«Էդ հանրային հսկիչն ի ՞նչ ա՝ ասեք՝ մենք էլ իմանանք»

«Էդ հանրային հսկիչն ի ՞նչ ա՝ ասեք՝ մենք էլ իմանանք». քննչական կոմիտեն դիտորդներին ոչ թե վերահսկելու, այլ դիտարկելու հնարավորություն է տվել

Մայիսի 26-ին ՀՀ վարչական դատարանում տեղի ունեցավ «Իրավունքի Եվրոպա միավորում» իհկ-ն ընդդեմ ՀՀ քննչական կոմիտեի գործով հերթական դատական նիստը:  Այս անգամ նիստին բացի կոմիտեի ներկայացուցիչ Հակոբ Հակոբյանից  ներկայացել էր մի նոր ներկայացուցիչ ևս՝ Գրիգոր Սարգսյանը։ Դատական նիստին մասնակցում էին նաև քննչական կոմիտեի որակավորման հանձնաժողովի երկու անդամ։

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, նախորդ դատական նիստի ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի ներկայացուցիչ Հակոբ Հակոբյանը հանդես էր եկել քննչական կոմիտեի տեսակետին հակասող կարծիքներով՝ նշելով, որ իր կարծիքով պահանջվող տեղեկատվությունը կարող է տրամադրվել, սակայն խնդիրն այն է, որ այդ ինֆորմացիայի համար պատասխանատու պաշտոնյան Հայաստանում չէ։ Այս դատական նիստի ընթացքում պարզվեց, որ համապատասխան պաշտոնյան վերադարձել է, իսկ կոմիտեի ներկայացուցիչներն էլ դատարան էին բերել պահանջվող տեղեկատվության հիմնական մասը՝ բացառությամբ հավակնորդերի գրած թեստերի ստուգված տարբերակների։ Չնայած այդ հանգամանքին, «Իրավունքի Եվրոպա միավորում» իհկ- ի ներկայացուցիչ Սերգեյ Գրիգորյանը հայցը պնդեց ամբողջությամբ՝ նշելով, որ թեպետ տեղեկատվությունը տրամադրվել է, սական տրամադրվել է մեկ տարի ուշացումով. «Կարծում ենք՝ դատարանը պիտի անդրադառնա խախտված իրավունքների փաստին»։   

Ըստ քննչական կոմիտեի ներկայացուցիչների՝ պահանջվող տեղեկատվությունը չի տրամադրվել, քանի որ մի կողմից՝ պարունակում է անձնական տվյալներ, իսկ մյուս կողմից՝ տեղեկատվության հիմք չէ։ Քննչական կոմիտեի ներկայացուցիչ Հակոբ Հակոբյանն ամփոփիչ ճառում նշեց, որ հկ-ին վերապահված է ոչ թե  տեղեկատվություն հիմք, այլ տեղեկատվություն ստանալու իրավունք, այնինչ հայտնի որևէ օրենսդրության մեջ տեղեկատվության հիմք արտահայտությունը չի հանդիպում։ Անդրադառնալով անձնական տվյալների հարցին՝ ԻԵՄ-ի ներկայացուցիչ Սերգեյ Գրիգորյանն ասաց. «Մեր հայցած տեղեկատվությունում չեն պարունակվել անձնական տվյալներ, բայց եթե անգամ անձնական տվյալներ պարունակեին, ապա կրկին պիտի տրամադրվեին այն հայցող դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությանը, քանի որ նույն հկ-ները հանրային հսկիչի գործառույթով են օժտված և պիտի կարողանան ստուգել պետական մարմնի գործունեությունը և թափանցիկության երաշխավորներից մեկը հանդիսանան։ Քննչական կոմիտեի գործողությունները իրավաչափ չեն՝ հայցվող տեղեկատվությունը չտրամադրվելու առնչությամբ»։  Հանրային հսկիչ արտահայտությունը տարակուսանք առաջացրեց քննչական կոմիտեի ներկայացուցիչների մեջ. «Քիչ առաջ հայցվորի ներկայացուցիչն ասաց, որ իրենք օժտված են հանրային հսկիչի գործառույթով։ Եթե դժվար չի, թող ասեն՝ ինչ իրավական ակտով է դա սահմանվում և հնարավորության դեպքում տրամադրեն, որպեսզի մենք իմանանք՝ էդ հանրային հսկիչը ինչ բան է, ինչի մասին է խոսքը»։  Հայցվորի ներկայացուցչի պատասխանը, որ ՄԻԵԴ-ը մի շարք վճիռներում իրավական դիրքորոշում է հայտնում, որ հկ-ները, ինչպես ԶԼՄ-ները, օժտված են հանրային հսկիչի գործառույթով, չբավարարեց կոմիտեի ներկայացուցիչներին։ Նրանց կարծիքով՝ հանրային հսկիչի գործառույթը պիտի սահմանված լինի հկ-ների կանոնադրությամբ , այլապես «ում խելքը փչի, կարող է գալ զբաղվել հասարակական հսկիչի գործունեությամբ»։ Սերգեյ Գրիգորյանի հարցին, թե  արդյո՞ք կասկածի տակ են դնում այն, որ հկ-ն կարող է ներկա գտնվել քննչական կոմիտեում անցկացվող մրցույթին, կոմիտեի ներկայացուցիչները դրական պատասխանեցին՝ ասելով, որ իրենք թույլ են տվել դիտորդական առաքելություն իրականացնել, ոչ թե վերահսկիչ։  Իհարկե, այսքանից հետո երևի դժվար կլինի քննչական կոմիտեի ներկայացուցիչներին որևէ կերպ բացատրել դիտորդական առաքելության իմաստն ու նպատակը, եթե վերջինս չի հասկանում, որ այն չի կարող չընդգրկել գործընթացի վերահսկումը։

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հուլիսի 20-ին։ 


Comments To "«Էդ հանրային հսկիչն ի ՞նչ ա՝ ասեք՝ մենք էլ իմանանք»" - 0 item(s)

Write a comment

Your Name:


Your Comment: Note: HTML is not translated!

Enter the code in the box below: