Հանրային պաշտպանը խոսքի ազատության իրավունքի դե՞մ

Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ընթանում է Մարինե Թովմասյանն ընդդեմ Գևորգ Գրիգորյանի քաղաքացիական գործը: Հանրային պաշտպան Մարինե Թովմասյանը հայց է ներկայացրել ընդդեմ «Երիտասարդ բժիշկների ասոցացիա» հկ-ի նախագահ Գևորգ Գրիգորյանի` իր պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավը արատավորող արտահայտությունները հերքել պարտավորեցնելու պահանջով:

Բանն այն է, որ «Ազատ գոտի» թոք շոուի ժամանակ Գևորգ Գրիգորյանը կարծիք է հայտնել, որ Մարինե Թովմասյանն, առանց բժշկական համապատասխան եզրակացության, հայտարարել, որ Շենգավիթ բժշկական կենտրոնը գործել է ոչ պատշաճ, ինչն, ըստ էության, զրպարտանք է: Այս արտահայտությունը Մարինե Թովմասյանը գնահատել է որպես վիրավորանք` համարելով, որ այն վնասել է իր` փաստաբանի հեղինակությանը: Դատարանում Թովմասյանն ասել է, որ այդ հաղորդումից հետո իր երկու վստահորդներ հրաժարվել են իր մատուցած փաստաբանական ծառայություններից` չեղարկելով իր հետ կնքված պայմանագրերը: Գևորգ Գրիգորյանի փաստաբան Տիգրան Եգորյանն անցած դատական նիստին ասաց, որ անհրաժեշտություն կա հարցաքննելու պայմանագրերից հրաժարվելու մասին դիմում գրած վստահորդներին: Եգորյանը խնդրեց հայցվոր կողմին դատարան ներկայացնել վստահորդների հետ կնքված պայմանագրերը, քանի որ պայմանագիրը խզելու մասին դիմումը առանց այդ պայմանագրի առկայության բավական դժվար փաստարկման հիմք է ստեղծում: Մարինե Թովմասյանը հրաժարվեց` հղում կատարելով, փաստաբանական գաղտնիքին: Փաստաբան Տիգրան Եգորյանը  տարօրինակ համարեց այն, որ դիմումները ներկայացնելու համաձայնություն կար, սակայն պայմանագրերը ներկայացնելու համաձայնություն չկար, մանավանդ որ դրանցում ըստ էության առկա էին տեղեկություններ պայմանագրերի առարկայի մասին, այդ մարդկանց անձնական տվյալները, այդ թվում` հասցեներն ու հեռախոսահամարները: Թովմասյանն ասաց, որ գուցե ինքը չուզեր, որ այլ կողմեր իմանային փաստաբանական ծառայությունների համար պայմանագրով սահմանված գնի մասին: Ուշագրավ է այն, որ Մարինե Թովմասյանը պայմանագրերը չներկայացնելու վերաբերյալ անընդհատ տարբեր պատճառներ էր հայտնում` մեկ ասելով, որ գուցե ինքը չուզի, որ գինը իմանան, մեկ այն, որ չունի նախկին վստահորդների համաձայնությունը, թեպետ դրանք ներկայացնելու խնդիր չունի: Ի պատասխան Մարինե Թովմասյանի այն պնդման, որ եթե ինքը ներկայացնի այդ ապացույցը, թույլ կտա փաստաբանի վարքագծի կանոնակարգի խախտում, Գ. Գրիգորյանի ներկայացուցիչ Լ. Հակոբյանը արձագանքեց. «Փաստաբանական պայմանագիրը որպես կանոն ներկայացվում է դատարան և այդ պահից սկսած դառնում է հրապարակային փաստաթուղթ` որպես դատական ծախսի մաս»: Պարզվեց, որ Մարինե Թովմասյանի պրակտիկան այլ է:

Բացի նրանից, որ դատարանում Մարինե Թովմասյանի հայտնած վերոնշյալ մտքերը վստահություն չեն ներշնչում, կարևոր է նաև այն, որ վերջինիս ներկայացրած հայցը փաստորեն ուղղված է խոսքի ազատության իրավունքի դեմ` այդպես էլ պատշաճ կերպով չհիմնավորելով Գևորգ Գրիգորյանի խոսքի զրպարտություն լինելը: Ըստ պատասխանողի ներկայացուցիչների` Գևորգ Գրիգորյանը ոչ թե հայտնել է փաստական տվյալներ (Որևէ արտահայտության` զրպարտիչ լինելու համար պետք է այդ արտահայտությունը պարունակի փաստացի տվյալներ:), այլ արտահայտել իր կարծիքը, կատարել գնահատողական արտահայտություններ` դրանց համար ունենալով բավարար փաստական հիմք: Գևորգ Գրիգորյանի ներկայացուցիչները կարևորում են նաև այն, որ Գրիգորյանը հասարակական կազմակերպության նախագահ է, իսկ այդ հասարակության կանոնադրական նպատակների մեջ են մտնում երիտասարդ բժիշկների իրավունքների և շահերի պաշտպանությունը: Շենգավիթ բժշկական կենտրոնում աշխատում են բազում բժիշկներ, այդ թվում` երիտասարդ: Եվ համապատասխան փորձագիտական եզրակացությունների բացակայության պարագայում մի ողջ բժշկական կենտրոնի ոչ պատշաճ գործելու մեջ մեղադրելը իրավաչափորեն կարող է գնահատվել որպես զրպարտություն, ինչը և Գևորգ Գրիգորյանն արել է` կատարելով «հանրային հսկիչի» իր գործառույթը:

Դատական հաջորդ նիստը տեղի կունենա մայիսի 6-ին` ժամը 12-ին:


Comments To "Հանրային պաշտպանը խոսքի ազատության իրավունքի դե՞մ" - 0 item(s)

Write a comment

Your Name:


Your Comment: Note: HTML is not translated!

Enter the code in the box below: