Վերջին նիստն` առանց վերջին խոսքի

Դատարանը զրկեց Գասպարիին ճառով և վերջին խոսքով հանդես գալու իրավունքից

Այսօր Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում ավարտվեց դատավոր Նելլի Բաղդասարյանի նախագահությամբ անցնող ԵՇԴ 0125/01/14 քրեական գործով նիստը, որով Վարտգեզ Գասպարին մեղադրվում է ՀՀ վարչական դատարանի դատավոր Ռուզաննա Հակոբյանի և ՀՀ ոստիկանության աշխատակիցներ Դիանա Վարդանյանի և Սոնա Մելիքյանի հասցեին վիրավորական արտահայտություններ հնչեցնելու համար:  Վճիռը կհրապարակվի  մարտի 29-ին` ժամը 11-ին, այսինքն` հաջորդ աշխատանքային օրը: Կարելի է եզրակացնել, որ վճիռն արդեն պատրաստ է, քանի որ անհասկանալի է, թե երբ պիտի դատավոր Նելլի Բաղդասարյանը աշխատի դրա վրա:

Դատական նիստի սկզբում Վարտգեզ Գասպարիի պաշտպան Տիգրան Եգորյանը հանդես եկավ հայտարարությամբ` խնդրելով իրենց տրամադրել լրացուցիչ ժամանակ, քանի որ, նախ, պաշտպանական ճառին պատրաստվելու համար իրենց տրամադրվել էր մեկ օր` 12-ի փոխարեն, ապա և` դատախազի ճառը իրենց տրամադրվել է դատական նիստի նախորդ օրը միայն` ժամը 16:29-ին, իսկ ապացույցների հետազոտման փուլի կրիչները այդպես էլ չեն ուղարկվել նույն` էլեկտրոնային ճանապարհով: Դատավորը մերժեց այս միջնորդությունը:

Եգորյանը միջնորդեց դիմել սահմանադրական դատարան` Գասպարիի նկատմամբ կիրառվող հոդվածի սահմանադրականության վիճարկման հարցով

Այնուհետև Տիգրան Եգորյանը ներկայացրեց մեկ այլ միջնորդություն` դատական գործը կասեցնելու և սահմանադրական դատարան դիմելու մասին` ՀՀ քրեական օրենսգրքի 343-րդ հոդվածի սահմանադրականության վիճարկման հիմքով. նա նշեց, որ այս փուլում ՍԴ դիմելու լիազորությունը դատարանի իրավասության ներքո է: Միջնորդությունը ներկայացնելիս Եգորյանը նշեց, որ Վ. Գասպարիի խոսքի, կարծիքի ազատությունը սահմանափակող և քրեական պատասխանատվություն ենթադրող հոդվածը չի համապատասխանում ՀՀ Սահմանադրությանը. «ՀՀ Սահմանադրությամբ, ի տարբերություն Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի, նախատեսված չէ խոսքի և կարծիքի ազատության այնպիսի սահմանափակում, որը թույլ կտա դատավորների կամ դատավարության մասնակիցների նկատմամբ կիրառել ավելի բարձր իրավական պաշտպանության շեմ` այլ անձանց համեմատությամբ»: Նման իրավիճակում, ըստ փաստաբանի, դատարանը պարտավոր էր Սահմանադրությամբ հռչակված իրավունքների անմիջական գործողության ապահովման պարտականության իրականացման շրջանակներում կասեցնել դատական գործի քննությունը և դիմել ՍԴ` կիրառվող օրենքի սահմանադրականության հարցի հետ կապված. «Հակառակ դեպքում դուք կխախտեք նույն Սահմանադրությունը, որով պարտավոր եք ապահովել Ձեր  գործունեության ընթացքում քաղաքացիների սահմանադրական իրավունքները»:

Դատախազը առարկեց միջնորդությանը` կարծիք հայտնելով, որ նիստը շարունակելը չի զրկի մեղադրյալին ՍԴ դիմելու հնարավորությունից: Ի պատասխան դատախազի առարկության` Եգորյանը նշեց, որ դատական իշխանության համար սևով սպիտակի վրա գրված է այն լիազորությունը, որի հիմնական և միակ նպատակն է ապահովել իրավունքի գերակայությունը:

Դատավորը մերժեց Գասպարիի պաշտպանների միջնորդությունը` նշելով, որ այն կարող է բողոքարկվել վերաքննիչ քրեական դատարան` տասնօրյա ժամկետում: Գասպարիի պաշտպանները միջնորդեցին հետաձգել դատական նիստը` որոշումը բողոքարկելու համար` նշելով, որ եթե նիստը չհետաձգվի, լրացուցիչ խախտում տեղի կունենա, և միջնորդությունը մերժելու մասին որոշումը բողոքարկելու իրավունքը կվերածվի պատրանքային իրավունքի. «Այս իրավունքի պաշտպանությունը ևս գտնվում է դատարանի պարտականությունների տիրույթում, և այդ պարտականությունների շրջանակում դատարանը մեզ պիտի տրամադրի տասնօրյա ժամկետ` միջնորդության մերժումը բողոքարկելու համար»:

Դատարանը մերժեց այս միջնորդությունը ևս` ասելով, որ դատական նիստը չի խոչընդոտում բողոքարկմանը, և խնդրեց ներկայացնել ճառը: Եգորյանը հիշեցրեց, որ դատարանը գնալու է վճիռ կայացնելու, հետևաբար այս ակտի բողոքարկումը այս դատական գործի համար որևէ հետևանք չի ունենա, այնինչ օրենքի  տրամաբանությունն այն է, որ  դատարանը չպիտի Սահմանադրությանը հակասող գործունեությամբ զբաղվի, և այդ կապակցությամբ օրենքը սահմանել է համապատասխան լիազորություններ, և խնդրեց այս համատեքստում վերանայել որոշումը:

Դատավոր Նելլի Բաղդասարյանը ընդհատեց պաշպանական ճառը, իսկ Գասպարիին թույլ չտվեց ներկայացնել վերջին խոսքը.

 Տիգրան Եգորյանն սկսեց ներկայացնել պաշտպանական ճառը, սակայն երբ նշեց, որ Վարտգեզ Գասպարին ավելի խիստ արտահայտություններ է կիրառել դատավոր Նելլի Բաղդասարյանի նկատմամբ (Գասպարին վարչական դատարանի դատավոր Ռուզաննա Հակոբյանի անհամաչափ և ոչ անհրաժեշտ գործողությունների արդյունքում մասնավորապես հայտարարել էր. «Ձեզ նման անարժանապատիվ և անինքնասեր դատավորներն են, որ այսօր իրավիճակը հասցրել են այստեղ: Միայն էն, որ ՄԻԵԴ-ում ձեր վճիռներից 46-ից 47-ը ճանաչվել են անվավեր պետք է ձեզ մի քիչ հուզեր, բայց դուք այդքան արժանապատվություն և ինքնասիրություն չունեք, որ ձեր գործակալական գործունեությունն եք կատարում:» ), դատավորը ընդհատեց` գնահատելով որ այդ ամենը գործի հանգամանքների հետ կապ չունի և կոչ արեց խոսել գործի հանգամանքների շուրջ: Եգորյանը ցանկանում էր նշել, որ դատավորը այդ արտահայտությունները դիտարկել է կարծիքի ազատության իրավունքի տիրույթում, սակայն Նելլի Բաղդասարյանը շարունակեց ընդհատել պաշտպանին և  որպես լռեցման միջոց արձանագրեց, որ վերջինս հրաժարվում է իրացնել իր իրավունքները: Այնուհետև դատավորը, արհամարելով այն, որ Տ.Եգորյանը դեռ ներկայացնում էր ճառը և առարկում էր նախագահողի գործողությունների դեմ, պաշտպաններ Դավիթ Գյուրջյանին և Լուսինե Հակոբյանին  հարցրեց, թե արդյո՞ք նրանք ցանկանում են հանդես գալ պաշտպանական ճառով, և անտեսելով այն, որ Տ.Եգորյանը ներկայացնում էր պաշտպանական կողմի ճառը, որոշեց որ նրանց լռությունը պետք է դիտարկի ճառից հրաժարվելու նշան` ասելով. «Եթե լռություն է տիրում, նշանակում է` ևս հրաժարվում են»:

Այնուհետև անտեսելով և արհամարելով պաշտպանական կողմի առարկությունները՝ Ն.Բաղդասարյանը տարերքի մեջ ձեռնամուխ եղավ Վ.Գասպարիի վերջին խոսքի իրավունքից օգտվելու ցանկությունը պարզելու և թեպետ Եգորյանը հայտնեց, որ Գասպարին ցանկանում է հանդես գալ վերջին խոսքով, բայց նախ ցանկանում է ավարտել ճառը, դատավորը զրկեց վերջինիս այդ իրավունքից՝ պատճառաբանելով որ դատարանը դիմում է Վ.Գասպարիին, ով լռում է, ինչը ևս դիտարկվում է որպես հրաժարվելու նշան, և հայտարարեց դատական նիստի ավարտ:

Հիշեցնենք, որ արդեն շուրջ երկու տարի է, ինչ ընթանում է այս քրեական գործի քննությունը, սակայն դատարանն այդպես էլ չկարողացավ բոլոր ընթացակարգերի պահպանմամբ իրականացնել և ավարտել գործի քննությունը:

Հ.Գ. Մարտի 29-ին դատավոր Նելլի Բաղդասարյանը հրապարակել է վճիռը` նշանակելով 450 հազար տուգանք, թեպետ մեղադրող դատախազը պահանջել էր 400 հազար դրամ: Վճռին ավելի մանրամասն կանդրադառնանք հաջորդիվ:


Comments To "Վերջին նիստն` առանց վերջին խոսքի" - 0 item(s)

Write a comment

Your Name:


Your Comment: Note: HTML is not translated!

Enter the code in the box below: