Կատեգորիաներ

Սանկցիա

Իրավաբանի նկատմամբ  դահլիճից հեռացնելու վերաբերյալ սանկցիա կիրառվեց նրա` արդեն դրսում լինելուց հետո

 

08.10.2015թ.

         

Իրավաբաններ Տիգրան Եգորյանը և Սերգեյ Գրիգորյանը խորհրակցում են վստահորդ Վարտգեզ Գասպարիի հետ՝ 2015թ. հուլիսի 21-ի դատական նիստի ժամանակ: Լուսանկարը՝ Առավոտ օրաթերթի:

         Հոկտեմբերի 7-ին ՀՀ վարչական դատարանը Վարտգեզ Գասպարիի  դեմ ՀՀ ոստիկանության կողմից բերված հայցի քննության ժամանակ պատասխանողի նկատմամբ կիրառեց միանգամից երկու սանկցիա, առաջինն այն բանի համար, որ Գասպարին իր հայտարարության մեջ նշել է ՄԻԵԴ-ի կողմից Հայատաստանի դեմ մեծ քանակությամբ բողոքներ բավարարելու հանգամանքը որպես՝ դատարանի համար անպատվաբեր փաստ:

 

   - Ձեզ պատիվ չի բերում այն հանգամանքը,  - ասել է Գասպարին դատարանին՝ ի նկատի ունենալով դատական համակարգի անհուսալի վիճակը, - որ ՄԻԵԴ-ում վիճարկված ՀՀ դատարանների 52 վճիռներից 47-ը անվավեր են ճանաչվել:    

          

          Իր հայտարարության մեջ  Գասպարին, մասնավորապես, նշել է այն մասին, որ իր գործը քննող նախորդ դատավորը հեռացվել է աշխատանքից այն բանի համար, որ արդեն երկու գործով կայացրել է որոշումներ ակտիվիստների օգտին: Նրա լիազորությունները դադարեցվել են այն փուլում, երբ Գասպարիի գործով ներկայացվել էին ապացույցներ առ այն, որ ոստիկանության կողմից ակտվիստին ներկայացված պահանջը օրինական չի եղել, և հենց այն պահին, երբ որոշում է կայացրել ներկայացված ապացույցները հետազոտելու մասին: 

 

          - Իսկ այն հանգամանքը, որ այս գործն այս վիճակում ստանձնել եք դո՛ւք առանձնակի պատիվ չի բերում, - նիստի ժամանակ ասել է Գասպարին դատավորին, սակայն դատավորն շտապել է նախազգուշացնել վերջինիս՝  «դատարանի պատվի վերաբերյալ նշում կատարելու համար», և հավելել, որ պատրաստ է  ավելի խիստ սանկցիա կիրառել, ինչին ի պատասխան Գասպարին հնչեցրել է վերոհիշյալ արտահայությունը: Դատավորն անհապաղ հայտարարել է ակտիվիստի նկատմամբ դատարանի դահլիճից 24 ժամով հեռացնելու միջոցով սանկցիա կիրառելու իր որոշման մասին. ինչպես հետո վերջինս պարզաբանել է իրավաբանին՝ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար:

 

         Դուրս գալով դատարանի դահլիճից՝ Գասպարին, ի նշան բողոքի, պառկել է դահլիճի մուտքի դիմաց:  

 

         Իրավաբան Սերգեյ Գրիգորյանն առարկել է դատարանի գործողությունների դեմ՝ նշելով, որ դրանք պատշաճ պատճառաբանված չէին և միջնորդել հետաձգել այն՝ իր վստահորդին հնարավորություն ընձեռելով ներկա գտնվել հաջորդ նիստին.

 

          - Իմ վստահորդի կողմից արված արտահայտության մեջ չկար դատարանի հանդեպ անհարգալից վերաբերմունք. վստահորդս պարզապես իր կարծիքն է արտահայտել, - ասել է Գրիգորյանը:

Սակայն դատավորը մերժել է իրավաբանի կողմից բերված նիստը հետաձգելու միջնորդությունը, որից հետո իրավաբանը դատարանից ընդմիջում է խնդրել՝ վստահորդի հետ խորհրդակցելու համար: Խորհրդակցելուց հետո Գրիգորյանը հայտարարել է, որ առանց վերջինիս ներկայության չի կարող իրականացնել նրա շահերի  պաշտպանությունը:  Գրիգորյանը լքել է դատական նիստերի դահլիճը, իսկ քիչ ավելի ուշ վերադարձել՝ ձայնագրիչը վերցնելու:

 

          Ձայնագրության վերջին հատվածը ստուգելով՝ իրավաբանը զարմանքով հայտնաբերել է, որ դատավորը որոշել է իր նկատմամբ նույնպես սանկցիա կիրառել՝ դուրս հրավիրելով դատարանի դահլիճից այն ժամանակ, երբ վերջինս արդեն այնտեղ չէր: 

 

          Կարևոր է նշել նաև, որ իր դեմ ավելի քան տասը վարչական հայցերով դատական նիստերը Գասպարին օգտագործում է որպես առիթ ևս մեկ անգամ իշխանություններին լսելի դարձնելու, իսկ հանրությանը հիշեցնելու այն խնդիրների մասին, որոնց կապակցությամբ վերջինս մասնակցել է տարբեր բողոքի ակցիաների (Նույն գործի քննության նախորդ նիստերից մեկի կադրերը կարելի է տեսնել Առավոտ օրաթերթի կայքում).

 

           - Դուք ի՛մ գրպանից եք վճարում Եվրոպական դատարանին, - շարունակում էր վանկարկել դահլիճի մուտքի դիմաց պառկած Գասպարին, - դո՛ւք ձեր անպատվաբե՛ր աշխատանքի, անբարեխի՛ղճ աշխատանքի համար ի՛մ գրպանից եք վճարվում, ե՛ս եմ վճարում ձեր աշխատավարձը, դուք քրեական աշխարհի ներկայացուցիչներին չե՛ք համարձակվում որևէ բան ասել: Հարսնաքարի գործով, երբ կողմը սեռական հայհոյանք էր տալիս  դո՛ւք չհամարձակվեցիք ծպտուն հանել, երբ Նորայր Հայրապետյանը քացով խփեց, կահավորանքը ջարդեց, չհամարձակվեցի՛ք ձեն հանել. ամո՛թ ձեզ: Դո՛ւք՝ դատավորներդ, քրեակա՛ն աշխարհից եք, հանցագործնե՛ր եք, սրիկանե՛ր, դո՛ւք՝ դատավորնե՛րդ, քրեակա՛ն աշխարհի ներկայացուցիչներ եք:  Բոլոր հանցագործությունները կատարվում են ձեր՝ դատավորների անունով, ազգանունով ուրացությամբ, անպատի՛վ դատավորներ, դուք հանցագո՛րծ սրիկաներն եք:

 

          Հոկտեմբերի 7-ի երեկոյան Վարտգեզ Գասպարին իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն էր թողել. «Այսօր վարչական դատարանը իմ նկատմամբ սանկցիա կիրառեց ընդամենը հետևյալ արտահայտության համար: Ձեզ պատիվ չի բերում այն հանգամանքը,  որ ՄԻԵԴ-ում վիճարկված ՀՀ դատարանների 52 վճիռներից 47-ը անվավեր են ճանաչվել: Այս արտահայտության համար ինձ 24 ժամով հեռացրեց նիստերի դահլիճից դատավոր Միքայել Մելքոնյանը (ձախ կողմ) , ով փոխարինելու էր եկել դատավոր Ռոբերտ Սարգսյանին (աջ կողմ): Վերջինս աշխատանքից ազատվեց այն բանից հետ, երբ հանդգնեց չբավարարել ոստիկանության 2 հայցեր»:

Սանկցիա կիրառած դատավոր Մ. Մելքոնյանը: Լուսանկարը՝ court.am-ի:  Գասպարիի գործը քննող նախկին դատավոր Ռ. Սարգսյանը: Լուսանկարը՝ iravaban.net-ի: 

 

          Հիշեցնենք, որ վարչական դատարանի դատավոր Մելքոնյանն այսօր լսում էր 2014թ. հունվարի 28-ին «Բանակն իրականում» նախաձեռնության կողմից կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ բերման ենթարկված երեք ակտիվ քաղաքացիներից մեկի՝ Վարտգեզ Գասպարիի գործը: Այս գործերից մեկ ուրիշն արդեն  դատարանի կողմից լուծվել է հօգուտ նույն ցույցի մասնակից Արա Նեդոլյանի, որի մասին ավելի վաղ գրել էինք:  Հետաքրքիր է, որ ոստիկանության ներկացուցիչները խաղաղ հավաքի մասնակիցներին բերման ենթարկելու հիմք էին դիտարկել Գասպարիի ներկայության «վտանգավորությունը». այս փաստը որպես հիմնավորում իր ծանրակշիռ տեղն է գտել նաև ոստիկանության կողմից ներկայացված երեք վարչական հայցադիմումներում՝ . Նեդոլյանի գործով դատարանն անդրադարձել է դրան՝ այն անհիմն ճանաչելով:

 

Վարտգեզ Գասպարիի մասին ավելին կարող եք կարդալ այստեղ:

 

-->