Վճիռ` առանց ԱԳՆ-ի և ԱՆ-ի հայտարարությունները ստուգելու

Դատարանը վճիռ է կայացրել` առանց ԱԳՆ-ի և ԱՆ-ի հայտարարությունների իսկությունը ստուգելու

Մեր հրապարակումներից մեկում անդրադարձել էինք «Իրավունքի Եվրոպա միավորում» հկ-ն ընդդեմ արտաքին գործերի նախարարության և արդարադատության նախարարության դատական գործին: Իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը դիմել էր ՀՀ վարչական դատարան` պահանջելով պարտավորեցնել վերոնշյալ նախարարություններին իրեն տրամադրել ՄԻԵԴ-ի Հայաստանի դատավորի թեկնածուի մրցույթին առնչվող այն տեղեկությունները, որոնք նախարարությունները հրաժարվել էին տրամադրել: Խոսքը մասնավորապես մրցույթի թեկնածուների վերաբերյալ փորձագետների խորհրդատվական խմբի՝ 2014 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ (2014)6ARM կարծիքի և  2014 թվականի նոյեմբերին ՀՀ արտաքին գործերի նախարարության միջոցով Խորհրդատվական խմբին վերջինիս հարցմանն ի պատասխան տրամադրված լրացուցիչ տեղեկատվությունը, որը ներառում է ներպետական մրցույթում հաղթող ճանաչված թեկնածուների   կենսագրությունները և թեկնածուների ընտրության ընթացակարգի նկարագրությունը:

Վարչական դատարանն արդեն կայացրել է վճիռ` անհիմն համարելով և մերժելով հկ-ի հայցն ամբողջությամբ: Դատարանն իր վերլուծությունների և դրանց արդյունքում կայացրած վճռի հիմքում դրել է մրցույթին մասնակից թեկնածուների հեղինակությանը չվնասելու հարցը: Անդրադառնալով խորհրդատվական խմբի կարծիքը տրամադրելու հարցին` դատարանը համարել է, որ հայցն այդ մասով անհիմն է, քանի որ այդ կարծիքը համարվում է գաղտնի: Դատարանը, սակայն, հաշվի չի առել այն հանգամանքը, որ ԱԳՆ-ն արդեն մեկ անգամ հրապարակել էր այդ տեղեկատվությունը` նշելով, որ թեկնածուներից Նելիկ Հարությունյանը չի համապատասխանում ճանաչված իրազեկ իրավագետ լինելու չափանիշին: Ըստ հկ-ի ներկայացուցիչների` դրա հետևանքով վերացել է այն միակ իրավաչափ նպատակը, որը կարող էր արդարացնել ԵԽ փորձագետների խմբի կարծիքի հրապարակման սահմանափակումը. «Պահանջվող տեղեկատվության հրապարակման պարագայում Նելիկ Հարությունյանի հեղինակությունը չի կարող տուժել ավելին, քան այժմ», - նշված է հկ-ի ներկայացրած վերաքննիչ բողոքում:

 

Խորհրդատվական խմբի խնդրանքով վերջինիս ուղարկված կարծիքին և հավակնորդների կենսագրությունների տրամադրման հարցին անդրադառնալով` դատարանը կրկին կարևորել է այն, որ նման տեղեկատվություն տրամադրելը կարող է վնասել հավակնորդների հեղինակությունը և բարի համբավը: Ըստ դատարանի` պետությունը պարտավորվել էր ապահովել այդ անձանց կենսագրությունների կոնֆիդենցիալությունը: Իսկ մրցույթի ընթացակարգը չտրամադրելը դատարանը հիմնավորել է նրանով, որ այդ ընթացակարգը ԵԽԽՎ-ին ուղարկվել է գաղտնի` ոչ հրապարակային նամակագրությամբ, ինչի պատճառով չէր կարող տրամադրվել այն հայցող կազմակերպությանը: Դատարանը նաև համարել է, որ պատասխանողներից և ոչ մեկը չի տիրապետել այդ տեղեկությանը, այնինչ հայցվոր կազմակերպության ներկայացուցիչները անհիմն են համարում դատարանի այդ դիրքորոշումը` նշելով, որ դատարանը անհրաժեշտ քայլեր չի կատարել ԱԳՆ-ի և ԱՆ-ի հայտարարություններն ստուգելու համար` փոխարենը դրանք համարելով հավաստի: Այնինչ կարևոր է այն հանգամանքը, որ արդարադատության նախարարությունը պետք է ունենա այդ տեղեկությունը, քանի որ ըստ արդարադատության նախարարության` նախարարի հրամանի` այդ նախարարությունում վարվող ողջ գործավարությունը պահպանվում է կառավարության ստեղծած էլեկտրոնային համակարգում, և եթե անգամ այն ուղարկվել է նախագահի աշխատակազմ, դա չի նշանակում, որ արդարադատության նախարարությունը դրան չի տիրապետում: Այս ամենից կարելի է եզրակացնել, որ դատարանը չի եղել անաչառ և կողմնակալություն է դրսևորել նախարարությունների նկատմամբ`  առանց կատարելու իր պաշտոնական պարտականությունները և հիմնավոր համարելով վերջիններիս կատարած հայտարարությունները:

Վերաքննիչ դատարանը դեռևս որոշում չի կայացրել. վերջինիս կայացրած որոշման մասին կտեղեկացնենք հաջորդիվ:


Comments To "Վճիռ` առանց ԱԳՆ-ի և ԱՆ-ի հայտարարությունները ստուգելու" - 0 item(s)

Write a comment

Your Name:


Your Comment: Note: HTML is not translated!

Enter the code in the box below: