Ուրիշի փոխարեն քվեարկելը` պետական կարևորության գործ

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանն այսօր ևս մեկ արագացված դատաքննություն իրականացրեց` ուրիշի փոխարեն քվեարկած և դիտորդի գործողությունները խոչընդոտած հանձնաժողովի նախագահ Սերգեյ Ավագյանին դատապարտելով մեկ միլիոն դրամ տուգանքի, թեպետ մեղադրողը պահանջել էր մեկ միլիոն երկու հարյուր հազար դրամ տուգանք:

Չնայած նրան, որ դիտորդ Գոհար Աբրահամյանի ներկայացուցիչներ Դավիթ Գյուրջյանը և Արա Կարագյոզյանը առարկեցին մեղադրյալի` արագ դատաքննություն անցկացնելու միջնորդությանը` դատավորն այնուամենայնիվ որոշեց անցկացնել արագացված դատաքննություն` անհիմն համարելով Դավիթ Գյուրջյանի ներկայացրած փաստարկները: Գյուրջյանի որակմամբ` նախաքննությունը լվացել է իր ձեռքերը այս գործից` հիմնվելով Սերգեյ Ավագյանի ինքնախոստովանական ցուցմունքի վրա և չկատարելով համապատասխան գործողություններ` կատարված հանցագործությունն ամբողջությամբ բացահայտելու ուղղությամբ: Նախաքննության մարմինն, օրինակ, ձեռագրաբանական փորձաքննության է ուղարկել միայն Ավագյանի ձեռագիրը` նախաքննությունն ավարտելով առանց փորձաքննության եզրակացության: Այնինչ հնարավոր է, որ կեղծիքներ կատարել են նաև հանձնաժողովի այլ անդամներ, ինչը կարող էր փոխել Սերգեյ Ավագյանի մեղադրանքը. «Ուրիշի փոխարեն քվեարկողների շրջանակն ավելի լայն է. մասնավորապես չի ավարտվել հանձնաժողովի անդամ Կարեն Ազիզբեկյանի հարցաքննությունը»,- նշեց Գյուրջյանը: Նրա խոսքով` նախաքննության մարմինը չի հետազոտել ընտրողների ստորագրած ցուցակները, որոնց քննությունը կարող էր հայտնաբերել, որ քվեարկվել է այլ անձանց փոխարեն ևս:

Դիտորդ Գոհար Աբրահամյանի ներկայացուցիչները նաև միջնորդեցին գործով տուժող ճանաչել Սոկրատ Խալաֆյանին և Տաթևիկ Հարությունյանին, որոնց փոխարեն Սերգեյ Ավագյանը քվեարկել էր` այդպիսով խախտելով նրանց ընտրական իրավունքը: Դատարանը մերժեց այս միջնորդությունը ևս: Ուշագրավ էր մեղադրող դատախազ Դոլմազյանի արձագանքը: Վերջինս նշեց, որ այս քաղաքացիները չէին էլ մասնակցելու քվեարկությանը, հետևաբար այնպես չէ, որ նրանց ընտրական իրավունքն ըստ էության խախտվել է:  Նույն հաջողությամբ դատախազը կարող էր բերել նաև այն պատճառաբանությունը, որ այդ մարդիկ չէին զրկվել իրենց ընտրական իրավունքից, քանի որ նրանք էլ իրենց հերթին կարող էին գալ և քվեարկել այլ անձանց փոխարեն: Դատախազի տրամաբանությամբ առաջնորդվելու դեպքում` գուցե անգամ հնարավոր լինի ասել, որ Աբրահամյանն իրացրել է այդ քաղաքացիների ընտրական իրավունքը, քանի որ միգուցե կատարել է այնպիսի քվեարկություն, ինչպիսին կկատարեին այդ քաղաքացիները քվեարկությանը մասնակցելու դեպքում:

Ի դեպ, դատարանը մերժեց նաև լրագրողների` նիստը տեսանկարահանելու միջնորդությունը` հիմնվելով նրա վրա, որ մեղադրյալը դեմ է դրան: Դիտորդ Գոհար Աբրահամյանի ներկայացուցիչներ Դավիթ Գյուրջյանի և Արա Կարագյոզյանի կարծիքով` տեսանկարահանման հարցում անձնական կյանքի գաղտնիության որևէ հարց չկա: Փաստորեն դատարանը բավարարեց ուրիշի փոխարեն քվեարկած անձի բոլոր միջնորդությունները` ևս մեկ անգամ հաստատելով այն, որ ընտրակեղծարարը վայելում է պետության պաշտպանությունը: Վերջինս, ի դեպ, նման դեպքերի համար գծված ընդհանուր սցենարի համաձայն` արտասանում էր սրտաճմլիկ տեքստեր`  ասելով, որ զղջում է իր արածի համար, գիտակցում է, որ սխալ է արել: Ամբաստանյալի պաշտպան Վարուժան Վարդանյանն անգամ ասաց, որ իր պաշտպանյալը գիտակցել է, որ պետական կարևորության գործ է անում, և գուցե այդ ժամանակ սեփական համոզմունքներից ելնելով երիտասարդին հատուկ քայլ է կատարել: Դավիթ Գյուրջյանն արձագաքնեց, որ խնդիրն այն է, որ նախաքննության մարմինը հնարավորություն չտվեց բացահայտելու` ում հրամանով է Սերգեյ Ավագյանն արել պետական կարևորության այդ գործը: Թե' այդ, թե' արդար դատաքննության հնարավորությունը վերացրեց նաև դատարանը` կատարելով արագացված դատաքննություն:


Comments To "Ուրիշի փոխարեն քվեարկելը` պետական կարևորության գործ" - 0 item(s)

Write a comment

Your Name:


Your Comment: Note: HTML is not translated!

Enter the code in the box below: