Կատեգորիաներ

Լ. Բարսեղյանի գործը

ՀՀ վարչական դատարանը ճանաչել է «առավել ագրեսիվ երիտասարդի» հավաքների ազատության իրավունքի խախտումը

 02.10.2015թ.

 

             2015թ. հուլիսի 30-ին կայացրած վճռով ՀՀ վարչական դատարանը   մերժեց ՀՀ ոստիկանության՝ Լևոն Բարսեղյանին վարչական պատասխանատվության ենթարկելու մասին հայցը՝ հաստատելով քաղաքացու խաղաղ հավաքների և ցույցների մասնակցելու իրավունքը:  Այս գործով Լ. Բարսեղյանի ներկայացուցիչն էր իրավաբան Արտակ Զեյնալյանը:  

 

             «Ավելի ագրեսիվ երիտասարդը» չի կատարել ոստիկանի օրինական (թեև անորոշ մնացած) պահանջը, ուստի, ՀՀ ոստիկանությունը դատարանից պահանջում է վերջինիս ենթարկել վարչական պատասխանատվության. մոտավորապես այսպիսի բառերով կարելի է բնորոշել 2013թ. դեկտեմբերի 2-ին Պուտինի` Երևան կատարած  այցի կապակցությամբ բողոքի ցույցին մասնակցած Լևոն Բարսեղյանի դեմ ՀՀ ոստիկանության կողմից  վարչական դատարան ներկայացված հայցապահանջը: Ինչպես փաստել է դատարանը, ոստիկանության պահանջը քաղաքացուն այդպես էլ չի բացահայտվել, քանի որ ոստիկանության արձանագրության մեջ նշված չէ ո՛չ անձի  գործողությունները և ո՛չ դրանք դադարեցնելու մասին կոնկրետ պահանջը, ինչը նշանակում է, որ «խնդրո առարկա արձանագրության բովանդակությունից բացակայում են իրավախախտման էության որոշիչ բաղադրատարրերը»: Ուստի, այն կազմվել է օրենքի խախտմամբ: 

 

             2013թ. դեկտեմբերի 2-ին Լևոն Բարսեղյանը մասնակցել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ.Պուտինի` Հայաստանի Հանրապետություն կատարած այցի կապակցությամբ կազմակերպված «Դեմ ենք Մաքսային միությանը միանալուն»  բողոքի ակցիային: Ցուցարարները երթով շարժվել են դեպի Ամիրյան փողոց՝ տևական ժամանակ արգելափակելով փողոցի երթևեկությունը:

 

             Ոստիկանության կողմից ներկայացված հայցադիմումում նշված է, որ սկզբում ծառայություն իրականացնող ոստիկանները ցուցարարներին մի քանի անգամ «պարզաբանել, զգուշացրել են», որ «իրենք նման կերպ բողոքի ակցիան և երթն իրականացնելով, խախտում են հասարակական կարգը, խախտում և խանգարում են ճանապարհային երթևեկությանը, իրենց գործողություններով ստեղծում են վթարային իրավիճակ»: Ոստիկանները համարել են, որ փողոցն ազատելու` իրենց պահանջը լիովին արդարացված և օրինական է, իսկ ցուցարարների գործողություններն, ընդհակառակը, ոչ օրինական, և քանի որ հավաքի մասնակիցները շարունակել են «ավելի ագրեսիվ ձևով դրսևորել ու արտահայտել իրենց կամքը»,  ոստիկանները որոշել են անցնել ավելի կտրուկ գործողությունների՝ բերման ենթարկելով տասնյակ քաղաքացիների: Ոստիկանությունը անհրաժեշտ է համարել բերման ենթարկելու նաև «առավել ագրեսիվ ու ակտիվ երիտասարդին»՝ վերջինիս ինքնությունը պարզելու և վարչական իրավախախտում կատարելու արձանագրություն կազմելու նպատակով, ինչպես նշված է հայցահիմումում՝ համարելով, որ այդ գործողությունը հնարավոր չէ իրականացնել տեղում: Բաժնում կազմված արձանագրության մեջ նշված է. «Լևոն Ալբերտի Բարսեղյանն իր գործողություններով կատարել է վարչական իրավախախտում` նախատեսված Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 180.1-րդ հոդվածի 15-րդ կետով, այն է` հավաքի խաղաղ և բնականոն ընթացքի ապահովման վերաբերյալ ոստիկանության օրենքով սահմանված պահանջը չկատարելը», սակայն թե ինչ պահանջ էր ոստիկանությունն ավելի կոնկրետ ներկայացրել և թե հավաքի մասնակցի ինչ գործողությունների արդյունքում` ոստիկանությունը չի նշել ո՛չ արձանագրության մեջ և ո՛չ էլ դատարան ներկայացրած հայցադիմումում, ինչը չի վրիպել դատարանի աչքից: 

 

             Ոստիկանությունում Բարսեղյանին պահել են ավելի քան երեք ժամ, որի ընթացքում նրան այդպես էլ չեն պարզաբանվել իր իրավունքների սահմանափակման հիմքերն ու պատճառները, դրանցից բխող իրավունքներն ու պարտականությունները, անձին հնարավորություն չի ընձեռվել խորհրդակցելու պաշտպանի հետ:

 

             Հատկանշական է, որ այս գործով ոստիկանությունը դատարանից պահանջում էր անձին պատասխանատվության ենթարկել ոչ թե ՎԻՎ օրենսգրքի 182-րդ հոդվածի համաձայն՝ հասարակական կարգի պահպանության, հասարակական անվտանգության ապահովման, օբյեկտների պահպանության պարտականությունները կատարելու ընթացքում … ոստիկանության ծառայողի  օրինական պահանջը չկատարելու համար, ինչպես սովորաբար ներկայացվում է, այլ 180.1 հոդվածի 15-րդ մասով  նախատեսված զանցանք կատարելու համար՝ հավաքի խաղաղ և բնականոն ընթացքի ապահովման վերաբերյալ ոստիկանության օրենքով սահմանված պահանջը չկատարելու համար:

 

             Սակայն դատարանը նշել է, որ գործում առկա փաստերով որևէ կերպ չի հաստատվել, որ Բարսեղյանը «խախտել է հավաքի խաղաղ ու բնականոն ընթացքը և չի կատարել հավաքի խաղաղ և բնականոն ընթացքի վերաբերյալ ոստիկանության՝ օրենքով սահմանված պահանջը»:

 

             Ուշագրավ է, որ որոշման եզրափակիչ մասում Դատարանը մեջբերել է  ՄԻԵԴ-ի` Աշուղյանն ընդդեմ Հայաստանի /թիվ 33268/03, պարբ. 90, 01/12/2008թ./ գործով կայացված վճռով սահմանված հետևյալ իրավական դիրքորոշումը. «Դատարանն այնուհետև հիշեցնում է, որ խաղաղ հավաքներին մասնակցելու ազատությունն այնչափ կարևոր է, որ անձը չի կարող ենթարկվել կարգապահական տույժերի համակարգում նույնիսկ ամենաստորին աստիճանի վրա գտնվող սանկցիայի, այնպիսի հանրահավաքի մասնակցելու համար, որը չի արգելվել, քանի դեռ այդ դեպքում անձը չի կատարել ինքնին դատապարտման ենթակա արարք: Ավելին, հասարակական վայրում տեղի ունեցող ցանկացած հանրահավաք կարող է առաջ բերել բնականոն կյանքի որոշակի աստիճանի խաթարում, ներառյալ երթևեկության խաթարումը, և եթե ցուցարարները բռնի գործողություններ չեն կատարում, ապա կարևոր է, որ իշխանությունները որոշակի հանդուրժողականություն ցուցաբերեն խաղաղ հավաքների նկատմամբ, եթե Կոնվենցիայի 11-րդ հոդվածով երաշխավորված հավաքների ազատությունը չպետք է զրկվի իր ողջ էությունից»:

 

             Հավաքների ազատության իրավունքի պաշտպանությունն իրականացվում է «Իրավունքի Եվրոպա միավում» իրավապաշտպան հասարակական կազմակերպության   «Ինքնաբավ քաղաքացիական ակտիվիզմ Ա-ից Ֆ» ծրագրի շրջանակներում՝ Ժողովրդավարության եվրոպական հիմնադրամի կողմից տրամադրված միջոցներով:   

-->