Տեղեկատվություն չտրամադրելը` ոչ իրավաչափ

Տեղեկատվություն չտրամադրելը` ոչ իրավաչափ

Ինչպես արդեն հայտնել ենք, «Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը դիտարկել է տարբեր պետական պաշտոնյաների, այդ թվում` դատավորների թեկնածուների ընտրության գործընթացը: Հկ-ն դիտորդական առաքելության  ընթացում համապատասխան պետական մարմիններից հայցել էր մրցութային գործընթացին վերաբերող տարբեր փաստաթղթեր, սակայն, որպես կանոն, զրկվել էր դրանց ծանոթանալու հնարավորությունից: Դրանից հետո հայցվող փաստաթղթերը ստանալու նպատակով ԻԵՄ-ը դիմել է ՀՀ դատական ատյաններ պետական տարբեր մարմինների, այդ թվում՝  ՀՀ արդարադատության ակադեմիայի դեմ:                          

2015 թ. հունվարին ԻԵՄ-ը դիմել էր Արդարադատության ակադեմիա ՊՈԱԿ-ի ռեկտոր Ռուբեն Մելիքյանին՝ խնդրելով տրամադրել ՀՀ դատավորների թեկնածուների ցուցակի համալրման նպատակով 2014 թ. նոյեմբերի 1-ին ՀՀ արդարադատության խորհրդի կողմից անցկացված որակավորման ստուգման գրավոր փուլի քննական տարբերակները, սակայն ստացել էր մերժում, որում որպես հայցվող տեղեկատվությունը չտրամադրելու հիմնավորում՝ հղում էր կատարվել «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ կետին, ըստ որի՝ տեղեկատվության տնօրինողը մերժում է տեղեկատվության տրամադրումը, եթե դա խախտում է հեղինակային իրավունքը և/կամ հարակից իրավունքները, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1112 հոդվածի 1-ին մասի 1-ին կետին, ըստ որի՝ հեղինակային իրավունքի օբյեկտներ են գրական (գրական-գեղարվեստական, ուսումնական, հրապարակախոսական և այլ) ստեղծագործությունները, ՀՀ քրեական օրենսգրքի 332.4 հոդվածին, համաձայն որի՝ քրեական պատասխանատվություն է սահմանվում դատավորների որակավորման քննության կամ մասնագիտական պատրաստման քննությունների հարցերի գաղտնիությունը խախտելու համար: ԻԵՄ-ը անհիմն է համարել արդարադատության ակադեմիայի՝ տեղեկատվության տրամադրման մերժման հիմքերը: Դատարան ներկայացրած հայցում հկ-ն նշել է, որ ըստ ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածի՝ հկ-ների ներկայացուցիչների համար տեղեկությունների տրամադրման սահմանափակումներ չկան, ինչը նշանակում է, որ  տեղեկատվության տրամադրման համար օրենքով նախատեսված սահմանափակումներ ևս չկան: Ըստ հկ-ի` պատասխանող արդարադատության ակադեմիան իրավունք չունի սահմանափակելու դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպության՝ տեղեկատվություն ստանալու իրավունքը, քանի որ պատասխանողի գործունեությունից են բխում հրապարակայնությունը և թափանցիկությունը, ինչը չի կարող իրականանալ տեղեկատվության տրամադրումը մերժելով: ԻԵՄ-ը նշել է, որ տեղեկատվության ազատությանը միջամտելու այս ակտը չի համապատասխանում ՄԻԵԴ-ի եռաստիճան թեստին, այսինքն՝ սահմանված չէ օրենքով, չի հետապնդում իրավաչափ նպատակ և անհրաժեշտ չէ ժողովրդավարական հասարակությունում:  ԻԵՄ-ը պահանջել է դատարանից ամբողջությամբ վերացնել պատասխանողի վարչական ակտը, պարտավորեցնել պատասխանողին ընդունել այն բարենպաստ վարչական ակտը, որի ընդունումը մերժվել է, և տրամադրել հարցումներով փնտրվող տեղեկատվությունը:

Ամփոփիչ ճառում ԻԵՄ-ի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը հղում է կատարել նաև պաշտոնական փաստաթղթերի հասանելիության վերաբերյալ միջազգային փաստաթղթերին, որոնցում սահմանված է այդ փաստաթղթերի սահմանափակելիության շրջանակը, ինչը չի ընդգրկում գրավոր քննությունների տարբերակ չտրամադրելը :

Չնայած վերոնշյալին, դատարանն իր վճռով մերժել է ԻԵՄ-ի հայցը՝ նշելով, որ հայցվող տեղեկատվությունը պաշտոնական փաստաթուղթ չէ, ուստի և՝ տեղեկություն ևս չէ՝ պաշտոնական փաստաթղթերի մատչելիության իմաստով: Դատարանը եզրակացրել է, որ հայցվող քննական տարբերակները չեն կարող պահանջվել տեղեկություն փնտրելու և ստանալու իրավունքի համատեքստում` որպես այդ իրավունքի իրացման դրսևորում: Ըստ ԻԵՄ-ի ներկայացուցիչների` քննության տարբերակները պաշտոնական փաստաթուղթ են, քանի որ կազմված են հանրային իշխանության մարմնի` արդարադատության ակադեմիայի կողմից: Հկ-ն դիմել է վերաքննիչ վարչական դատարան` պահանջելով բեկանել վարչական դատարանի վճիռը և կայացնել նոր դատական ակտ` բավարարելով հայցը:

Վերաքննիչ վարչական դատարանում նիստը տեղի կունենա մայիսի 4-ին` ժամը 10-ին:


                       

 

 


Comments To "Տեղեկատվություն չտրամադրելը` ոչ իրավաչափ" - 0 item(s)

Write a comment

Your Name:


Your Comment: Note: HTML is not translated!

Enter the code in the box below: