Բողոք Վ. Գասպարիի գործով

ՀՀ գլխավոր դատախազություն

Հասցե` ք.Երևան, Վ.Սարգսյան 5

 

Պատճենը` բողոքարկվող որոշումը կայացրած

 ՀՀ ՀՔԾ քննիչ` Լ.Մելքոնյանին

 

Թիվ 15080115 քրեական գործով

մեղադրյալ  Վարդգես Գասպարիի պաշտպաններ`

 Տիգրան Եգորյանից և Դավիթ Գյուրջյանից

Հասցե` ք.Երևան, Բուզանդի 101, բն. 4

02.03.2016թ.

Բ Ո Ղ Ո Ք

(թիվ 15080115 քրեական գործով Վ.Գասպարիի նկատմամբ դատահոգեբուժական փորձաքննություն նշանակելու մասին որոշման դեմ)

 

Սույն թվականի փետրվարի 8-ին քննիչ Լ.Մելքոնյանը որոշում է կայացրել պարոն Վ.Գասպարիին դատահոգեբուժական փորձաքննության ենթարկելու մասին, որը մեզ (պաշտպանական կողմին) հանձնվել է 24.02.2016թ.:

Որպես որոշման պատճառ և հիմնավորում է նշվել քննիչի կողմից այն, որ պարոն Վ.Գասպարին, 01.02.2016թ. իրեն մեղադրանք առաջադրելուց հետո հրաժարվել է ցուցմունք տալուց և քննիչից պահանջել է հավաստել, որ վերջինս որևէ կերպ չի մասնակցել 2008 թվականին կայացած նախագահական ընտրություններին հաջորդող հայտնի մարտիմեկյան իրադարձություններին, որոնց ընթացքում առնվազն 10 մարդ է զոհվել, ինչպես նաև դրանից հետո ընդդիմադիր քաղաքական ուժերի և նրանց հետևորդների նկատմամբ վերջիններիս քաղաքական հայացքների համար և պատճառով իրականացված քրեական հետապնդումներին՝ պարզաբանելով, որ առանց քննիչի կողմից այդ հավաստիքի չի ճանաչում վերջինիս լեգիտիմությունը, չի հավատում նրա անկողմնակալությանը, անկախությանը և չի ցանկանում ցուցմունք տալ:

Ըստ քննիչի՝ հատկանշական է նաև այն, որ մինչև մեղադրյալի կարգավիճակ ստանալը, Վ. Գասպարին որպես վկա ևս հրաժարվել է ցուցմունք տալուց 06.12.2015թ. տեղի ունեցած իրադարձությունների մասին` քննիչի հասցեին վիրավորական արտահայտություններ գրառելով արձանագրության ձևաթղթի մեջ:

Հիմք ընդունելով վերոգրյալը, ինչպես նաև այն, որ հիմքեր կան կասկածի տակ դնելու պարոն Վ.Գասպաիրիի՝ իրադարձություններն ու առանձին հանգամանքները ճիշտ ընկալելու և վերարտադրելու ունակությունը՝ քննիչը որոշել է, որ անհրաժեշտ է պարզել պարոն Վ.Գասպաիրիի հոգեկան հիվանդությամբ տառապելու կամ հոգեկան խանգարում ունենալու հանգամանքները, և քանի որ դա հատուկ մասնագիտական գիտելիքներ է պահանջում, անհրաժեշտ է համարել նշանակել դատահոգեբուժական փորձաքննություն:

Գտնում ենք, որ քննիչի որոշումն անհիմն է և իրականում հետապնդում է այլ նպատակներ, քան դրանով վկայակոչվածն ու քրեադատավարական օրենքով նախատեսվածը:

Նախ և առաջ՝ անհրաժեշտ ենք համարում ուշադրություն հրավիրել այն հանգամանքին, որ քննիչի որոշումից պարզվում է, որ բացի վերը նշված հանգամանքներից կան նաև այլ հիմքեր պարոն Վ.Գասպաիրիի հոգեկան առողջությունը կասկածի տակ դնելու համար, որոնք սակայն նա չի բացահայտում որոշմամբ, ինչը ոչ այլ ինչ է, քան դատավարական օրենքի և պարոն Վ.Գասպարիի իրավունքների խախտում:

Երկրորդ՝ ցանկացած մեղադրյալ ունի իրավունքներ, այդ թվում՝ ցուցմունք չտալու, ինչի համար բերված պատճառաբանությունները կարող են լինել զանազան և ոչ միանշանակ բոլորի, այդ թվում` ոչ բոլոր առողջ կամ բարձր գիտակցությամբ օժտված անձանց համար, հատկապես Հայաստանի Հանրապետության պատմության մեջ դաջված «մարտիմեկյան» անունը ստացած իրադարձությունների և դրանց հաջորդած քաղաքական այլախոհների նկատմամբ հետապնդումների վերաբերյալ կայուն և սկզբունքային դիրքորոշումը հոգեկան հիվանդություն գնահատող մեկի համար:

Երրորդ՝ եթե քննիչն ունի այլ կարծիք հիշյալ իրադարձությունների վերաբերյալ և դրանք (ըստ պաշտոնական տվյալների` 10 մարդու սպանությունը) համարում է բնականոն, իրավական և օրինական, իսկ հարյուրավոր մարդկանց կալանավորումն ու դատապարտումը չի համարում քաղաքական և գնահատում է օրինական, ապա դա դեռ չի նշանակում, որ այդ ամենի վերաբերյալ այլ կարծիք ունեցողը հոգեկան խանգարում պետք է ունենա: Թերևս ավելի ակտուալ է այդպիսի տրամաբանություն արտահայտող մեկից նախ պահանջել բժշկական փաստաթղթեր, այնուհետև հոգեբուժական փորձաքննության ուղարկել՝ ակնկալելով, որ վերջինս առաջիկա ամիսներին կհոսպիտալացվի: Իհարկե դրանից հետո կբարձրանա նաև այդպիսի մեկին չափազանց կարևոր և պատասխանատու պաշտոնի նշանակելու պատասխանատուների պատասխանատվության հարցը:

Չորրորդ՝ ինքնին քննիչից պարզաբանում պահանջելը, եթե նույնիսկ դա, ըստ քննիչի, չի բխում քրեական դատավարության օրենսգրքից, ևս չի նշանակում, որ այդպիսի պահանջ ներկայացնողը տառապում է կամ կարող է տառապել հոգեկան հիվանդությամբ կամ ունակ չէ իրադարձություններն ու առանձին հանգամանքները ճիշտ ընկալելու և վերարտադրելու: Իհարկե այս դեպքում ևս կարող են առաջանալ մտահոգություններ այդպիսի եզրահանգումներ կատարողի հոգեկան առողջության կապակցությամբ, սակայն առավել հավանական է, որ այդ անձն ուղղակի բավարար գիտելիքներ չունի իրեն վստահված ոլորտի վերաբերյալ և ընդհանրապես իրավունքի, օրենքի և դրանց պատճառահետևանքային կապի, բնականաբար նաև իրավունքի փիլիսոփայության մասին և քրեադատավարական օրենսդրությունը երևի ընկալում է որպես Մովսեսին փոխանցված սեպագիր պատվիրաններ, որոնք փոփոխման, վերանայման և առավել ևս կասկածի տակ դնելու ենթակա չեն, և այդ արարքները պատժվում են մինչև ժամանակների ավարտը դժոխք քշվելով:

Հինգերորդ՝ ինչ վերաբերում է քննիչի հասցեին վիրավորական արտահայտություններ գրելուն, ապա չենք կարծում, որ քննիչն իրեն համարում է հին ժամանակների և բոլոր ժողովուրդների կողմից ընդունված մի սրբացված անձ կամ առարկա, որի հասցեին վիրավորական արտահայտություններն ուղղակի ցուցիչ կլինեն մարդու հոգեկան անառողջության (թերևս տեղին է հիշել նաև Հնդկաստանում սուրբ համարվող կովերին, որոնց ոչ ճանապարհն է կարելի կտրել ոչ էլ դրանց արտաթորանքն է մաքրման ենթակա),  չնայած նաև այս դեպքում նախ և առաջ կասկածելի կլինի այդպես մտածող և այդպես արտահայտվողի հոգեկան առողջությունը:

Ի վերջո անհասկանալի է մնում, թե կոնկրետ որոնք էին քննիչի որոշման հիմքում ընկած իրական հիմքերը` հարցաքննությունից հրաժարվելը, քննիչի հասցեին վիրավորական  արտահայտություններ գրառելը, թե “այլ հիմքերը”, որոնք քննիչը չի բացահայտում և պարզաբանում, ուստի, մեզ մոտ և կարծում ենք ցանկացած ողջամիտ դիտորդի մոտ կասկած է առաջանում, որ այդ “այլ հիմքերը” այն հանձնարարությունն են, որն իջեցվել է տվյալ կատարողին` որպես պատվիրան, որը վերջինիս կողմից ընկալվում է որպես ոչ թե հանձնարարություն, այլ ներքին մի ձայն (երևի արժանապատվության մնացորդների փրկության կենսական անհրաժեշտությունից ելնելով համապատասխան պայմանների մեջ աշխատող մարդիկ իրենց այդպես են ներշնչում, ինչը իհարկե ևս հոգեկան առողջության խնդիրների ցուցիչ է), որը ինքնուրույն հիմք է և բոլոր մնացած հիմքերից առավելություն ունեցող, որը բավարար է անձի ոչ միայն հոգեկան առողջությունը կասկածի տակ դնելու կամ առանց ավելորդ ձևականությունների միանգամից հոգեկան հիվանդ ճանաչելու համար, այլ նաև տարբեր մեղադրանքներ առաջադրելու և մեղավոր ճանաչելու, կալանավորելու և դատապարտելու համար:

Ելնելով վերոգրյալից և նաև այն համոզմունքից, որ ամենայն հավանականությամբ նաև սույն բողոքն ընթերցողին կամ նրա գործընկերներին և հատկապես ավելի վերադասներին հայտնի է, որ ոչ քննիչը  համապատասխան հիմքեր ունի, ոչ էլ դրանք առհասարակ գոյություն ունեն, այլ իրականում վիճարկվող որոշումը կայացվել է բացարձակապես այլ նկատառումներից և նպատակներից ելնելով, որոնք չեն առնչվում ոչ օրենքի և ոչ էլ իրավունքի հետ, չեն բխում ՀՀ քրեական դատավարությունից և չեն հետապնդում իրավաչափ նպատակ.

Խնդրում ենք

վերացնել քննիչի 08.02.2016թ. որոշումը Վ.Գասպարիի նկատմամբ դատահոգեբուժական փորձաքննություն նշանակելու մասին:

            Միաժամանակ խնդրում ենք բողոքարկվող որոշման կատարումը կասեցնել մինչև սույն բողոքի քննությունը:

 

Վ.Գասպարիի պաշտպաններ`

 

Տիգրան Եգորյան

Դավիթ Գյուրջյան


Comments To "Բողոք Վ. Գասպարիի գործով" - 0 item(s)

Write a comment

Your Name:


Your Comment: Note: HTML is not translated!

Enter the code in the box below: