Արատավորող արտահայտությունները չեն հիմնավորվել

Լուսինե Հակոբյան. Պատասխանողները չեն հիմնավորել իրենց կողմից արված արատավորող արտահայտությունները

Մարտի 29-ին` ժամը 11-ին, Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում (հասցեն՝քաղաք Երևան, Թբիլիսյան խճ. 3/9) տեղի ունեցավ դատական նիստ՝ Ելենա Օվսյաննիկովայի քաղաքացիական գործով: Գործը մտավ դատաքննության փուլ:

 Դատավորը արգելեց նիստի տեսաձայնագրումը

Դատական նիստի սկզբում լրագրողները միջնորդեցին նիստը տեսաձայնագրելու մասին, սակայն դատարանը արգելեց` հաշվի առնելով այն, որ Պատասխանողները դեմ էին դրան: Այս որոշման կապակցությամբ Հայցվոր Ելենա Օվսյաննիկովայի փաստաբան Տիգրան Եգորյանը ներկայացրեց առարկություն՝ նշելով, որ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը դատարանին չի սահմանափակում թեկուզ կողմերից մեկի անհամաձայնության դեպքում թույլատրել տեսալուսանկարահանել: Փաստաբանը նշեց, որ դրա մասին է վկայում նաև դատական պրակտիկան: Դատարանն ընդունեց առարկությունները, սակայն այնուամենայնիվ թույլ չտվեց տեսաձայնագրել:

Նիստի տեսաձայնագրմանը դեմ էին ոստիկանության ներկայացուցիչ Հովհաննես Քոչարյանը և Նարեկ Մալյանի ներկայացուցիչ Ալեքսանդր Սիրունյանը: Ոստիկանության ներկայացուցիչն իր դիրքորոշումը պատճառաբանեց նրանով,  որ հարցը մի փոքր հասարակական հնչեղություն ունի, և պետք է արգելել տեսալուսանկարահանումը` հետագայում այդ տեսանյութերի տարածումից` համապատասխան մեկնաբանություններով խուսափելու համար: Սա վկայում է ոստիկանության երկակի ստանդարտների մասին, երբ մի կողմից ոստիկանության ներկայացուցիչները Ելենա օվսյաննիկովայի անձնական լուսանկարները զանազան անպարկեշտ ուղեկից գրառումներով տարածում են սոցցանցերում, սակայն դեմ են որպեսզի հանրությունն իր մեկնաբանություններով տարածի իրենց մասին տեսանյութերը:

Օվսյաննիկովայի ներկայացուցիչները բացատրություն ներկայացրին հայցադիմումի վերաբերյալ

Ելենա Օվսյաննիկովայի փաստաբան Լուսինե Հակոբյանը ներկայացրեց հայցադիմումի վերաբերյալ իրենց բացատրությունը՝ առանձին-առանձին անդրադառնալով պատասխանողների հնչեցրած արտահայտություններին:  Անդրադառնալով Հունան Պողոսյանի կողմից արված «սադրիչ» և «մեզ մոտ բոլոր ոստիկանները սեռապես մտահոգված են, իսկ Դուք այստեղ նրանց առջև գնում-գալիս եք («Я вам скажу, у нас все полицейские сексуально озабоченные, а вы тут ходите перед ними») արտահայտություններին` Լուսինե Հակոբյանը նշեց, որ ոստիկանության ներկայացրած առարկության մեջ պատասխանողն ընդունել է, որ հայցվորին անվանել է սադրիչ և անգամ հղում է կատարել Էդ. Աղայանի արդի հայերենի բացատրական բառարանին՝ նշելով, որ սադրիչ բառը նշանակում է գրգռող, հրահրող մարդ. «Միանգամայն ողջունելով և խիստ գովելի համարելով այն հանգամանքը, որ թե՛ Հունան Պողոսյանը, և թե՛ նրա ներկայացուցիչներն սկսել են լրջորեն զբաղվել արդի հայերենի խորացված ուսումնասիրությամբ, ինչի արդյունքում պարզել են, որ «սադրիչ» բառն ունի «որոշակի բացասական երանգ» և անգամ պարզել են, որ այն «չէր կարող հայցվորին հոգեկան տառապանք պատճառել», այդուհանդերձ անհրաժեշտ ենք համարում նշել, որ եթե Հայաստանի ոստիկանությանը և նրա առանձին ներկայացուցիչներին «սադրիչ» և «սադրանք» բառերը հասցեագրվելու դեպքում հոգեկան տառապանք չեն պատճառի ենթադրաբար այն պատճառով, որ դրանք կհամապատասխանեին իրականությանը, ապա հայցվորի իրավիճակը միանգամայն այլ է»: Մանրամասնելով հայցվորի վիճակը՝ Հակոբյանը նշեց, որ վերջինս սադրանք չի կատարել, ընդհակառակը, խնդրել է ոստիկաններին ուժ չկիրառել խաղաղ ցուցարարների նկատմամբ, այլ առաջնորդվել նրանց իրավունքների ապահովման պարտականությամբ և սեփական խղճով, իսկ այս գործողությունները կատարած անձին սադրիչ կոչելը  հոգեկան տառապանք է պատճառել Օվսյաննիկովային, այնինչ Հունան Պողոսյանը չի ապացուցել վերջինիս՝ սադրիչ գործողություններ կատարելը, հետևաբար զրպարտել է նրան

Հակոբյանը անդրադարձավ նաև Հունան Պողոսյանի մյուս` «մեզ մոտ բոլոր ոստիկանները սեռապես մտահոգված են, իսկ Դուք այստեղ նրանց առջև գնում-գալիս եք» արտահայտությանը՝ նշելով, որ թեպետ Հ. Պողոսյանը ժխտում է, որ կատարել է այդ արտահայտությունը, սակայն  դա լսել են թե՛ հայցվորը, թե՛ նրա կողքին կանգնած ընկերուհին` Մարիա Հակոբյանը, ինչի մասին ներկայացվել են ապացույցներ: Դրա մասին է վկայում նաև Թևան Պողոսյանի` civilnet.am-ին տված հարցազրույցը՝ այն տարբերությամբ, որ ըստ Պողոսյանի հիշողության` Հունան Պողոսյանն ասել է, որ ոստիկանները սեռապես մտահոգված չեն. « Ակնհայտ է, որ այդ երկու տարբերակներից որ ձևակերպումով էլ, որ այդ արտահայտությունն արված լիներ, այն կրել է վիրավորական բնույթ և արվել է հայցվորի պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավն արատավորելու նպատակով»: Հակոբյանը նշեց նաև, որ Նարեկ Մալյանի՝ 28.06.2015թ.  «Ֆեյսբուք» սոցցանցի էջում արված գրառումը («սպաներից մեկը  բարկացած, հայհոյեց ու ասեց մյուս անգամ եթե մոտենա զորքին նրա սեքսուալ ֆանտազիաները ամբողջ զորքը սիրով կիրականացնի, առավել ևս տղաները դրա կարիքը ունեն»,) ևս հաստատում է Հունան Պողոսյանի՝ այդ արտահայտությունն ասած լինելը, քանի որ իրենց կարծիքով՝ գրառումը հենց վերջինիս է վերաբերում:

Անդրադառնալով Էդմոն Մարուքյանի հնչեցրած արտահայտություններին՝ Լուսինե Հակոբյանը նշեց, որ Մարուքյանն իր ներկայացուցչի կողմից ներկայացված պատասխանով ընդունել է, որ իր կողմից արվել է գրառում ֆեյսբուքյան ստատուսի ձևով այն մասին, որ հայցվորի կողմից տեղի է ունեցել պրովոկացիա (հայերեն` «սադրանք»), որն իր ներգրավմամբ կանխվել է, և որ հայցվորից ուժեղ ալկոհոլի հոտ է փչել: Այս փաստերը ապացուցվում են նաև Մարուքյանի ֆբ-ի էջի արտատպվածքով: Լուսինե Հակոբյանը նշեց, որ այս երկու արտահայտություններն էլ փաստական տվյալներ են, որոնք անելու համար անհրաժեշտ էր ունենալ համապատասխան ապացույցներ, և դրանք չէին կարող լինել ուղղաի գնահատողական. « Չես կարող սեփական կարևորությունը գովազդելու նպատակով մարդուն մեղադրես պրովոկացիայի (հայերեն՝«սադրանք») մեջ, իսկ այնուհետև պատճառաբանես, թե «սադրանք ասելով նկատի եմ ունեցել «տեղ»»: Հակոբյանը նշել է նաև, որ ոստիկանության շատ սիրած Էդ. Աղայանի «Արդի հայերենի բացատրական բառարանը» որևէ տեղ չի թողնում «սադրանք» բառը որպես տեղ դիտարկելու համար.  «Փոխարենը` մենք այնտեղ գտնում ենք, որ «սադրանք» նշանակում է որևէ կարգի վատ արարքի դրդելը: Հիմա պատասխող Էդմոն Մարուքյանի ու նաև Հունան Պողոսյանի անելիքն այս հայցի շրջանակներում շատ պարզ էր: Ընդամենը պահանջվում էր ներկայացնել ապացույց այն մասին, որ հայցվորը իր բառերով, գործողություններով և այլ կերպ ոստիկանությանը դրդել է ինչ-որ մի վատ արարքի, ինչն այդպես էլ չարվեց»:  

Խոսքի ազատության իրավունքի խոչընդոտման փորձ դատական նիստի ընթացքու՞մ

Երբ Լուսինե Հակոբյանը ասաց, որ Մարուքյանի ներկայացուցիչն էլ չի կարող իր երևակայությանը ապավինելով ասել, որ ալկոհոլի հոտ առած լինելը չէր կարող մեկնաբանել այնպես, որ միգուցե այլ տեղից է եղել այդ հոտը, դատավորը խնդրեց ըստ էության խոսել, ինչին ի պատասխան Տիգրան Եգորյանը ասաց. «Դատաքննության իմաստն այն է, որ նաև այսպիսի համարձակ որակումներից խուսափել հնարավոր չէ այն մարդկանց, որոնք մեր կարծիքով փորձում են կեղծել սեփական դիրքորոշումը` պաշտպանվել և ինչ-որ արդյունքների հասնել: Ակնհայտ է, որ պրովոկացիա բառը չի կարող որպես տեղ ընկալվել, քանի որ այն գործողության ցուցիչ է»:

Որպես օրինակ` Հակոբյանը բերեց Փերինչեքի գործով դատավարությունը` մատնանշելով Փերինչեքին և ասելով` «այս մարդը, որ այստեղ նստած է», և դատարանը դա ոչ կոռեկտ չհամարեց: Հետաքրքիր է նաև, որ երբ Հակոբյանը խոսում էր ոստիկանության՝ արդի հայերենի ուսումնասիրության մասին, նրա խոսքը ընդհատեց Նարեկ Մալյանի փաստաբան Ալ. Սիրունյանը՝ կոչ անելով չվիրավորել Հունան Պողոսյանին:

Անդրադառնալով Նարեկ Մալյանի արտահայտություններին` Հակոբյանը նշեց, որ դրանք առկա են նրա ֆեյսբուքյան էջում:

Պատասխանողների արտահայտությունները ունեցել են հրապարակային բնույթ

Այնուհետև Հակոբյանը անդրադարձավ պատասխանողների արտահայտությունների հրապարակայնությանը՝ ասելով, որ Հ. Պողոսյանի «սադրիչ» արտահայտությունը տարածվել է 1in.am լրատվամիջոցով, իսկ մյուս արտահայտությունը ասվել է Բաղրամյան պողոտայում ոստիկանների, հայցվորի, Մարիա Հակոբյանի, առնվազն Թևան Պողոսյանի ներկայությամբ: Ինչ վերաբերում է  Մարուքյանի և Մալյանի արտահայտությունների արտահայտություններին, ապա դրանք կատարվել են նրանց ֆեյսբուքյան էջերում:

Արտահայտությունները կատարվել են դիտավորությամբ կամ չարամտորեն

Անդրադառնալով կատարված արտահայտությունների չարամտությանը՝ Հակոբյանը նշել է, որ նրանք դա արել են գիտակցված, ինչը չեն էլ հերքել: Ավելին, պատասխանողները որևէ քայլ չեն արել իրավիճակը մեղմելու ուղղությամբ, ընդհակառակը` Պողոսյանն ու Մարուքյանը արդարանալու անլուրջ փորձեր են արել, իսկ Նարեկ Մալյանը շարունակում է ամեն առիթով արատավորել հայցվորի պատիվը՝ նրան ներկայացնելով Ադրբեջանի գործակալ:  Պատասխանողների կատարած արտահայտությունները որոշակիորեն արատավորել են հայցվորի պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավը, ինչը փաստվում է նրանով, որ այդ հրապարակումներին զուգահեռ հայցվորն սկսել է անձնական հաղորդագրություններ ստանալ մի շարք անձանցից, որոնք ամենաանպարկեշտ արտահայտություններով նրան սեռական բնույթի առաջարկություններ են արել, ճշտել, թե արդյոք ինքն է եղել այն անձն, ով Բաղրամյան փողոցում ոստիկաններին սեքս է առաջարկել և այլն:

Փոխհատուցման ողջամտությունը Հակոբյանը հիմնավորեց նրանով, որ զրպարտչական և վիրավորական բնույթի արտահայտությունները պատասխանողների ուղղակի գործողությունների հետևանքով լայնորեն տարածվել են հանրության շրջանում, ինչի արդյունքում Օվսյաննիկովան ունեցել է «ծանր ապրումներ, հոգեկան տառապանք, տևական դեպրեսիվ տրամադրություն, ամոթի և ճնշվածության զգացում», ինչը հաշվի առնելով էլ պահանջել են առավելագույն փոխհատուցում:

Ոստիկանությունը պատասխանատվություն է ստանձնել Հ. Պողոսյանի «սադրիչ» արտահայտության նկատմամբ

Լ. Հակոբյանը նշեց, որ ոստիկանությունն արդեն պատասխանատվություն է ստանձնել Հ. Պողոսյանի «սադրիչ» արտահայտության համար, և լավ կլինի, որ նույն կերպ վարվի նաև վերջինիս մյուս, ինչպես նաև Ն. Մալյանի արտահայտությունների համար, պաշտոնապես հերքի դրանք և ներողություն խնդրի իրենց վստահորդից:

Ոստիկանության ներկայացուցիչը կարծես թե չէր հասկացել, որ ոստիկանությունը պատասխանատվություն է ստանձնել Հունան Պողոսյանի արտահայտության վերաբերյալ, սակայն պարզվեց, որ նրա ընկալմամբ՝ խոսք պիտի լիներ ինչ-որ տեսակի պատասխանատվության մասին: Նա նաև հարցրեց, թե պացիֆիստ լինելը ինչ-որ առավելություն տալի՞ս է հավաքի մասնակցին. այս հարցը Օվսյաննիկովայի պաշտպանը գործին վերաբերելի չհամարեց:

Տեղ բառն ընդգծելով տեղ բա՞ռը չենք ընդգծել. Մարուքյանի ներկայացուցչի մեկնաբանություններն աբսուրդի են հասնում

Ըստ Մարուքյանի ներկայացուցչի՝ Օվսյաննիկովայի ներկայացուցիչները սխալ են ընթերցել իրենց պատասխանը՝ ասելով, որ սադրանք ասելով իրենք նկատի են ունեցել տեղ: Ի պատասխան` Լուսինե Հակոբյանը կարդաց այդ հատվածը, որոմ ասվում է, որ Մարուքյանի գրառումը վերաբերում է ոչ թե  հայցվորի անձին կամ նրա կատարած գործողություններին, այլ խոսվում է տեղի մասին: Տեղ բառն անգամ ընդգծված է: Տարօրինակ է, որ սույն պատասխանը և նախադասությունը գրած փաստաբան Արթուր Սուքիասյանը նախադասության միակ ճիշտ ընկալումը համարում է սխալ ընթերցման հետևանք` կոչ անելով կարդալ հաջորդ նախադասությունը, որում ասվում է, որ Մարուքյանը նկատի է ունեցել կոնկրետ իրավիճակը, պահը և վայրը և ելնելով այդ վայրում առկա իրավիճակից` գնահատական է տվել միջադեպի մասին:  Ակնհայտ է, որ այս նախադասությունը որևէ կերպ չի անդրադառնում նախորդում տեղ բառի մասին ասվածին, եթե, իհարկե, հաշվի չառնենք, որ ողջ պատճառաբանությունը առհասարակ անհեթեթ է:

Ն. Մալյանի փասռաբան Սիրունյանը ևս մի շարք հարցեր տվեց՝ օրինակ, մոտեցե՞լ է Օվսյաննիկովան ոստիկաններին, ինչ է ասել, ամուսնու՞ հետ է եղել ցույցին, թե ոչ, կարո՞ղ է հավաքի մասնակիցը մոտենալ ոստիկանին՝ հարց տալ, ոստիկաններին մոտենալու նպատակը, ինչ զբաղվածություն ունի և այլն. Օվսյաննիկովայի փաստաբանները նշեցին, որ այս հարցերի պատասխանները առկա են հայցադիմումում: Դրանց որոշ մասին էլ չպատասխանեցին` նշելով, որ հարցերը վերաբերելի չեն:

Ոստիկանության ներկայացուցիչը ակամա խոստովանեց, որ ոստիկանները առանձնապես գրագետ չեն

Ոստիկանության ներկայացուցիչ Հովհաննես Քոչարյանը հայտնեց դիրքորոշում` նշելով, որ երբ Հ. Պողոսյանը անվանել է սադրիչ, դրանով ոչ թե նպատակ է ունեցել կոնկրետ անձի արժանապատվությունը չարամտորեն նվաստացնել, այլ փորձել է կանխել նման արարքի կրկնությունները, որովհետև նման արարքի մեջ տեսել է անվտանգության, հասարակական կարգի սպառնալիք: Նման արարք ասելով հավանաբար Քոչարյանը նկատի ուներ ոստիկանների հետ խոսելը, ինչը որակեց վերջիններիս աշխատանքների խոչընդոտում` ասելով. «Պարտադիր չէ, որ համազարկեր հնչեին»: Ըստ Քոչարյանի` Հունան Պողոսյանը նպատակ չի ունեցել «սադրիչ» արտահայտությամբ վիրավորելու հայցվորի պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավը, այլ նկատի է ունեցել վարքը: Ուշագրավ է, որ Քոչարյանը հղում կատարեց ԵԱՀԿ ուղեցույցներին` ասելով, որ վերջիններում հաճախ է կիրառվում սադրիչ-գործակալ բառը, և եթե վիրավորական լիներ այդ արտահայտությունը, հավանաբար չէր կիրառվի: Հավանաբար ոստիկանության ներկայացուցչին այդպես էլ հասու չի դառնում այն հանգամանքը, որ նման բառի կիրառումը այդ բառին համապատասխան արարքների չգործած անձի նկատմամբ մեղմ ասած չի կարող արատավորող չլինել: Պարզվեց նաև, որ Հունան Պողոսյանը սադրիչ բառը գործածել է անվտանգության նկատառումներից ելնելով. «Ոստիկանության վրա դրված է պարտականություն, ըստ ԵԱՀԿ երաշխավորությունների, հայտնաբերել գործակալ – սադրիչի: Ոստիկանութունն այդ տերմինը շատ է կիրառում, եթե կա օրինական պահանջի խախտման փաստ»: Փաստորեն տեղի-անտեղի ոստիկանությունը կարող է մարդկանց կոչել գործակալ-սադրիչներ` ենթադրյալ օրինական պահանջներին չհետևելու պատճառաբանությամբ: Քոչարյանը հերքեց, որ Հունան Պողոսյանն ասել է`«մեզ մոտ բոլոր ոստիկանները սեռապես մտահոգված են, իսկ Դուք այստեղ նրանց առջև գնում-գալիս եք» արտահայտությունը և ասաց, որ «գոնե Հունան Պողոսյանը էթիկապես գրագետ և բարձր կուլտուրա ունեցող ոստիկանության սպաներից է և ոչ մի կնոջ հանդեպ նման արտահայտություն թույլ չէր տա»: Քոչարյանն իր կամքից անկախ փաստորեն արտահայտվեց մյուս ոստիկանների գրագիտության աստիճանի մասին:

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա ապրիլի 26-ին` ժամը 11-ին:

 

 

 


Comments To "Արատավորող արտահայտությունները չեն հիմնավորվել" - 0 item(s)

Write a comment

Your Name:


Your Comment: Note: HTML is not translated!

Enter the code in the box below: