Գևորգ Սաֆարյանի գործը կքննվի նորից

Սահմանադրական դատարանը հակասահմանադրական է ճանաչել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 87-րդ հոդվածի 1-ին մասը՝ «մինչև գործով դատաքննություն նշանակելը» դրույթի մասով. Գևորգ Սաֆարյանի գործը կքննվի նորից

Հունիսի 23-ին  ՀՀ սահմանադրական դատարանը բավարարել է Գևորգ Սաֆարյանի դիմումը` ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածներին հակասող ճանաչելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 87-րդ հոդվածի 1-ին մասը՝ «մինչև գործով դատաքննություն նշանակելը» դրույթի մասով: Ըստ այս հոդվածի` պատասխանողը մինչև գործով դատաքննություն նշանակելը կարող է ներկայացնել հակընդդեմ հայց` ընդդեմ հայցվորի` սկզբնական հայցի հետ համատեղ քննելու համար։

Դեռևս 2014 թ. ոստիկանությունը հայց է ներկայացրել Գևորգ Սաֆարյանի դեմ` պահանջելով վերջինիս ենթարկել վարչական պատասխանատվության` ոստիկանի օրինական պահանջին չենթարկվելու համար: Ի վերջո դատարանը որոշել է տուգանել Գևորգ Սաֆարյանին 50 հազար դրամի չափով: Սաֆարյանի ներկայացրած հակընդդեմ հայցը դատարանը վարույթ չի ընդունել, քանի որ ոստիկանության դիմումն ստանալուց հետո գործը նշանակել է դատաքննության՝ համարելով, որ նախնական դատական նիստ նշանակելու կարիք չկա: Նշենք, որ նախնական դատական նիստ նշանակելը դատարանի հայեցողական լիազորությունն է:

Գևորգ Սաֆարյանի ներկայացուցիչներ Տիգրան Եգորյանը և Գենյա Պետրոսյանը դիմում են ներկայացրել սահմանադրական դատարան՝ համարելով, որ հակընդդեմ հայց ներկայացնելու նախատեսված սահմանափակումը չի համապատասխանում ՀՀ Սահմանադրության պահանջներին, քանի որ խախտում է իրավական որոշակիության և կանխատեսելիության, կողմերի իրավահավասարության սկզբունքները՝ հանգեցնելով անձի դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքների խախտման:

Ուշագրավ է այն, որ 2007թ. Վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված է եղել հակընդդեմ հայցադիմում ներկայացնելու առավել հստակ և կանխատեսելի կարգավորում` այն ներկայացնելու համար սահմանելով երկշաբաթյա ժամկետ, այնինչ դիմումով վիճարկվող դրույթն անկանխատեսելի և անորոշ պայմաններ է ստեղծում պատասխանողի համար, քանի որ հակընդդեմ հայց ներկայացնելու իրավունքի իրականացման հնարավորությունն առկախված է դատաքննության նշանակման հանգամանքից` որպես վերջնաժամկետ սահմանելով դատաքննության նշանակման պահը: Հակընդդեմ հայց ներկայացնելու ժամկետը ուղղակիորեն կախվածության մեջ է  նաև դատարանի կողմից նախնական դատական նիստ նշանակելու լիազորության իրացումից:»Ընդ որում, դատաքննություն նշանակելու մասին որոշում ստանալու պահից պատասխանողն այլևս զրկվում է հակընդդեմ հայց ներկայացնելու իրավունքից: Համապատասխանաբար պատասխանողը դատաքննություն նշանակելու մասին որոշումը ստանալու պահին է իրազեկվում հակընդդեմ հայց ներկայացնելու իր իրավունքի իրականացման ժամկետի և հնարավորության  սպառման մասին»,- նշված է Գևորգ Սաֆարյանի` սահմանադրական դատարան ներկայացրած դիմումում:

Հիշեցնենք, որ ՍԴ որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

ՍԴ-ն որոշել է նաև, որ դիմողի նկատմամբ կայացված դատական ակտը ենթակա է վերանայման` օրենքով սահմանված կարգով:

 


Comments To "Գևորգ Սաֆարյանի գործը կքննվի նորից" - 0 item(s)

Write a comment

Your Name:


Your Comment: Note: HTML is not translated!

Enter the code in the box below: