Կատեգորիաներ

Ավելի բարձր գին

Քաղաքացիական ակտիվիզմի համար վճարված ավելի բարձր գին

 

20.05.2015թ.

 

                            

              Եթե ուշադրությամբ հետևում եք Հայաստանում սոցիալ-քաղաքական  զարգացումներին, ապա անպայման նկատած կլինեք վաթսունին մոտ մի մարդու, ով    բողոքի ակցիաների ժամանակ պառկում է գետնին՝ ձեռքերում որևէ քաղաքացիական  պահանջով պաստառ, կամ ոստիկանների հետ վեճի է բռնվում: Իսկ ֆոտոլրագրողներն  անպայման մի երկու լուսանկար կանեն, եթե նրան ամբոխի մեջ նկատեն:  Բայց նա փողոց  դուրս չի գալիս մասնակցելու տարբեր բողոքի ակցիաների անվճար լուսանկարվելու  նպատակով, թեև հազվադեպ է բաց թողնում քաղաքացիների կողմից բարձրացված որևիցե  արդարացի պահանջին սատարելու հնարավորություն: 

                  Այդ մարդը Վարդգես Գասպարին է՝ Իրանում ծնված մի հայ գործարար, ով Հայաստան է եկել դեռևս խորհրդային տարիներին՝ այլևս իր ողջ մնացած կյանքի ընթացքում այստեղ մնալու մտադրությամբ:

               Իր դեմ միևնույն ժամանակ ընթացող մեկ տասնյակ վարչական, 2 քաղաքացիական և նույնիսկ մեկ քրեական գործերով նա  դարձել է Հայաստանի դատարանների մշտական այցելուն:

               Գասպարին ցույց է տալիս գրադարակի վրա շարված դատական գործերով թղթապանակների մի ամբողջ շարք ու ասում, որ ինքն էլ իր հերթին պետության դեմ քսանից ավելի հայց է ներկայացրել: Նա բավարարված է իր քաղաքացիական ակտիվ գործունեությամբ և ասում է, որ վստահ է՝ մի օր արդյունքներն էական կլինեն:  

               - Ես կարող եմ խնայել ու երեխայիս համար մեկ շիշ քոլա չգնել, բայց արդար գործի համար կիրառվող անօրինական տույժերը ինձ չեն կարող հետ պահել իմ պայքարից, - ասում է նա:

               Վարդգես Գասպարին կարծում է, որ հայաստանյան իրականությունը փոխել հնարավոր է, որի համար յուրաքանչյուր քաղաքացի պետք է իր ներդրումն ունենա: Նա ուրախ է, որ բազմաթիվ գաղափարական համախոհներ կան, ովքեր իրենց գործունեությամբ նպաստում են ժողովրդավարական պետության կայացմանը և հավատում է, որ դա միանգամայն իրագործելի է:

               - Իհարկե, դրա համար ժամանակ է պետք: Բայց մի բան ինձ դուր չի գալիս. մենք հաճախ ոգևորվում ենք, համախմբվում ինչ-որ նախաձեռնության շուրջ, բայց այդ ոգևորությունը շատ արագ   մարում է: ՀԿ-ները հետամուտ չեն լինում իրենց նախաձեռնությունների շարունակականության ապահովմանը, և սա շատ տխուր փաստ է: 

               Գասպարին ուրախ է, որ իր բազմաթիվ դատական գործերի վարման համար ու իրավապահ մարմինների հետ առնչվելիս այսօր իր կողքին է  «Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան ՀԿ-ն:  

               - Ես ինքս իրավաբան չեմ, թեև գիտեմ իմ գործի և մաքսային ոլորտի հետ առնչվող օրենսդրությունը, սակայն ես շարքային քաղաքացի եմ և կարող եմ ձախողել դատարանում կամ իրավապահ մարմինների հետ հարաբերություններում անձս պաշտպանելիս, բացի այդ իմ անձնապես մասնակցելը բազմաթիվ դատական նիստերին կարող է, ի վերջո,  կաթվածահար անել իմ համեստ բիզնեսը, - ասում է նա:

               Էությամբ խաղաղասեր Գասպարիի առաջին բողոքի դրևսորումները եղել են դեռևս Թեհրանում: Դրանցից մեկը տեղի է ունեցել 80-ականներին  երբ Իրանը պատերազմի մեջ էր, որին օժանդակելու համար աշխատավորների աշխատավարձից էին պահում մեկ օրվա աշխատած գումարը: Գասպարին պահանջել է ետ վերադարձնել իրենից պահված գումարը: Երբ նրան ասել են, որ դրա փոխարեն պարգևատրում կստանա, նա պնդել է, որ իրեն վերադարձնեն հենց իր աշխատածը:

               - Ես ասացի, որ ուզում եմ, որ հատկապես նշվի, որ ես պահանջում եմ հենց իմ մեկ օրվա աշխատավարձը: Ես չեմ ուզում, որ իմ աշխատած գումարը ծախսվի պատերազմի վրա:

               Այդուհանդերձ, Իրանում ուրիշ էր. Իրանն իր երկիրը չէր՝ չնայած այն փաստին, որ Գասպարին այնտեղ էր ծնվել:

               - Ես չեմ ափսոսում այն ժամանակը և ջանքերը, որ ծախսել եմ՝ Հայաստանում հանուն արդարության պայքարելով, - ասում է Գասպարին, - փոխարենը, ափսոսում եմ յուրաքանչյուր օրը, յուրաքանչյուր ժամը, որ ծախսել եմ դրսում, նույնիսկ Շվեցարիայում  անցկացրած ամիսներս:

               Գասպարին մի քանի ամիս  բնակվել է Շվեցարիայում. Երևանի պետական ճարտարագիտական համալսարանն ավարտելուց հետո նա միացել էր այնտեղ տեղափոխված ընտանիքին, նաև ուսումը շարունակելու նպատակով:

               - Բայց, ի վերջո, նախընտրեցի վերադառնալ Հայաստան, որտեղ ես պետք է լինեմ, - ասում է նա:

               Եվ չնայած երկրում տիրող անարդարությանը՝  Գասպարին գտնում է, որ սեփական հայրենիքում  գտվելը ինչ-որ տեղ մխիթարում է և փոխհատուցում այն վատ փորձառությունը, որը նա ունեցել է այստեղ: Նա գտնում է, որ բողոքի ցույցերի ու երթերի միջոցով կարծիք արտահայտելը ժողովրդավարության կայացման կարևոր բաղադրատարրերից է.

               - Եթե տանն ես նստում,  ապա դա հավասարազօր է հօգուտ անարդարության քո ձայնը տալուն, քո համաձայնությանը դրան, դրա համար պետք է ժամանակ գտնես և արտահայտես քո իրական կարծիքը: 

 

               Գասպարին ասում է, որ չի կարողանում հասկանալ նաև այն մարդկանց, ովքեր ուրախ են, որ դու պայքարում ես ինչ-որ բանի դեմ, բայց իրենք երբեք չեն միանում:

               - Կան նաև այնպիսիները, ովքեր գոռում են անարդարության մասին, բայց մեկ էլ տեսնում ես իրենց` Արաբական Էմիրություններում կամ թեկուզ Վրաստանում անցկացրած շքեղ հանգսի մասին վկայող  նկարներ են դնում, - հետո ցավով ավելացնում է, - ես ընտանիքիս արդեն տասը տարուց ավելի է, ինչ հանգստանալու չեմ տարել. սա ի՞նչ հանգստանալու ժամանակ է:

               Գասպարին եռանդուն գործարար է, որի ընկերությունը զբաղվում է ավտոմատիկայի սարքավորումների ներկրմամբ:  Նա տարաբնույթ ատյանների հետ պայքարել է՝ ձգտելով իր բիզնեսը օրենքի սահմաններում վարել և նշում է, որ հուսով է, որ ինքն էլ է իր համեստ լուման ներդրել իր բիզեսի ոլորտում օրենսդրության կատարալեագործման  և հատկապես օրենքների ոչ ընտրովի կիրառման գործում:    

               - Ես երբեք պետական պաշտոնատար անձանց, այդ թվում՝ մաքսային մարմիններին, մաղարիչներ չեմ տալիս, երբեք, - ասում է նա, - գիտեմ, որ սպիտակ ագռավի պես մի բան եմ այս հարցում, բայց այլ կերպ ես պարզապես չեմ կարող: Նրանք սկզբում քեզ վատ են վերաբերվում, հետո որոշ ժամանակ անց հասկանում են, որ քեզ հետ իրենց ուզածի պես վարվել չեն կարող. դու չես վճարելու այն, ինչ որ սպասում են և այդպես տեղի են տալիս:

               Գասպարին այլ գործարարների առաջարկում է հետևել իր օրինակին, բայց ասում է, որ շատ դժվար է համոզելը:

               - Քաղաքացիները պետք է սովորեցնեն պետական պաշտոնյաներին  որ իրենք ծառաներ են, այլ ոչ թե տերեր, և որքան համառ լինենք այս գործում, այնքան ավելի մեծ կլինի հաջողության հավանականությունը, - ասում է նա:

               Գասպարին կորցրել է իր դեմ ներկայացված հայցերի հաշիվը, բայց երբ նրան հարցնում են, թե Հայաստանի արդարադատության համակարգի հետ առնչվելիս որն է եղել իր նկատմամբ ամենաանարդարացի վերաբերմունքը, նա նշում է 2008թ. մարտյան  իրադարձություններից հետո իր քաղաքական հայացքների համար ազատազրկման այն հատվածը,  որի ընթացքում նրան տեղավորել էին քրեական հանցագործի հետ միևնույն խցում, որտեղ նա ենթարկվել էր կտտանքների և անմարդկային վերաբերմունքի:

               «Տիկոյի հարձակումները ինձ վրա տեւեց մի քանի ժամ: Մերթ սաստկանում, մերթ հանդարտվում էր: Ես ոչ միայն փորձում էի պաշտպանվել, այլ նաեւ փորձում էի հանկարծ չվնասեմ նրան: Պարզ է, քաղաքի կենտրոնում հեչի համար ես մեղադրվում էի ոստիկանին քաշքշելու մեջ, վայ որ մի փալասի վրա ձեռք բարձրացրած լինեի` էն էլ ավազակապետության միջնաբերդում», - գրում է նա իր ֆեյսբուքյան պատին շարադրված հուշերում:

               Բանտային ղեկավարությունը ուշադրություն չի դարձրել նրա ահազանգներին՝ գաղտնի հետևելով իրադրությանը: Օրեր տևած կյանքի ու մահու կռվից նրան բառացիորեն փրկել են ՔՀԿ այցելության եկած ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի ներկայացուցիչները. Գասպարիին խցից տեղափոխեցին հենց նույն օրը, երբ ստացան խմբի ժամանման մասին լուրը:   

               Այդուհանդերձ, իր քաղաքացիական ակտիվության համար Գասպարին ավելի թանկ է վճարել, քան Տիկոյի  հետ միևույն խցում լինելու պատճառով սեփական կյանքին սպառնացող վտանգը:  2005թ. նրա միակ որդի Լևոնը, ականատես լինելով հոր նկատմամբ ոստիկանության աշխատակիցների կողմից գործադրվող բռնությունները , խորը հուզական ապրումների պատճառով կորցրել է խոսելու ունակությունը: Այդ օրը ստացած ծանր հոգեկան ցնցումները խորը հետք են թողել երեխայի առողջության վրա:

               Սակայն նույնիսկ աշխարհում ամենաթանկ մարդուն պատճառված վնասը չի կարող ստիպել Գասպարիին փոխելու իր էությունը:   

               Հավաքների ազատության իրավունքի պաշտպանությունն իրականացվում է «Իրավունքի Եվրոպա միավում» իրավապաշտպան հասարակական կազմակերպության   «Ինքնաբավ քաղաքացիական ակտիվիզմ Ա-ից Ֆ» ծրագրի շրջանակներում՝ Ժողովրդավարության եվրոպական հիմնադրամի կողմից տրամադրված միջոցներով:   

-->