Կատեգորիաներ

Հունիսի 23-ի մասին

Հունիսի 23-ի ոստիկանության գործողություններն ըստ իրավապաշտպանների՝ ուժի ցուցադրում էր և պատժիչ գործողություն

Ըստ Լևոն Բարսեղյանի՝ բեման ենթարկվածների թիվը զարմացրել է հենց իրենց՝ ոստիկաններին:

Տիգրան Եգորյանը նշում է, որ ԻԵՄ-ի ջանքերի շնորհիվ հաջողվել է 25 գործով նախադեպեր ձևավորել՝ ի պաշտպանություն քաղաքացինրի հավաքների ազատության իրավունքի:

12.07.2015թ.

Ոստիկանության գործողությունները հունիսի 23-ի էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ իրականացվող նստացույցը ցրելու փորձի ժամանակ ուժի ցուցադրում էր և պատժիչ գործողություն. այդպես  էին գտնում հուլիսի 10-ին Երևանում գործող «Մեդիա կենտրոն» քաղաքացիական հասարակության պլատֆորմի նախաձեռնությամբ «A1+»-ի հեռուստատաղավարում կազմակկերպված քննարկմանը մասնակիցները:  

 

Քննարմանը հրավիրված էին Գյումրու Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը, Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը,  «Իրավունքի Եվրոպա» ՀԿ-ի փաստաբան Տիգրան Եգորյանը, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը և «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ի տնօրեն Արման Դանիելյանը:

 

«Մեդիա կենտրոնը» հրավեր էր ուղարկել նաև Հատուկ քննչական ծառայություն, Ոստիկանություն և Ազգային Ժողովի պետական-իրավական հարցերի և մարդու իրավունքների մշտական հանձնաժողովներ, սակայն այս կառույցներից քննարկմանը մասնակցել հրաժարվել էին:  

 

Քննարկման թեմայի նախապատմությունը. ս.թ. հունիսի 21-22-ից սկսած, ավելի քան  15 օր քաղաքացիական հասարակությունը Բաղրամյան պողոտայում էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ նստացույց էր անում՝ կառավարությունից պահանջելով չեղարկել սակագնի առաջարկված  7 դրամ բարձրացումը:    

 

Սակայն բողոքի ցույցերի հենց սկզբում՝ հունիսի 23-ին, առավոտյան ժամը 5:30-ին ոստիկանությունը ուժ կիրառեց և ջրցան մեքենաների գործարկման միջոցով   փորձեց ցրել ցուցարարներին: Համաձայն շրջանառվող պաշտոնական տեղեկատվության բերման էր ենթարկվել 237 մարդ: Մի քանի տասնյակ ակտիվիստներ մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով տարվել էին հիվանդանոցներ, նրանցից մի քանիսը նույնիսկ հայտնվել էին վերակենդանացման բաժանմունքներում, իսկ շատերն, ըստ մամուլում ավելի ուշ հայտված տեղեկությունների, թոքաբորբ էին ստացել:   

 

Տաղավարում ներկա իրավապաշտպաններն ընգծեցին երկու օրերի՝ հունիսի 23-ի (237) և հուլիսի 6-ի (ևս 47 ցուցարար) ընթացքում բերման ենթարկվածների աննախադեպ շատ թվաքանակը, որը համարյա հավասարվում էր 2013-2014թթ. ընթացքում տեղի ունեցած շուրջ 12 բողոքի ակցիաների ժամանակ բերման ենթարկվածների թվին:

 

«Երբ մենք ոստիկանությունում էինք», - ասաց «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը, -  «խոսակցություններ էին պտտվում, թե վարչական վարույթն հարուցելու փոխարեն այս անգամ քրեական մեղադրանք է ներկայացվելու, սակայն հետո, ինչ-որ բան տեղի ունեցավ և նրանք փոխեցին մտադրությունը: Ինձ թվում է՝ նրանք էլ մինչև վերջ դեռ չէին գիտակցել, թե ինչ թվաքանակի մարդ են հավաքել, հետո են միայն հայտնաբերել են, որ մարդկանց թիվն ահագին է»:

 

Ոստիկանությունն օրվա այնպիսի ժամ էր ընտրել, որ մարդկանց թիվը պետք է վնազագույնը լիներ, սակայն նրանք հաշվի չէին առել, որ մնացել էին ամենահամառները և որ նրանք ոչ մի բանից չեն երկնչելու և տարածքից չեն հեռանալու:   

 

«Իշխանության լեգիտիմության բացակայության, ապաշնորհ և անարդյունավետ քաղաքականության արդյունքում ստեղծվել է այնպիսի մի իրավիճակ, որ նույնիսկ փոքր լոկալ խնդիրները, որոնք կարող են հուզել հասարակության 100 հոգանոց սեգմենտի, իշխանության համար կենսական վտանգ է սկսել ներկայացնել: Հունիսի 23-ի դեպքը խոսում է իրավապահ համակարգի և հանրային կառավարում իրականացնող պաշտոնյաների ոչ պրոֆեսիոնալիզմի մասին, որոշումների սիրողական մակարդակում կայացնելու մասին»,-ասաց քննարկման մասնակից Տիրգրան Եգորյանը:

 

Նա հավելեց, որ որոշումները չեն կայացվում գործող օրենքների և իրավիճակի օբյեկտիվ քննարկման արդյուքնում:

 

«Մաքրման» աշխատանքների արդյունքում շատ լրագրողներ և օպերատորներ նույնպես բերման էին ենթարկվել ոստիկանական բաժանմունքներ, իսկ նրանց տեսանկարահանող սարքերը բռագրավվել էին: Սարքերը ետ ստանալուց հետո լրագրողները հայտնաբերել էին, որ ոստիկանության բռնարարքների տեսագրությամբ կրիչները բացակայում էին:   Եվ միայն տասը օր հետո է Հատուկ Քննչական ծառայությունը հայտարարել լրագրողների նկատմամբ կատարված ոստիկանության գործողությունները քննելու նպատակով վարույթ սկսելու վերաբերյալ:   

 

Քննարկման մասնակիցները մտահոգություն հայտնեցին առ այն, որ ավելի քան մեկ տասնյակ գործերը  ուսումնասիրվելու են մեկ քննիչի կողմից, ինչը նշանակում է քննության ձգձգում, որն ամենայն հավանականությամբ կավարտվի դրանք մոռացության մատնելով: Խոսնակները անցյալում ոստիկանության կողմից կատարված բռնարարքների օրինակներ բերեցին, որոնց դեպքում ոստիկանության կողմից իշխանության չարաշահումը ոչ միայն անտեսվել է, այլև ճիշտ հակառակը՝ խրախուսվել. որպես օրինակ նշվեց Երևան քաղաքի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանի անունը, որի դեմ ՄԻԵԴ դատավճիռ կա, սակայն դա չի խանգարում այդ անձի՝ իրավապահ համակարգում այդպիսի բարձր պաշտոն զբաղեցնելուն:     

 

Եգորյանն ասում է, որ, այդուհանդերձ, դրական միտում կա. նա օրինակներ բերեց ԻԵՄ-ի ջանքերի շնորհիվ ձևավորված Վարչական դատարանի լավ գործելակերպից. ակտիվիստների դեմ ներկայացված ոստիկանության հայցերով 50 ավարտված գործերից 25-ը կայացվել են հօգուտ քաղաքացիների, ինչը փաստաբանը լավ ձեռքբերում է համարում:

 

«Մեզ հաջողվել է հասնել մի այնպիսի կետի, երբ դատարանները սկսեցին ոստիկանության գործողությունները ճանաչել որպես ոչ իրավաչափ, ավելին, բավարարելով գույքային վնասների փոխհատուցման պահանջը», - ասում է Եգորյանը:

 

Նա գտնում է, որ ժողովրդավարության կայացման ճանապարհին ցանկացած իրավունք պետք է նվաճվի, որպեսզի այն հաստատվի, ինչպես դա արվել է Եվրոպայի կամ ԱՄՆ-ի քաղաքացիական հասարակությունների կողմից:   

 

«Քաղաքացիները պետք է հետամուտ լինեն և իրենց իրավունքների խախտումների ժամանակ անպայման դիմեն իրավասու մարմիններին՝ լինի դա ոստիկանությունը, քննչական մարմինը, թե դատախազությունը», - ասում է Եգորյանը, - որպեսզի հնարավոր լինի դրանք կատարած անձանց պատասխանատվության ենթարկել¦:

 

Հանդիպման ավարտին, մասնակիցները համակարծիք էին, որ թեև ոստիկաններին հաջողվեց խաթարել ցուցարարների նպատակները, սակայն պետք է ընդունել, որ կար նաև իրական հաղթանակ. Հայաստանի այսօրվա երիտասարդ քաղաքացիները շատ ավելի կրթված են և գիտեն իրենց իրավունքները, քան 2-3 տարի առաջ: Ավելին, հայաստանյան իրականության մեջ փոփոխություններ բերելու հարցում նրանք շատ ավելի վճռական են տրամադրված:   

 

Հանդիպման տեսագրությունը կարելի է տեսնել այստեղ

-->