Նաղդալյանը չի հասկացել միջանկյալ դատական ակտի իմաստը

Հերմինե Նաղդալյանը չի հասկացել միջանկյալ դատական ակտի իմաստը

2014 թ. հունվարի 2-ին «Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը դիմել է ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Կարինե Շիմշիրյանին` խնդրելով տեղեկություն տրամադրել Եվրոպայի խորհրդի խոշտանգումների կանխարգելման կոմիտեում ՀՀ ներկայացուցչի ընտրության ընթացակարգի վերաբերյալ: Վերջինս, սակայն, այդպես էլ որևէ պատասխան չէր տվել ԻԵՄ-ի հարցմանը, ինչի պատճառով ՀԿ-ն դիմել է ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակությանը` պահանջելով տրամադրել իրենց հայցած տեղեկատվությունը, ինչպես նաև պատասխանատվության ենթարկել Կարինե Շիմշիրյանին` պահանջված տեղեկատվությունը չտրամադրելու և այդ ուղղությամբ որևէ քայլ չկատարելու կապակցությամբ: Այս պահանջից հետո միայն ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը պատասխանել է ՀԿ-ի նախագահ Լուսինե Հակոբյանին` տրամադրելով պահանջվող տեղեկատվության մի մասը միայն:

Այս փաստերի առթիվ իրավապաշտպան ՀԿ-ն դիմել էր վարչական դատարան` պահանջելով ոչ իրավաչափ ճանաչել  ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության գործողությունները և պարտավորեցնել վերջինիս տրամադրել հարցումով հայցվող տեղեկատվությունը: Դատարանը, սակայն, մերժել է հայցը վարույթ ընդունել` համարելով, որ ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակությունը ՀՀ օրենսդիր, գործադիր կամ դատական իշխանություններից որևէ մեկի մաս չէ` հաշվի չառնելով, սակայն, որ հայցով պատասխանող է մատնանշված նաև ՀՀ ազգային ժողովը: ՀԿ-ն այնուհետև բողոքարկել էր այս որոշումը վարչական դատարան` պահանջելով վերացնել վարչական դատարանի` հայցադիմումի ընդունումը մերժելու մասին որոշումը: Վերաքննիչ վարչական դատարանը մասամբ բավարարել էր ՀԿ-ի հայցը այն մասով, որ պատասխանող է նաև ԱԺ-ն, և ստորադաս դատարանը չէր կարող հայցի ընդունելությունն ամբողջությամբ մերժել այն հիմնավորմամբ, որ ԵԽԽՎ-ն պատասխանող չէ: Հերմինե Նաղդալյանը, սակայն, հավանաբար կարծել է, որ այս ակտը արդեն պարտավորեցնում է իրեն տրամադրել տեղեկատվությունը և համապատասխան քայլեր է արել այդ ուղղությամբ` տրամադրելով պահանջվող տեղեկատվության մեկ այլ մասը ևս: Փաստորեն ԱԺ փոխնախագահը չի հասկացել միջանկյալ դատական ակտի իմաստը, դերն ու նշանակությունը:

Այնուհետև հկ-ն բողոքարկել է վերաքննիչ վարչական դատարանի որոշումը ևս, սակայն վճռաբեկ դատարանը հայցը վարույթ չի ընդունել:


Comments To "Նաղդալյանը չի հասկացել միջանկյալ դատական ակտի իմաստը" - 0 item(s)

Write a comment

Your Name:


Your Comment: Note: HTML is not translated!

Enter the code in the box below: