Կատեգորիաներ

Ա. Շահնազարյան. Օլանդի այց

Ճեղքել էր արդյո՞ք Աննա Շահնազարյանը ոստիկանության շղթան. ոստիկանության պահանջը  դատարանի կողմից անհիմն է ճանաչվել

14.10.015թ.

 

                        

Լուսանկարը՝ Երկիր մեդիայի: 

             ՀՀ ոստիկանությունն ընդդեմ Աննա Շահնազարյանի գործով 2015թ. հունիսի 5-ին ՀՀ վարչական դատարանի կողմից արձակված վճիռը հավաքների ազատության իրավունքի պաշտպանության ոլորտում կարևոր առաջընթաց քայլ էր:

 

           Այս վճռով դատարանը մերժել է Ոստիկանության հայցն ընդդեմ քաղաքացու, որով վերջինս պահանջում էր վարչական պատասխանատվության ենթարկել 13.05.2014թ. Մաշտոցի պուրակի անվանափոխության դեմ բողոքի ցույցի մասնակցին՝ միևնույն ժամանակ բավարարելով Ոստիկանության գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու պահանջով` վերջինիս կողմից բերված հակընդդեմ հայցը: Վճռի պատճառաբանական հատվածում դատարանն ընդգծել է ժողովրդավարության կայացման ճանապարհին հավաքների ազատության առանցքային նշանակությունը:

 

           13.05.2014թ., Ֆրանսիայի նախագահ Ֆ.Օլանդի և ՀՀ նախագահ Ս. Սարգսյանի մասնակցությամբ Մաշտոցի պուրակում տեղի ունենալիք միջոցառման ժամանակ Աննա Շահնազարյանը, մի խումբ ակտիվ քաղաքացիների հետ միասին, բողոքի ակցիա էր իրականացրել՝ պահանջելով չվերանվանել պուրակը: Աննան կանգնել է ցուցարարների առաջին շարքերում: Հավաքը բացառապես խաղաղ բնույթ է կրել:

 

           Միջոցառման ժամանակ ոստիկանները շղթա են կազմել, որի նպատակն էր միջոցառմանը մասնակցող նախագահների անվտանգության ապահովումը: Սակայն տարածված տեսանյութերից հստակ երևում է, որ քաղաքացիներ կային շղթայի թե՛ այս և թե՛ այն կողմում: Ակնհայտորեն ցուցարարներին վախեցնելու նպատակով ոստիկանության ծառայողները Երևանի փոխոստիկանապետ Վ. Օսիպյանի ցուցումով մի խումբ ակտիվիստների, այդ թվում` Աննա Շահնազարյանին, բռնի ուժով հեռացրել են տարածքից և, բերման ենթարկելով Ոստիկանության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանի բաժանմունք, առանց որևէ իրավական հիմքի ավելի քան երեք ժամ սահմանափակել են քաղաքացու ազատությունը: Ոստիկանության կողմից կազմված արձանագրության մեջ որպես անձին բերման ենթարկելու հիմք նշված է ՀՀ վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի 182-րդ հոդվածը՝ ոստիկաններից կազմված շղթան չճեղքելու վերաբերյալ օրինական պահանջին չենթարկվելը: 

 

           Սակայն դատաքննության ժամանակ հետազոտված ապացույցներով չի հիմնավորվել, որ Շահնազարյանն իր գործողություններով թույլ է տվել հասարակական կարգի խախտում, այդ թվում նաև՝ չի կատարել ոստիկանության օրինական պահանջը:

 

           Դատարանը արժանահավատ չի համարել  որպես վկա հանդես եկող, Աննա Շահնազարյանին բերման ենթարկած ոստիկաններից մեկի՝ Արմինե Ղաջոյանի կողմից տրված ցուցմունքն առ այն, որ Շահնազարյանը մասնակցել է ոստիկանության շղթան ճեղքելու գործողություններին` այդպիսով չենթարկվելով ոստիկանության կողմից բերված «օրինական պահանջին», քանի որ դատարանում ներկայացված տեսանյութից պարզ երևացել է, որ այս պնդումը իրականությանը չի համապատասխանում ինչի ա դեղնացված?:  Ավելին, տեսանյութից պարզ երևում է, որ աղջիկը ոստիկանին խոստանում է պաստառը ձեռքին բռնած հանգիստ կանգնել առջևում: Ցուցմունք տված մյուս ոստիկանը մինչդեռ չի տեսել, թե ինչ գործողությունների արդյունքում են Շահնազարյանին բերման ենթարկում:

 

           Դատարանը, մեջբերելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 216-րդ հոդվածը, ընդգծում է, որ «վարչական իրավախախտման մասին արձանագրություն կազմելու համար հիմք ծառայած հանգամանքների ապացուցման բեռը չի կարող դրվել այն անձի վրա, որի գործողությունների վերաբերյալ կազմվել է համապատասխան արձանագրությունը. արձանագրությունն ինքնին ապացույց չէ»:

 

           ՀՀ գործող օրենսդրության լույսի ներքո քննելով գործի փաստական հանգամանքները՝ դատարանը հանգել է հետևյալ կարևոր եզրահանգումներին.

 

           «... ոչ ոք չի կարող ենթարկվել կամայական ձերբակալման, կալանքի կամ արտաքսման, ազատության այլ սահմանափակման»:

 

           «Պետությունը պարտավոր է ոչ միայն հարգել անձնական ազատության իրավունքը, ձեռնպահ մնալ այն որևէ կերպ խախտելուց, այլև պարտավոր է պաշտպանել այն և ապահովել դրա անձեռնմխելիությունը»:

 

           Դատարանը նշում է նաև, որ թեև անձի ազատությունը բարձարցակ չէ, այն կարող է սահմանափակվել բացառապես օրենսդրությամբ սահմանված հիմքերով և կարգով՝ օրենքով ամրագրված ընթացակարգերի խիստ պահպանմամբ (ՀՀ սահմանադրության 16-րդ հոդված). այդպիսի սահմանափակումների շրջանակը չի կարող ընդլայնվել ենթաօրենսդրական ակտերով:

 

           Զավեշտալի է այն, որ չունենալով անվիճելի ապացույցներ` ոստիկանությունը դատարանին հուշում է, որ պատասխանողի կողմից հայցադիմումին երկշաբաթյա ժամկետում պատասխան չներկայացնելը անհրաժեշտ է գնահատել որպես պատասխանողի կողմից հայցվորի վկայակոչած փաստերի ընդունում: Անշուշտ, սա ոստիկանության իրավախորհրդատուների վարչական դատավարության օրենսդրության իմացության խնդիր է, որին սակայն, ի տարբերություն  դատական մյուս կազմերի, այս դատական կազմը, թեև ոչ իրավական կարգավորման լիարժեք կիրառմամբ, սակայն հարցին ճիշտ լուծում է տալիս:

 

           Բացի ոստիկանության կողմից նշված ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 86-րդ հոդվածի առաջին մասով ամրագրված դրույթից, դատարանն անդրադարձել է նաև ՎԻՎ օրենսգրքի 30-րդ հոդվածի 4-րդ մասին, որի համաձայն` ապացուցման կարիք չունեն այն փաստերը, որոնք պատասխանող կողմը չի վիճարկում, բացառությամբ այն դեպքերի, երբ դատարանը համարում է, որ դրանց ապացուցումն անհրաժեշտ է: Սա նշանակում է, որ թեև օրենսդրությամբ այդպիսի դրույթ կա սահմանված, դատարանն է որոշում, թե արդյոք դատաքննության ընթացքում հայցի պատասխան որևէ կերպ ներկայացվել է, թե ոչ, ինչը կատարվում է գործով առկա բոլոր ապացույցների գնահատման և օրենսդրական պահանջների համադրության արդյունքում: Դատարանը նշել է, որ «տվյալ դեպքում այդպիսի գնահատման հիմքերը բացակայում են, քանի որ Աննա Շահնազարյանը և նրա ներկայացուցիչները գործի քննության ընթացքում առարկել են հայցի դեմ, ավելին՝ ներկայացվել է հակընդդեմ հայցադիմում»:

 

           Ըստ գործող օրենսդրության, անկախ այն հանգամանքից պատասխանողն առարկում է թե ոչ, դատարանը այս հատուկ վարույթի գործերով քննության ընթացքում պետք է պարզի վարչական վարույթի օրինականությունը: Գործադիր մարմնի գործողությունների նկատմամբ դատական իշխանության կողմից օրինականության ստուգման, դրանով իսկ իշխանության թևերի հավասարակշռման տրամաբանությունն է ընկած վարչական պատասխանատվության ենթարկելու դատական ընթացակարգ նախատեսող օրենքի հիմքում:

 

           Այս գործողությունն  իրականացվում է «Իրավունքի Եվրոպա միավում» իրավապաշտպան հասարակական կազմակերպության   «Ինքնաբավ քաղաքացիական ակտիվիզմ Ա-ից Ֆ» ծրագրի շրջանակներում՝ Ժողովրդավարության եվրոպական հիմնադրամի կողմից տրամադրված միջոցներով:   

-->