Հ1-ը խախտում է խոսքի ազատության ստանդարտները

Հանրային հեռուստաընկերությունը խախտում է խոսքի ազատության միջազգային ստանդարտները

Սույն թվականի մարտի 11-ին ռեպորտաժ պատրաստելու նպատակով հարցազրույց վարելու խնդրանքով մեր կազմակերպության ավագ իրավախորհրդատու, փաստաբան Տիգրան Եգորյանին է դիմել Հանրային հեռուստաընկերության լրագրող Սիրանուշ Մուրադյանը: Տ.Եգորյանի հարցին ի պատասխան՝ հիշյալ լրագրողը հայտնել է, որ ռեպորտաժում նրա խոսքի համար նախատեսված է երեք րոպե: Ս.Մուրադյանի խնդրանքով, հաշվի առնելով, որ ռեպորտաժի պատրաստման համար նախատեսված ժամանակը քիչ է, հարցազրույցը կազմակերպվել է ժամը 19:00-ի սահմաններում: Փաստաբան Տիգրան Եգորյանը, համաձայնելով առաջարկված պայմաններին, հարցազրույց է տվել Հանրային հեռուստաընկերության լրագրող Սիրանուշ Մուրադյանին` նոր ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ, որը տեսանկարահանվել է օպերատորի կողմից և ձայնագրվել է թե՛ Ս.Մուրադյանի, թե՛ Տ.Եգորյանի կողմից: Ըստ առաջարկված պայմանների` ռեպորտաժի համար նախատեսված հարցազրույցը տևել է մոտ երեք րոպե: Ընդհանուր առմամբ Ս.Մուրադյանը «Իրավունքի Եվրոպա Միավորում» հասարակական կազմակերպության գրասենյակում է գտնվել մոտ 40 րոպե` տարբեր այլ հարցեր տալով, սակայն վստահեցնելով, որ ռեպորտաժի համար նախատեսվածը այն երեք րոպեն էր, որը նկարահանվեց, իսկ մնացած խոսակցությունը չի տեսանկարահանվում (և իսկապես, օպերատորը չէր տեսանկարահանում այլ,այսպես ասած, կադրեր էր հավաքում): Տիգրան Եգորյանը հարցազրույցում խոսել է ընտրողների ստորագրած ցուցակների հրապարակման անհրաժեշտության մասին` անդրադառնալով հարցի տարբեր ասպեկտներին, այնինչ Հանրային հեռուստաընկերության պատրաստած ինը րոպեանոց ռեպորտաժում որևէ հատված չկա Տ. Եգորյանի խոսքից՝ ի տարբերություն Դավիթ Հարությունյանի, որի «կնքահայր» լինելու մասին է կարծես ամբողջ ռեպորտաժը: Չի ներկայացվում ո՛չ Տիգրան Եգորյանի անձը, ո՛չ «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը, ինչի մասին մոտ հինգ րոպե տևողությամբ ճշտումներ էր կատարում հիշյալ լրագրողը: Փոխարենը`Տ.Եգորյանի դեմքը երևում է միայն մեկ կադրում, երբ դիտորդների ներգրավման և նրանց թվի սահմանափակման համատեքստում հնչում է հետևյալը. «Ի՞նչ նպատակ ունի այս սահմանափակումը»,-հարցնում է «Քաղաքացի դիտորդը», թեպետ հարցազրույցի ընթացքում Տիգրան Եգորյանը որևէ անդրադարձ չի կատարել դիտորդների թվի հարցին:

Ակնհայտ է, որ նման կերպ վարվելով` Հանրային հեռուստաընկերությունը, ի դեմս լրագրող Սիրանուշ Մուրադյանի, խեղաթյուրված կերպով է մեկնաբանել Տիգրան Եգորյանի խոսքը` որևէ կերպ չհնչեցնելով այն` այդպիսով միաժամանակ հեռուստադիտողներին հրամցնելով միայն իր սխալ մեկնաբանությունը: Նման միջամտությունը, բացի նրանից, որ կողմնակալ լրագրություն է, ցույց է տալիս նաև, որ լրագրողն այդպիսով փորձել է չանդրադառնալ ընտրողների ստորագրված ցուցակների հրապարակման պես կարևոր հարցին` հանրային ուշադրությունը փորձելով շեղել դիտորդներին, լրագրողներին և ԶԼՄ ներկայացուցիչներին վերաբերող հարցերի ուղղությամբ:

Հայտնի փաստ է, որ Հանրային հեռուստաընկերությունը վաղուց չի ներկայացնում օբյեկտիվ և անաչառ լրատվություն և սպասարկում է ոչ թե քաղաքացիների շահերը, որոնց հարկերից ֆինանսավորվում է, այլ իշխանության:Այս դեպքը ևս իր հերթին պարզ է դարձնում, որ  ընտրողների ստորագրված ցուցակների հրապարակումը ընտրական օրենսգրքի նախագծի քննարկումների հետ կապված ամենակարևոր հարցն է, որի արծարծումից խուսափելու և այն այլ հարցերով քողարկելու նպատակին ծառայեցվում է նաև  Հանրային հեռուստաընկերությունը, որն ի դեմս լրագրող Ս.Մուրադյանի դա անում է լրագրողին ոչ հարիր կենցաղային խորամանկության գործադրմամբ, ինչը նաև խախտում է թե՛ հարցազրույցի մասնակցության համաձայնություն տված անձի, թե՛ հանրության իրավունքներն ու շահերը, որոնք պաշտպանվում են ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածով և Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածով:

Ուստի, հիմք ընդունելով վերոգրյալը, պահանջում ենք Հանրային հեռուստաընկերությունից, եռօրյա ժամկետում խնդրո առարկա ռեպորտաժի հրապարակման ժամին և մյուս էական չափանիշներին համապատասխան հրապարակել Տ.Եգորյանի հետ տեսանկարահանված հարցազրույցը ընտրական օրենսգրքի նախագծի շրջանակներում ընտրողների ստորագրած ցուցակների հրապարակման վերաբերյալ:

Հ.Գ. Սույն պահանջ-հայտարարությունն արդեն ուղարկվել է Հանրային հեռուստաընկերության էլեկտրոնային հասցեին:


Comments To "Հ1-ը խախտում է խոսքի ազատության ստանդարտները" - 0 item(s)

Write a comment

Your Name:


Your Comment: Note: HTML is not translated!

Enter the code in the box below: