ օրը բռնության ենթարկվածները:  Օվսյանիկովան ոստիկանությունից և մի քանի պաշտոնյաներից պահանջում է իր պատիվն, արժանապատվությունն ու  գործարար համբավն արատավորող տեղեկությունների հերքում և փոխհատուցում՝ 7,000,000   դրամի չափով: Նախնական դատական նիստը նշանակված էր 16.10.2015թ., ժամը 14:30-ին՝ Երևանի Արաբկիր և  Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանում:

 

                 Օվսաննիկովան ՌԴ քաղաքացի է, ով ամուսնու՝ Հարություն Մուրադյանի հետ Երևան է տեղափոխվել մի քանի ամիս առաջ՝ այստեղ մշտական բնակություն հաստատելու մտադրությամբ: Ինչպես երևանցիներից շատերը, ամուսիններով ևս որոշել են ակտիվ մասնկացություն ունենալ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ մեկնարկած բողոքի ցույցերին: 

 

                 Ս.թ. հունիսի 24-ի երեկոյան Օվսյաննիկովան ընկերուհու հետ գտնվել է  Բաղրամյան պողոտայում:  Տեսնելով մահակներով և վահաններով ոստիկաններին՝ նա անհանգստացել է և որոշել հորդորել վերջիններիս խուսափել ժողովրդի նկատմամբ բռնություն կիրառելուն դրդող հրամաններին ենթարկվելուց: Շարժվելով ողջ շղթայի երկայնքով՝  նա կրկնել է ոստիկանությանն ուղղված իր հորդորը, որպեսզի բոլորը լսեն այն՝ ցույցը խաղաղ է,  իսկ նրանք նորից կանգնած են  վահաններով և մահակներով, նաև հիշեցնելով, որ ցույցի մասնակիցներն  իրենց հարևաններն ու բարեկամներն են: Այդ ժամանակ, անսպասելիորեն ոստիկանների մեջքի հետևից հայտնվել է Ոստիկանության պետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը, ով սկզբում պահանջել է կնոջից չխանգարել ոստիկանների աշխատանքին և հեռանալ, սակայն մերժում ստանալով, ասել է. «Ես Ձեզ կասեմ. մեզ մոտ բոլոր ոստիկանները սեռապես մտահոգված են, իսկ Դուք այստեղ նրանց առջև գնում-գալիս եք» («Я вам скажу, у нас все полицейский сексуально озабоченные, а вы тут ходите перед ними»): Ելենան պատասխանել է վերջինիս, որ այս խոսքերը վիրավորական են ոչ միայն իր, այլև այնտեղ կանգնած բոլոր ոստիկանների համար: Այնուհետև փոխոտիկանապետը նախազգուշացրել է կնոջը, որ սեփական կամքով չհեռանալու դեպքում կգտնվեն նրան այդտեղից հեռացնելու միջոցներ  (վերջինս նկատի է ունեցել ոստիկանների և բարիկադների միջակայքում ընկած տարածքը):

 

                 Հունան Պողոսյանի հեռանալուց հետո Ելենային են մոտեցել պատգամավորներ Թևան Պողոսյանը և Էդմոն Մարուքյանը՝ հեռանալու խնդրանքով: Նրա այն հարցին, թե ինչու են իրենից պահանջում հեռանալ, պատգամավորները սկզբում պատասխանել են, որ նա խանգարում է ոստիկաններին աշխատել, որից հետո սկսել են Օվսյաննիկովային մեղադրել ինչ-որ սադրանքների մեջ: Պատգամավորները հայտնել են, որ իրենք գտնվում են այդ տարածքում սադրանքները և բռնությունները բացառելու նպատակով կրկին պահանջել են հեռանալ: Այդ խոսակցության արդյունքում իրավիճակը Ելենայի շուրջն էլ ավելի է թեժացել, այդ ընթացքում ինչ-որ տեղից հայտնվել են լրագրողներ և նկարահանել ընթացող խոսակցությունը: Ընդդիմանալով հեռանալու պահանջին՝ Ելենա Օվսյաննիկովան ստիպված է եղել նստել ասֆալտին, որպեսզի իրեն ուժով չհեռացնեն ցուցարարների առաջնագծից: Եվ թեև  պատգամավորներ Մարուքյանն ու Պողոսյանը շարունակել են պնդել, որ այդ հատվածում կարող են գտնվել միայն պատգամավորները, հայտնիները և մամուլի ներկայացուցիչները, Օվսյաննիկովան նկատել է այնտեղ այլ մարդկանց, ովքեր չեն պատկանել ո՛չ առաջին, ո՛չ, երկրորդ և ո՛չ էլ երրորդ խմբերին: Այս ընթացքում Օվսյաննիկովային են անհանգստացնում ևս երկու անձ, նրանցից առաջինը ներկայացել է որպես ոստիկանության պաշտոնաթող գնդապետ, իսկ երկրորդն ընդհանապես չի ներկայացել, սակայն Օվսյաննիկովայից պահանջել է ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ: Մերժում ստանալով՝ երիտասարդը հեռացել է և կարճ ժամանակ անց վերադարձել՝ երկու հոգու ուղեկցությամբ: Նրանցից մեկը կոպիտ բռնել է Օվսյաննիկովայի ձեռքից ու քաշքշել: Կնոջ նյարդերը տեղի են տվել և նա սկսել է վիրավորանքից և վրդովմունքից լաց լինել: Օվսյաննիկովայի հուզմունքի պատճառն էր նաև այն, թե ինչու են իրեն սադրանքի մեջ մեղադրում  հենց այն մարդիկ, ում հետ ինքը կարծես թե միևնույն նպատակներն է հետապնդում: Իրական վտանգ զգալով՝ Օվսյաննիկովան, ի վերջո, տեղից բարձրանում է և հեռանում:

                 Կես ժամ անց պարզվում է, որ իր իբր ուկրանացի սադրիչ լինելու մասին լուրերը ողողել են ամբողջ մամուլը և սոցիալական ցանցերը, իսկ տեսագրությունները հեռարձակվել նաև հեռուստատեսություններով: Սակայն սա էլ բավարար չէր. ռուս աղջկանից ուկրաինացի սադրիչ սարքելու գաղափարն այնքան է դուր եկել իշխանական ուժերին, որ գործին է միացել մեկ այլ ծանր հրետանի:

 

          Ոստիկանության պետի խորհրդական Նարեկ Մալյանի գրառումները ֆեյսբուքյան տիրույթում

 

                 25.06.2015թ. ՀՀ ոստիկանապետի խորհրդական Նարեկ Մալյանն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է www.1in.am-ի հրապարակված տեսագրությունը, որտեղ կա Օվսյաննիկովայի՝ Թևան Պողոսյանի հետ ունեցած զրույցից հատված՝ ուղեկից մեկնաբանությամբ այն մասին, որ նա ուկրաինացի սադրիչ է: Մեկնաբանություններում հաջորդիվ ՀՀ ոստիկանությունում ոչ վերջին պաշտոնը զբաղեցնող անձը թույլ է տալիս, որ իր ֆեյսբուքյան ընկերները և այլ օգտատերեր օտարազգի կնոջ հասցեին, ի թիվս այլ մտքերի, հնչեցնեն նաև սպառնալիքներ, վիրավորանքներ և այլ անպատիվ արտահայտություններ, և ինքն էլ անմասն չի մնացել՝ որոշ որակումներ տալու հարցում:

 

                 Նարեկ Մալյանի էջից այս տեսագրությունը սրընթաց կերպով տարածվել է համացանցում՝ մեկնաբանությունների հետ մեկտեղ այն մասին, որ Ելենա Օվսյաննիկովան ուկրաինացի սադրիչ է: Իսկ պատգամավոր Էդմոն Մարուքյանը, բացի պարծենալուց, որ ինքը սադրանք է կանխել, իր մեկնաբանություններում էլ ավելի հեռուն է գնացել՝ պնդելով, որ Ելենան եղել է ալկոհոլի ազդեցության տակ:

 

Նոր հանդիպում պատգամավորի հետ

 

                 Հաջորդ օրը Օվսյաննիկովան նկատել է, որ հետաքրքրությունն իր անձի հանդեպ էլ ավելի է մեծանում. ծանոթները ծիծաղով էին դիմավորում իրեն, իսկ անծանոթները չէին զլանում մոտենալ ու նշել, որ ճանաչում են: Էդմոն Մարուքյանը, ում հետ Օվսյաննիկովանհանդիպման ընթացքում հարց է ուղղել, թե ինչու է անհիմն մեղադրում իրեն, հրաժարվել է տեսախցիկի առջև խոսելուց, իսկ առանց տեսախցիկի նորից սկսել է խոսքի միջոցով հարձակումներ գործել և ասել, որ նա իրավունք չունի գտնվելու բողոքի ցույցի վայրում և  որ  իբրև թե այդ իրավունքն ամրագրված է ՀՀ օրենսդրությամբ, և որ նա իրավունք չունի խոսելու ոստիկանության հետ: Մարուքյանը ներկայացել է որպես մարդու իրավունքների մասնագետ, սակայն ի պատասխան Օվսյաննիկովայի պահանջին` նշել օրենքի համապատասխան դրույթները, նա ձեռքը թափ է տվել և  հեռացել:   

 

                 27.06.2015թ. Օվսյաննիկովան  ուղիղ եթերով հարցազրույց է տվել www.civilnet.am հեռուստաալիքին, որի ժամանակ հերքել է իր անձի վերաբերյալ շրջանառվող զրպարտող և արատավորող տեղեկությունները:

 

    Նարեկ Մալյանի երկրորդ գրառումը

 

            Հենց հաջորդ օրը, 28.06.2015թ. ՀՀ ոստիկանապետի խորհրդական Նարեկ Մալյանը հրապարակել է նոր զրպարտություն Օվսյաննիկովայի վերաբերյալ՝ նրան արդեն կոչելով պրոֆեսիոնալ խառնակիչ, միջազգային գործակալ, ով ներգրավված է եղել Սիրիայում, Ուկրաինայում, Վրաստանում տեղի ունեցած անկարգություններին և ցույցներին և վերապատրաստվել է Թուրքիայում: Դրա հետ մեկտեղ նա հայցվորի ֆեյսբուքյան էջից տարածել է լուսանկարներ, նշել նրա անուն-ազգանունը՝ նրան մեղադրելով Ռուսաստանի նկատմամբ ունեցած ատելության մեջ: Բացի դրանից, վերջինս պնդել է, որ Բաղրամյան պողոտայում կանգնած ոստիկաններին կինը սեքս է առաջարկել: Մի քանի լրատվամիջոցներ անմիջապես վերահրապարակել են այդ տեղեկությունները.

 

http://lurer.com/?p=191053&l=am

http://blog.1in.am/blog/147606.html?fb_action_ids=1093830917311805&fb_action_types=og.comments;

http://a1.am/hy/news-30062015-1945-0; http://blog.times.am/?p=131684&l=am

 

                 Այս հղումները սրընթաց արգությամբ տարածվել են  սոցիալական ցանցերով:  Ելենան սկսել է ֆեյսբուքով ստանալ տասնյակ հարցումներ և դրանից մի փոքր պակաս՝ հաղորդագրություններ, որտեղ անգամ իրեն սաունա են հրավիրել, պահանջել են հեռանալ երկրից և այլն: Փողոցով անցնելիս որոշ մարդիկ առանց կաշկանդվելու նրա հետևից գոռացել են՝ սադրի՛չ:  

 

                 Հայցապահանջը

 

                 Ելենա Օվսյաննիկովայի ներկայացուցիչներ Լուսինե Հակոբյանը և Տիգրան Եգորյանը գտնում են, որ ՀՀ ոստիկանության երկու բարձրաստիճան պաշտոնյաները և պատգամավոր Է. Մարուքյանը ամենևին էլ պատահական չէ, որ փորձել են խաղարկել սլավոնական արտաքինով կնոջ ներկայությունը ցույցի վայրում, այլ օգտագործել են այն արևմուտքի կողմից Ուկրաինայում օգտագործված «մայդանային» սցենարի կրկնության վտանգի մասին հանրությանը «նախազգուշացնելու» համար՝ այդպիսով փորձելով նվազեցնել օր օրի ավելացող  ցուցարարների թիվը, ինչպես նաև վարկաբեկել բողոքի ցույցի ակտիվ մասնակիցներին: Իրենց  կլանային «ազնիվ» նպատակին հասնելու համար հասարակության մեջ որոշակի հեղինակություն ունեցող անձինք, բարձրաստիճան պաշտոնյաներ որոշել են զոհել օտարազգի կնոջը՝ ցեխ շպրտելով նրա վրա այն բանի համար, որ վերջինս համաձարկվել է դուրս գալ անարդարության դեմ, որտեղ էլ որ այն լինի: Այս ստոր  ու պարսավելի քայլով այդ անձինք ոչ միայն մոլորության մեջ են գցում հանրությանը, այլև արատավորում են մի ազնիվ կնոջ պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավը՝ նրան ներկայացնելով որպես ուկրաինացի հարբած սադրիչ, որը սեռական հարաբերություն է առաջարկում ոստիկաններին, այնուհետև զարգացնելով այդ սուտը ընդհուպ մինչև կնոջը որպես Թուրքիայում վերապատրաստված միջազգային գործակալ ներկայացնելը: 

 

                 Հղում կատարելով ՀՀ օրենսդրությամբ և միջազգային իրավունքով ամրագրված   դրույթներին՝ Օվսյաննիկովայի ներկայացուցիչները պահանջում են դատարանից ՀՀ ոստիկանությանը, Հունան Պողոսյանին, Նարեկ Մալյանին, և Էդմոն Մարուքյանին  պարտավորեցնել հրապարակայնորեն հերքել իրենց տարածած և իրականությանը չհամապատասխանող, Ելենա Օվսյաննիկովայի պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավն արատավորող տեղեկությունները և առաջին երեքին պարտավորեցնել վեճի առարկա արտահայտությունների հրապարակմամբ պատճառված բարոյական վնասի համար  համապարտության կարգով վճարել 6.000.000 ՀՀ դրամ, յուրաքանչյուրը` երկուական միլիոն ՀՀ դրամ հաշվարկով, իսկ պատասխանող Էդմոն Մարուքյանին՝ 1.000.000 ՀՀ դրամ:

 

                 Հայցվորի պահանջի իրավական հիմքերն առավել մանրամասն կներկայացվեն հաջորդիվ:

 

 

-->