ՍԴ-ն բավարարել է Գասպարիի դիմումը

ՍԴ-ն հակասահմանադրական է ճանաչել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 3-րդ մասը. Գասպարիի նկատմամբ կիրառված ակտը կվերանայվի

Սահմանադրական դատարանն այսօր բավարարել է Վարտգեզ Գասպարիի դիմումը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 3-րդ մասի՝ ՀՀ Սահմանադրության պահանջներին հակասելու մասով: ՀՀ սահմանադրական դատարանի որոշմամբ ՀՀ Սահմանադրության 61-րդ, 63-րդ և 78-րդ հոդվածներին հակասող և անվավեր է ճանաչվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 3-րդ մասը` այն մասով, որով այն չի նախատեսում բաց թողած ժամկետը վերականգնելու միջնորդություն չներկայացնելու հիմքով վերաքննիչ բողոքը վերադարձնելուց հետո թույլ տված սխալները շտկելու և օրենքով սահմանված ժամկետում բողոքը ներկայացնելու հնարավորություն:

Նշենք, որ դեռևս 2013 թ. դեկտեմբերի 25-ին ՀՀ ոստիկանության ներկայացուցիչ Աիդա Դեմիրխանյանը իր պատիվն ու արժանապատվությունը արատավորելու համար հրապարակավ ներողություն խնդրելու և վնասի հատուցման պահանջի մասին հայցադիմում է ներկայացրել Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ Վարտգեզ Գասպարիի: Դատարանը հայցը բավարարել է մասնակիորեն` պարտավորեցնելով պատասխանող Վարտգեզ Գասպարիին հրապարակայնորեն ներողություն խնդրել հայցվոր Աիդա Դեմիրխանյանին հասցված վիրավորանքների համար և վճարել փոխհատուցում` ընդհանուր 200.000 ՀՀ դրամի չափով։ Գասպարիի ներկայացուցիչների ներկայացրած վերաքննիչ բողոքը վերադարձվել էր ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի խախտման պատճառաբանությամբ (թեև բողոքը ներկայացված է եղել առաջին ատյանի դատարանի վճիռը ստանալու պահից մեկամսյա ժամկետում)՝  բաց թողած ժամկետը վերականգնելու միջնորդության չներկայացման հիմքով՝ առանց բողոքը կրկին ներկայացնելու հնարավորության ընձեռնման:

Վիճարկվող դրույթի համաձայն, ի տարբերություն վերաքննիչ բողոքում թույլ տրված այլ առավել լուրջ խախտումների, բաց թողած ժամկետը վերականգնելու միջնորդություն չներկայացնելը բողոք բերող անձի համար առաջացնում է միանգամայն այլ իրավական հետևանքներ` զրկելով վերջինիս նման թերությունը շտկելու և միջնորդությունը ներկայացնելու հնարավորությունից` դրանով իսկ անհամաչափ սահմանափակելով վերջինիս դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքները:

Վիճարկվող սահմանափակման անհրաժեշտության բացակայության մասին են վկայում նաև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված իրավակարգավորումները, որոնք վերաքննիչ բողոքում բաց թողնված ժամկետը վերականգնելու միջնորդություն չներառելու դեպքում նախատեսում են նշված թերությունը շտկելու և վերաքննիչ բողոքը կրկին ներկայացնելու հնարավորություն:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ դիմող Վ. Գասպարիի ներկայացուցիչներ, փաստաբաններ Գենյա Պետրոսյանը, Տիգրան Եգորյանը և Լուսինե Հակոբյանը սահմանադրական դատարան ներկայացրած իրենց դիմումում պահանջել են հակասահմանադրական ճանաչել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի  213-րդ հոդվածի 3-րդ մասը: Նշենք, որ ՍԴ-ն նաև որոշել է, որ դիմողի նկատմամբ կիրառված ակտը ենթակա է վերանայման նոր հանգամանքի հիմքով` օրենքով սահմանված կարգով: 


Comments To "ՍԴ-ն բավարարել է Գասպարիի դիմումը" - 0 item(s)

Write a comment

Your Name:


Your Comment: Note: HTML is not translated!

Enter the code in the box below: