Կատեգորիաներ

Նեդոլյանի գործը

Որքա՞ն մոտ կարելի է կանգնել ուղեգորգին. ՀՀ վարչական դատարանը ճանաչում է հավաքների ազատության իրավունքի կարևորությունը Արա Նեդոլյանի գործով

 

Լուսանկարը՝ epress.am լրատվական կայքի:

               2015թ. ապրիլի 7-ին ՀՀ վարչական դատարանը կայացրել էր վճիռ՝ մերժելով 2014թ. հունվարի 28-ին Ազատության հրապարակում բողոքի ակցիայի իրականացման արդյունքում ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի կենտրոնականի բաժանմունք բերման ենթարկված երեք անձանցից մեկի՝ Արա Նեդոլյանի դեմ ոստիկանության կողմից ներկայացված հայցը՝ վերջինիս պատասխանատվության ենթարկելու պահանջով: Դատարանը մասնակիորեն բավարարել է հակընդդեմ հայցը, որով քաղաքացին պահանջում էր դատարանից ճանաչել իր մի շարք իրավունքների խախտման փաստը և ոստիկանության գործողությունների ոչ իրավաչափությունը:

 

               Միևնույն ժամանակ ուշագրավ է այն, որ վարչական դատարանում դեռևս քննության ընթացքում են միևնույն դեպքի կապակցությամբ երկու այլ քաղաքացիների դեմ ոստիկանության կողմից ներկայացված հայցադիմումները, և իրավունքի տեսանկյունից կարևոր հարց է, թե արդյո՞ք ՀՀ վարչական դատարանը հետամուտ կլինի իր կողմից ընդունված վճիռների միատեսակության ապահովմանը թե՝ ոչ:

 

               Գործի փաստերը

 

               Արա Նեդոլյանը 2014թ. հունվարի 28-ին ժամը 16:00-ի սահմաններում Ազատության հրապարակում տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ բերման ենթարկված երեք քաղաքացներից մեկն էր: Այդ օրը նա մյուս երկուսի՝ Վարդգես Գասպարիի և Արտաշես Սերգոյանի հետ միասին փորձում էր Բանակի օրվան նվիրված միջոցառմանը մասնակցելու նպատակով ժամանող հյուրերի ուշադրությունը հրավիրել բանակում տիրող իրավիճակի, մասնավորապես՝ խաղաղ պայմաններում բանակում զոհված անձանց գործերով արդարացի իրավական լուծումների բացակայության խնդրի վրա: Բողոքի ակցիան կազմակերպվել էր «Բանակն իրականում» նախաձեռնության կողմից:  

 

 

               Երեք քաղաքացիներն, իրենց պահանջը ներկայացնող պաստառները ձեռքերում պահած, կանգնել էին օպերայի և բալետի շենքի մուտքի մոտ փռված ուղեգորգից մի քանի քայլ հեռավորության վրա, որպեսզի շենքի ներսում տեղի ունեցող միջոցառմանը մասնակցելու նպատակով ժամանող հյուրերը նկատեն դրանք: Ոստիկանները պահանջել էին ցուցարարներից հեռանալ՝ մատնանշելով հրապարակի՝ իրենց համար նախընտրելի  հատվածը՝ Ալ. Սպենդիարյանի արձանը, սակայն ցուցարարները չեն համաձայնել՝ պատճառաբանելով, որ այդ հատվածում պաստառները միջոցառման մասնակիցների համար տեսանելի չէին լինի: Ոստիկանությունը վերոհիշյալ երեք քաղաքացիների գործողությունները դիտարկել է որպես անհնազանդություն, ինչի արդյունքում վերջիններս բերման են ենթարկվել Երևան քաղաքի ոստիկանության Կենտրոնականի բաժին, որտեղ նրանք պահվել են ավելի քան երեք ժամ: 

 

               Դատարանի դիրքորոշումը Արա Նեդոլյանի գործով վճռում

 

               Քննելով գործը՝ դատարանը մերժել է ոստիկանության հայցը և մասնակի բավարարել Նեդոլյանի հակընդդեմ հայցը՝ ոստիկանների գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու մասով:

 

               Մասնավորապես, դատարանը հաստատված է համարել, որ Նեդոլյանը և բերման ենթարկված մյուս երկու քաղաքացիները գտնվել են ուղեգորգից պատշաճ հեռավորության վրա, որտեղից չէին կարող խանգարել անձանց  մուտքը օպերայի և բալետի շենք, իսկ ոստիկանության ցույց տրված ուղղությամբ հեռանալու դեպքում նրանց ձեռքի պաստառները չէին լինի ժամանող հյուրերի համար տեսանելի: Երեք ցուցարաները չեն կրել զենք, անհանգստացնող որևէ գործողություն չեն կատարել, չեն աղմկել, այլ պարզապես հանգիստ կանգնել են, ինչը նշանակում է, որ հասարակական կարգի խախտման իրական վտանգ առկա չի եղել:  Գնահատելով վկաների ցուցմունքները՝ դատարանը հաստատված է համարել, որ ոստիկանության ծառայողների կողմից եղել է Ա. Նեդոլյանին ուղղված պահանջ՝ հեռանալու Ազատության հրապարակի այն հատվածից, ուր տվյալ պահին կանգնած են եղել Ա. Նեդոլյանը և մյուսները, սակայն տվյալ պահանջը չի կատարվել: Դատարանը նաև արձանագրել է, որ բողոքի ակցիան վերաբերում էր հանրությանը հուզող խնդրի, ինչը նշանակում է, որ տվյալ պարագայում ազատ խոսքին շնորհված էր ավելի լայն պաշտպանություն: 

 

               Դատարանը, գնահատել է, թե  արդյոք «Հավաքների ազատության մասին»ՀՀ օրենքի 4-րդ հոդվածում և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածում ամրագրված  պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց կողմից օրենքով սահմանված իրենց լիազորություններն իրականացնելիս համաչափության սկզբունքը պահպանվել է տվյալ գործով ծառայությունն իրականացնող ոստիկանների կողմից թե ոչ, որոնց համաձայն վերջիններիս գործողությունները պետք է ուղղված լինեին ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով ամրագրված իրավունքների և նպատակների իրականացմանը, իսկ օգտագործվող միջոցները պետք է լինեին ''պիտանի, անհրաժեշտ և չափավոր»:

 

               Դատարանը նաև ուշադրության է առել «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի ներքո ամրագրված հավաքների ազատության սահմանափակման  պայմանները, որի համաձայն սահմանափակումը թույլատրելի է «միայն այն դեպքում, երբ ժողովրդավարական հասարակությունում պետական անվտանգության և հասարակական կարգի պահպանումը, հանցագործությունների կանխումը, հանրության առողջության ու բարոյականության, այլոց սահմանադրական իրավունքների և ազատությունների պաշտպանությունը գերակայում են հավաքի ազատության նկատմամբ», և այդ դրույթները համադրելով դատարանը եզրահանգել է՝

 

               «Խաղաղ հավաքների և արտահայտվելու ազատության իրավունքներն իրականացնող անձին ուղղված՝ ոստիկանության ծառայողի պահանջն օրինական է, եթե այդ պահանջն անհամաչափորեն չի միջամտել անձի նշված իրավունքներին»:

 

               Այս համաչափության չափանիշը ընդունելով որպես հիմք՝ դատարանը  գտել է՝

 

               «Հաշվի առնելով հանրության համար բարձրաձայնված խնդրի կարևորությունը, այն հանգամանքը, որ հասարակական կարգի խախտման որևէ իրական վտանգ առկա չի եղել, որ Ա. Նեդոլյանի կողմից` հավաքի մասնակցին ներկայացվող վարքագծի որևէ կանոն չի խախտվել` դատարանը գտնում է, որ ժողովրդավարական հասարակությունում հասարակական կարգի պահպանումը, այլոց սահմանադրական իրավունքների և ազատությունների պաշտպանությունը տվյալ դեպքում չեն գերակայել խաղաղ հավաքի ազատության և արտահայտվելու ազատության նկատմամբ, որպիսի իրավիճակում ապահովված չէ համաչափությունը:

 

               Հիմք ընդունելով դատարանի այն դիրքորոշումը, որ պահանջի օրինականության գնահատման չափանիշը համաչափությունն է, դատարանը վերոհիշյալի հիման վրա եզրահանգում է, որ ոստիկանության ծառայողի՝ Ա. Նեդոլյանին ուղղված պահանջն օրինական չէ, հետևաբար առկա չէ խնդրո առարկա զանցակազմի օբյեկտիվ կողմի անհրաժեշտ տարրերից մեկը` պահանջի օրինականությունը, որպիսի պարագայում անձը ենթակա չէ վարչական պատասխանատվության Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածով»:

 

               Անձի վարչական ձերբակալման թույլատրելիության մասով Դատարանը գտել է, որ ոստիկանները չեն պարզել արձանագրության` տեղում կազմելու հնարավորությունները, չեն ներկայացրել դրան խոչընդոտող հանգամանքները, չեն փորձել տեղում պարզել անձանց ինքնությունը, ինչպես որ պարտավոր էին վարվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 259-րդ հոդվածի 1-ին մասի, 254-րդ հոդվածի 4-րդ կետի և «Ոստիկանության մասին»ՀՀ օրենքի համապատասխան նորմերի համաձայն:

 

               Ավելին, ոստկանությունը արձանագրությունը` տեղում կազմելու անհնարինության պատճառ է նշել ակցիային մասնակից մեկ այլ անձի՝ Վարդգես Գասպարիի «հնարավոր վարքագիծը'', այլ ոչ թե  Ա. Նեդոլյանի անձի հետ կապված որևէ խնդիր:  Ըստ դատարանի՝ այդպիսի պատճառ չէին կարող համարվել նաև  «եղանակային պայմանները, հոծ բազմության առկայությունը, անձնական տվյալները ճշտելու անհրաժեշտությունը»կամ դրա նպատակահարմար չլինելը:

 

               Դատարանն արձանագրել է նաև, որ ոստիկանության բաժանմունքում տվյալ գործով վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը կազմվել է ժամը 18:42-ին, մինչդեռ Ա. Նեդոլյանը բաց է թողնվել 21:00-ին, այսինքն՝ ազատությունը սահմանափակելու նպատակի իրացումից ավելի քան 2 ժամ հետո, ինչը նշանակում է, որ այն եղել է ոչ իրավաչափ և խախտել է անձի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքը: 

Հավաքների ազատության իրավունքի պաշտպանությունն իրականացվում է «Իրավունքի Եվրոպա միավում» իրավապաշտպան հասարակական կազմակերպության   «Ինքնաբավ քաղաքացիական ակտիվիզմ Ա-ից Ֆ» ծրագրի շրջանակներում՝ Ժողովրդավարության եվրոպական հիմնադրամի կողմից տրամադրված միջոցներով:   

-->