Սահմանափակվում է տեղեկություններ ստանալու իրավունքը

Դատարանի վճիռը սահմանափակում է դիմողի՝ տեղեկություններ ստանալու   իրավունքը

Ինչպես արդեն տեղեկացրել ենք,  «Իրավունքի Եվրոպա միավորում»  իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը ներպետական տարբեր մարմինների դեմ հայցեր էր ներկայացրել ՀՀ վարչական դատարան, քանի որ վերջիններս մերժել էին տրամադրել հկ-ի կողմից պահանջվող տեղեկությունները: ԻԵՄ-ը երկու հայց էր ներկայացրել Արդարադատության խորհրդի դեմ, քանի որ վերջինս հրաժարվել էր ԻԵՄ-ին տրամադրել դատավորների թեկնածուների ընտրությանը վերաբերող համապատասխան փաստաթղթերը: Հայցերից մեկով ԻԵՄ-ը պահանջել էր Արդարադատության խորհրդից իրեն տրամադրել ՀՀ դատավորների թեկնածուների ցուցակի համալրման նպատակով 2014 թ.-ի դեկտեմբերի 10-12-ին և 2015 թ.-ի հունվարի 26-ին անցկացված որակավորման ստուգման քննության բանավոր փուլի յուրաքանչյուր մասնակցի վերաբերյալ՝ ՀՀ արդարադատության խորհրդի անդամների եզրակացությունը և հատուկ կարծիքները: ԻԵՄ-ը նաև խնդրել է մանրամասնել, թե ինչ չափանիշներով է իրականացվում մասնակիցների գնահատումը այս փուլում, և տրամադրել հարցազրույցի փուլի բոլոր մասնակիցների հարցաշարերը, հոգեբանական թեստերն ու դրանց արդյունքները, հարցազրույցների գնահատականները՝ ըստ արդարադատության խորհրդի առանձին անդամների, ինչպես նաև մնացած բոլոր մրցութային փաստաթղթերը: Ի պատասխան ԻԵՄ-ի հարցման՝ արդարադատության խորհուրդը ԻԵՄ-ին տրամադրել է միայն հատուկ կարծիքի պատճենը՝ մնացած փաստաթղթերի տրամադրումը մերժելով:

Արդարադատության խորհրդի դեմ մյուս հայցով ԻԵՄ-ը պահանջել էր իրեն տրամադրել ՀՀ արդարադատության խորհրդի 2015թ. հունվարի 26-ի «Դատավորների թեկնածությունների ցուցակի լրացման մասին» թիվ ԱԽ-2-Ո-5 որոշման պատճենը, դատավորների թեկնածուների ցուցակի համալրման նպատակով 2015 թ. հունվարի 26-ին անցկացված որակավորման ստուգման քննության բանավոր փուլի արդյունքների վերաբերյալ ամփոփիչ  քննարկման ավարտից հետո կայացված քվեարկության արդյունքները, մասնավորապես՝ թե հավակնորդներից յուրաքանչյուրը քանի կողմ և քանի դեմ ձայն է ստացել, ՀՀ արդարադատության խորհրդի անդամների հատուկ կարծիքները, եթե այդպիսիք առկա են: Միաժամանակ, կազմակերպության նախագահ Լուսինե Հակոբյանը խնդրել է պարզաբանել, թե ՀՀ դատական օրենսգրքի 115.2-րդ հոդվածում մատնանշված հոգեբանական թեստերն ինչպես են կազմվում, ում կողմից, ինչպես են գնահատվում և ում կողմից, ինչպես են ընտրվում հոգեբանական թեստը կազմող անձինք, ինչպիսի հարցերի շուրջ և ինչ նյութերի հիման վրա են կազմվում հոգեբանական թեստերը: Արդարադատության խորհուրդը մերժել է տրամադրել այս փաստաթղթերը՝ մասնավորապես պահանջվող երկրորդ փաստաթղթի տրամադրումը մերժելու մասով հղում կատարելով ՀՀ դատական օրենսգրքի 115.1-րդ հոդվածի 3-րդ մասին. «Գրավոր քննության, ինչպես նաև Արդարադատության խորհրդում  հարցազրույցի ողջ ընթացքը, բացառությամբ Խորհրդի անդամների միջև հարցազրույցի արդյունքների ամփոփիչ քննարկման, տեսաձայնագրվում է Արդարադատության խորհրդի աշխատակազմի կողմից»: Ըստ արդարադատության խորհրդի՝ օրենքի այս կետի մեկնաբանության, խորհրդի անդամների միջև հարցազրույցի արդյունքերի քննարկումը տեղի է ունենում փակ ընթացակարգով, ուստի և պահանջվող տեղեկատվությունը չի կարող տրամադրվել: Պատասխանում նշված է նաև, որ հատուկ կարծիք առկա չէ, իսկ հոգեբանական թեստեր կազմելու համար իրենք դիմել են ԵՊՀ հոգեբանության և փիլիսոփայության ֆակուլտետի ընդհանուր հոգեբանության ամբիոնին:

Պահանջված տեղեկատվության մերժումն անհրաժեշտ չէ ժողովրդավարական հասարակությունում

Պահանջվող տեղեկատվության մերժումը կարևոր է խոսքի ազատության տեսանկյունից. թե՛ ՀՀ Սահմանադրությամբ, թե՛ Կոնվենցիայով խոսքի ազատության իրավունքը ներառում է նաև տեղեկություններ և գաղափարներ ստանալու, տարածելու ազատությունը (ՀՀ Սահմանադրությամբ՝ նաև փնտրելու): Այս իրավունքները կարող են սահմանափակվել, եթե նախատեսված են օրենքով, անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակությունում և հետապնդում են Կոնվենցիայի 10-րդ հոդվածի երկրորդ մասում թվարկված իրավաչափ նպատակներից որևէ մեկը:

ՄԻԵԴ-ը սահմանել է, որ ժողովրդավարական հասարակությունում սահմանափակման անհրաժեշտության հարցը գնահատելիս դատարանը պետք է մտապահի, որ «անհրաժեշտը» հաճախ ավելին է, քան «օգտակարը», «ողջամիտը» կամ «ցանկալին», և որ այն պետք է բխի ճնշող հասարակական կարիքից, լինի համաչափ հետապնդող իրավաչափ նպատակին, և սահմանափակման անհրաժեշտությունը պետք է հիմնավորվի համոզիչ փաստերով: Ըստ դիմող կողմի՝ ժողովրդավարական հասարակությունում այս միջամտության անհրաժեշտ չլինելու մասին դիմումում նշվում է. «… դատավորների թեկնածուների ընտրության նման կարևոր և հանրային նշանակության գործընթացում պահանջվող տեղեկատվության հրապարակայնությունն է բխում ճնշող հասարակական կարիքից, այլ ոչ թե թեկնածուների իրենց վերաբերող տեղեկությունների գաղտնիությունն ապահովելը»:    

Դատարանը մերժել է հայցերը. տեղեկատվությունը չի տրամադրվի

ԻԵՄ-ն ընդդեմ արդարադատության խորհրդի նշված երկու գործերով էլ դատարանը մերժել է ԻԵՄ-ի հայցը` հղում կատարելով ՀՀ դատական օրենսգրքի 115.1 հոդվածի 3-րդ մասին և 117-րդ հոդվածի 4-րդ մասին և համարելով, որ պահանջվող տեղեկատվությունը չտրամադրելը անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում՝ արդարադատության խորհրդի անդամների և հարցազրույցների մասնակիցների անձնական կյանքի անձեռնմխելիությունն ապահովելու իրավաչափ նպատակի համար: Դատարանը իր վճռում անձնական կյանքի և տեղեկատվության ազատության մասին իրավունքների միջև արդարացի հավասարակշռության չափանիշ է համարել այն հանգամանքը, թե արդյո՞ք տվյալ տեղեկատվությունը աջակցում/նպաստում է հանրային նշանակության հարցի շուրջ բանավեճին, և այս համատեքստում առանձնացրել է ՀՀ դատական օրենսգրքով ամրագրված ՀՀ արդարադատության խորհրդի անդամների հատուկ կարծիքի ինստիտուտը, որը հրապարակային է: Մյուս կողմից՝ դատարանը նշել է նաև, որ որևէ այլ կերպ, քան խնդրո առարկա տեղեկատվությունը չտրամադրելն է, հնարավոր չէ ապահովել քվեարկության գաղտնիությունը, հետևաբար նաև՝ գործընթացում ներգրավված անձանց՝ անձնական տվյալների պաշտպանությունը: Ուշագրավն ու հակասականն այն է, որ ԻԵՄ-ին հունվարի 27-ի հարցմանն ի պատասխան տրամադրված հատուկ կարծիքում երևում է ՀՀ նախագահի հաստատմանը ներկայացված՝ քաղաքացիական գործեր քննող դատավորների ցուցակում ընդգրկված երեք հավակնորդներից յուրաքանչյուրի, ինչպես նաև ցուցակում չընդգրկված հավակնորդներից մեկի օգտին խորհրդի անդամների կողմից տրված դեմ և կողմ ձայների քանակը: Փաստորեն այսպիսով հրապարակվել է այն տեղեկատվությունը, որն ըստ արդարադատության խորհրդի՝ տրամադրման ենթակա չէ, վարվում է փակ ընթացակարգով, իսկ ըստ դատարանի՝ խախտում է թեկնածուների ու քվեարկողների անձնական կյանքի գաղտնիության իրավունքը: Հասկանալի չէ, թե ինչպես դատավոր Լիանա Հակոբյանը չի նկատել այս էական հակասությունը, սակայն դրանով հանդերձ պետք է արձանագրել, որ դատարանի այս որոշումը սահմանափակնում է ԻԵՄ-ի՝ տեղեկություններ փնտրելու, ստանալու, տարածելու իրավունքը, իսկ Լիանա Հակոբյանը ևս մեկ անգամ ապացուցում է, որ նա այն թեկնածուն չէր, որ պետք է ընդգրկվեր Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորների` Հայաստանի կողմից ներկայացված երեք թեկնածուների ցուցակում առնվազն արտահայտվելու ազատության իրավունքի ընկալումից մղոններով հեռու լինելու պատճառով:    

Այժմ գործերը գտնվում են վերաքննիչ վարչական դատարանի վարույթում: «Իրավունքի Եվրոպա միավորում» հկ-ն բողոքարկել է վարչական դատարանի վճիռները` պահանջելով բեկանել դրանք:  


Comments To "Սահմանափակվում է տեղեկություններ ստանալու իրավունքը" - 0 item(s)

Write a comment

Your Name:


Your Comment: Note: HTML is not translated!

Enter the code in the box below: