Դատավորի հոգեկան առողջությունը` կասկածի տակ

Վ. Գասպարիի փաստաբանները կասկածի տակ են դնում դատավորի հոգեկան առողջությունը

Այսօր` մարտի 22-ին, Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ ԵՇԴ 0125/01/14 քրեական գործով նիստը, որում որպես ամբաստանյալ հանդես է գալիս Վարտգեզ Գասպարին: Վերջինս մեղադրվում է ՀՀ վարչական դատարանի դատավոր Ռուզաննա Հակոբյանին և ՀՀ ոստիկանության աշխատակիցներ Դիանա Վարդանյանի և Սոնա Մելիքյանի հասցեին վիրավորական արտահայտություններ հնչեցնելու մեջ: 

Նիստի ընթացքում Գասպարիի պաշտպանները ներկայացրին միջնորդություն դատավոր Նելլի Բաղդասարյանին ինքնաբացարկ հայտնելու մասին: Ներկայացված միջնորդության մեջ Վ. Գասպարիի պաշտպանները անդրադարձել են դատավարության ընթացքում դատավորի թույլ տված մի շարք սխալների` պաշտպանության կողմին անընդհատ խոսելու հնարավորությունից զրկելուն, չպատճառաբանված դատական սանկցիաներ կիրառելուն, բերման ենթարկելու, նիստերի դահլիճից հեռացնելու և կալանավորելու`ոչ նույն տրամաբանությունից բխող և կամայական սկզբունքով կայացված որոշումներին. «Ստացվում է, որ Ձեր տրամաբանությամբ, երբ Ձեզ է անցանկալի, Վ.Գասպարիին կարելի է հեռացնել դատական նիստերի դահլիճից, իսկ երբ դուք այդպիսի ցանկություն չունեք, ապա պետք է պատժեք նրան»: Շարունակելով թվարկել դատավորի թույլ տված խախտումները` պաշտպանները միջնորդության մեջ նշել են, որ դատավորը անտեսում է ամբաստանյալի իրավունքները և ցանկանում է անգամ իրավունքների ոտնահարման գնով ավարտել այս արդարադատություն կոչվող գործընթացը, որն ավելի շատ նմանվում է մի դերասանի թատրոնի:

 Միջնորդությունը ներկայացնելիս Տիգրան Եգորյանը նշել է, որ վերոնշյալ բոլոր փաստական հանգամանքները հիմք են տալիս իրենց ողջամտորեն կասկածի տակ դնելու դատավոր Ն. Բաղդասարյանի անկողմնակալությունն ու անաչառությունը, ինչպես նաև նրա ձեռնհասությունը, դատավորի բարձր պաշտոնում աշխատելու հնարավորությունը և թույլատրելիությունը. «Ստեղծվել է իրավիճակ, որում պաշտպանության կողմի և առավել ևս ամբաստանյալի նկատմամբ կիրառվում են իրավունքի սահմանափակումներ, սանկցիաներ և խափանման միջոցներ, որոնք կարծես ինքնանպատակ են և նախագահողի քմահաճույքի արդյունք` անկախ նրանից` օրենքով նախատեսված են թե ոչ, որոնց մասին վերջինս նույնիսկ չի տեղեկացվում Դատարանի կողմից, պաշտպանության կողմին չեն տրամադրվում  կողմի իրավունքներին առնչվող որոշումները, չեն պարզաբանվում կիրառված սահմանափակումների, սանկցիաների իրավական և փաստական հիմքերը և, որ ամենից կարևորն է, դրանք համաչափ չեն և չեն հետապնդում իրավաչափ նպատակ»: Տիգրան Եգորյանը նշել է նաև, որ դատավորը լավագույն դեպքում ուղղակի խճճվել է, քանի որ չի կողմնորոշվում` ինչպես վարի այս գործով դատավարությունը:

Միջնորդության վերջում փաստաբանները արտահայտել են իրենց կասկածները դատավորի հոգեկան առողջության հարցում` միջնորդելով անկախ ինքնաբացարկի միջնորդության վերաբերյալ կայացված որոշումից որոշում կայացնել ինքն իր նկատմամբ դատահոգեբուժական փորձաքննություն նշանակելու մասին, իսկ դրա անհնարինության դեպքում ինքնակամ դիմել համապատասխան հաստատություն` ստուգելու սեփական առողջությունը: Երբ փաստաբան Լուսինե Հակոբյանը ընթերցում էր միջնորդության այս հատվածը, դատավոր Նելլի Բաղդասարյանը ընդհատեց նրան և թույլ չտվեց շարունակել` հեռանալով խորհրդակցական սենյակ` պաշտպանի նկատմամբ սանկցիա կիրառելու որոշում կայացնելու: Նա նաև հրաժարվեց լսել փաստաբանի պարզաբանումը առ այն, որ խոսքի ազատության իրավունքը թույլ է տալիս հայտնել նման կարծիք:

Դատավորը խորհրդակցական սենյակից վերադարձավ փաստաբանի նկատմամբ սանկցիա կիրառելու որոշմամբ: Փաստաբանները և Վարտգեզ Գասպարին գրությամբ միջնորդել էին դատարանին հետաձգել նիստը, սակայն վերջինս, հակառակ դրա, շարունակեց նիստը, ինչի պատճառով Վարտգեզ Գասպարին լքեց նիստերի դահլիճը: Դատավորը որոշեց մերժել ինքնաբացարկի մասին միջնորդությունը, ևս մեկ դատական սանկցիա կիրառեց պաշտպանների նկատմամբ` առանց զգուշացնելու նիստերի դահլիճը լքելու համար, և որոշում կայացրեց Գասպարիին հաջորդ` մարտի 23-ին տեղնի ունենալիք դատական նիստին դատարան բերման ենթարկելու մասին:

 

 

 


 


Comments To "Դատավորի հոգեկան առողջությունը` կասկածի տակ" - 0 item(s)

Write a comment

Your Name:


Your Comment: Note: HTML is not translated!

Enter the code in the box below: