Քննչական կոմիտեն և նրա ներկայացուցիչը` տարակարծիք

Քննչական կոմիտեի և վերջինիս ներկայացուցչի կարծիքները չեն համընկնում

Ապրիլի 4-ին ՀՀ վարչական դատարանում ընթացավ «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ն ընդդեմ ՀՀ քննչական կոմիտեի գործով նախնական դատական նիստը: ԻԵՄ-ը հայց էր ներկայացրել ՀՀ քննչական կոմիտեի դեմ` պահանջելով ոչ իրավաչափ ճանաչել վերջինիս գործողությունները և պարտավորեցնել պատասխանողին իրեն տրամադրել 2015 թ. հուլիսի 9-ի հարցմամբ պահանջված տեղեկատվությունը, որը վերաբերում է նույն թվականի հունիսի 26-ին անցկացված մրցույթին: ԻԵՄ-ն իր հարցմամբ քննչական կոմիտեից պահանջել էր մրցույթի վերաբերյալ տեղեկատվություն, սակայն կոմիտեն որոշել էր չտրամադրել այն` հղում կատարելով անձնական տվյալների պաշտպանության մասին ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետին և նշելով, որ տեղեկատվության տրամադրումը կխախտի քննության մասնակիցների անձնական կյանքի անձեռնմխելիության իրավունքը:

Անձնական կյանքի անձեռնմխելիությու ՞ն, թե ՞ թափանցիկ մրցույթ

 Արդեն տևական ժամանակ է` պետական մարմինների համար ընդունված պրակտիկա է դարձել տեղեկատվություն չտրամադրելը փորձել հիմնավորել անձնական տվյալների պաշտպանությամբ: Այս մոտեցումը իրականում ոչ միայն հարմար առիթ է տեղեկատվության տրամադրման մերժումը ինչ-որ կերպ հիմնավորել փորձելու համար, այլև հստակ ցուցիչ է պետական մարմինների վարած քաղաքականության: Նախ` այս գործի օրինակով պահանջված տեղեկություններից գրավոր քննության քննական տարբերակները, հարցատոմսերի քանակը, տոմսերում ներառված հարցերը, կոմիտեի որակավորման հանձնաժողովի բոլոր նիստերի արձանագրությունները որևէ կերպ չեն կարող դիտարկվել որպես անձնական տվյալ: Որպես այդպիսին գուցե հնարավոր լինի դիտարկել  միայն հավակնորդների գրած թեստերի ստուգված տարբերակները և   գրված աշխատանքները ստուգող անձանց տվյալները, սակայն եթե անգամ այդպես է, արդյո՞ք դա կարող է պատճառ դառնալ տեղեկատվության տրամադրումը մերժելու և մրցույթի թափանցիկությունը ոչնչացնելու համար: ԻԵՄ-ի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը դատարանում նշեց, որ դատարանը պիտի առաջնորդվի ՄԻԵԴ-ի հարուստ պրակտիկայով, որի համաձայն` տեղեկությունները ստանալը, փնտրելը ենթադրում է նաև փաստաթղթերի մատչելիություն, որը անձնական կյանքի գաղտնիության բաղադրիչ չէ:  Անդրադառնալով անձնական տվյալների պաշտպանության և մրցույթի թափանցիկության հարցերին` փաստաբանը նշեց. «Քննչական կոմիտեն  պիտի ապացուցի, որ անձնական տվյալների պաշտպանության պարտականությունը գերակշռում է հանրության տեղեկացված լինելու իրավունքի նկատմամբ, այն պարագայում, երբ խոսքը հանրային պաշտոններ զբաղեցնելու համար հայտ ներկայացրած անձանց մասին է: Առանց այս տվյալների հնարավոր չէ հանրային հսկողություն մրցույթի թափանցիկության և օբյեկտիվության նկատմամբ»: Այնինչ, փորձը ցույց է տալիս, որ պետությունը, ի դեմս պետական կառույցների և դատարանների, անձնական տվյալների պաշտպանության պատրվակով պաշտպանում է կոնկրետ անձանց, որոնք անհայտ և հնարավորինս գաղտնի պայմաններում ընտրվում են պետական պաշտոններում: Վերջիններս կոչված են ծառայելու հանրությանը, որի առաջ էլ, բնականաբար, պատասխանատու են, հետևաբար հանրության տեղեկացված լինելու իրավունքը պիտի լիներ առաջնային: Դա հնարավորություն կտար նաև մեծացնել նրանց, հետևաբար և` պետական մարմինների աշխատանքի արդյունավետությունն ու որակը, սակայն պետական մարմինները նման ցանկություն կարծես թե չունեն: Անդրադառնալով մրցույթի թափանցիկ լինելուն` քննչական կոմիտեի ներկայացուցիչն ասաց, որ եթե մտահոգ չլինեին մրցույթի թափանցիկ ընթացքով, թույլ չէին տա դիտորդություն իրականացնել, այնինչ նշենք, որ պետական տարբեր մարմինները հենց այդպես էլ սկսել են վարվել` հիմնականում մերժելով հկ-ի` մրցույթները դիտարկելու մասին դիմումները: Ի դեպ, մրցույթին դիտորդի ներկայություն թույլ տալը դեռևս չի նշանակում թափանցիկությունը հսկելու միջոցների ապահովում: Կոնկրետ այս դատական գործի հիմքում ընկած մրցույթի դեպքում քննչական կոմիտեն թույլ է տվել մասնակցել ԻԵՄ-ի միայն մեկ դիտորդի` համարելով, որ մեկ դիտորդի ներուժը բավարար է հսկայական դահլիճում տեղի ունեցող մրցույթը դիտարկելու համար, այնինչ դիտարկումը նման պայմաններում դառնում է անարդյունավետ:

 

Քննչական կոմիտեի ներկայացուցիչը համաձա՞յն չէ քննչական կոմիտեի հետ

Այս դատական նիստով քննչական կոմիտեի ներկայացուցիչ Հակոբ Հակոբյանի գիտելիքների մակարդակը ևս վկայում է մրցույթների թափանցիկության անհրաժեշտության մասին: Նախ` անդրադառնանք նրան, որ թե՛ հարցման մերժման մեջ, թե՛ հայցին ներկայացրած առարկությունում քննչական կոմիտեն նշել է, որ տեղեկատվությունը չի կարող տրամադրվել, քանի որ, ի տարբերություն ՀՀ Սահմանադրությամբ նախատեսվածի, այն ոչ թե տեղեկատվություն է, այլ տեղեկատվության հիմք: Բանն այն է, որ թե՛ ՀՀ Սահմանադրությունում, թե՛ տեղեկատվության մասին ՀՀ օրենքում որևէ կերպ սահմանված և գործածված չէ տեղեկատվության հիմք արտահայտությունը:

Բացի սրանից` Հակոբ Հակոբյանին կարծես թե այնքան էլ պարզ չէր, որ դատարանում ինքը ներկայացնում է ՀՀ քննչական կոմիտեի շահերը: Դատական նիստի ողջ ընթացքում նրա և կոմիտեի տեսակետները չէին համընկնում միմյանց, և իր պատասխաններից առաջ նա հաճախ նշում էր, որ ինքը` որպես իրավաբան, այս կամ այն կարծիքին է: Թեպետ կոմիտեի պատասխանում, ինչպես նշեցինք, տեղեկատվության տրամադրումը  պատճառաբանել են անձնական տվյալների անձեռնմխելիությամբ, սակայն Հակոբյանը նշեց, որ իր կարծիքով` քննական տոմսերի համարները, տոմսերը անձնական տվյալներ չեն, այլ տեղեկատվություն են: Դատարանի այն հարցին, թե ինչու՞ այդ դեպքում այս տեղեկությունները չեն տրամադրել հայցվորին, Հակոբյանը նշեց, որ ենթադրում է, որ պահանջվածը  միասնական է դիտարկվել և համարվել տեղեկատվության հիմք: Այնուհետև նա նշեց, որ այդ տեղեկատվությունը կտրամադրվի, ինչը հայցվորի ներկայացուցիչ Եգորյանը միանշանակ չընդունեց` հարցնելով` հաստա՞տ: Հավանաբար ինքն էլ կասկածելով իր ասածի հնարավորությանը` Հակոբյանն ասաց, որ տոմսերի համար պատասխանատու վարչության պետը Հայաստանում չէ, և իրենք չեն կարող նրա համակարգչից օգտվել մինչև նրա վերադառնալը: Փաստորեն կոմիտեի աշխատակիցը կարող է անհետանալ, ինչի պատճառով նրա պաշտոնի հետ կապված ողջ աշխատանքը անհայտ ժամանակով կանգ կառնի:  

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա մայիսի 26-ին` ժամը 15:00-ին:

 

 

 

 

 

 

 


Comments To "Քննչական կոմիտեն և նրա ներկայացուցիչը` տարակարծիք" - 0 item(s)

Write a comment

Your Name:


Your Comment: Note: HTML is not translated!

Enter the code in the box below: