Դատավորը խոչընդոտում է նիստի բնականոն ընթացքը

Փետրվարի 29-ին Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց ԵՇԴ 0125/01/14 քրեական գործով դատավարությունը, որով Վարտգեզ Գասպարին մեղադրվում է վարչական դատարանի դատավոր Ռուզաննա Հակոբյանին, ՀՀ ոստիկանության աշխատակիցներ Դիանա Վարդանյանի և Սոնա Մելիքյանի հասցեին վիրավորական արտահայտություններ հնչեցնելու մեջ: Հիշեցնենք, որ այս գործով Գասպարիի նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը: Փետրվարի 26-ին Վերաքննիչ քրեական դատարանը բեկանեց կալանավորման մասին Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը, և Գասպարին հայտնվեց ազատության մեջ:

Գասպարին ներկայացրեց կալանավայրում տեղի ունեցածը

Դատական նիստի սկզբում Վարտգեզ Գասպարին հանդես եկավ հայտարարությամբ` անդրադառնալով իր կալանավորմանը`մատնանշելով հատկապես կալանավորման մասին որոշման նիստը առանց իր ներկայության անցկացնելը և որոշումը իրեն չտրամադրելը: Նա մանրամասն պատմեց կալանավայրում անցկացրած օրերի մասին և մեղադրեց դատավոր Նելլի Բաղդասարյանին քրեական ղեկավարության հետ հանցավոր համագործակցության մեջ, քանի որ իրեն` կալանավորին, հանձնել է քրեական տիրույթ: Նա պնդեց, որ խցի կալանավորները ադմինիստրացիայի թույլտվությամբ թույլ են տվել, որ իրեն ծաղրուծանակի ենթարկեն:

Դատավոր Նելլի Բաղդասարյանը թույլ չտվեց Գասպարիին ավարտել հայտարարությունը` ասելով, որ նրա հայտարարության վերաբերյալ գործեր են նախապատրաստվում: Վարդգես Գասպարին փորձեց հետաքրքրվել, թե որտեղից է դատավորին հայտնի նման տեղեկություն և խնդրեց թույլ տալ ծանոթանալ այդ նյութերին, եթե դրանք գործում առկա են: Ի պատասխան Գասպարիի հարցի` դատավոր Նելլի Բսղդասարյանը կոնկրետ չնշեց իր տեղեկության աղբյուրը` ասելով. «Դուք ինքներդ գիտեք, որ նախապատրաստվում են, ես որքանով տեղեկացված եմ` էդպես է, եթե ոչ, համապատասխան դիմում ներկայացրեք ոստիկանության բաժին, որպեսզի նախապատրաստվեն նյութեր»: Ըստ Գասպարիի`դատավորի հայտարարությունը հիմնված էր լրատվամիջոցներում հրապարակված նյութերի վրա: Ուշագրավ է, որ դատական նիստի ընթացքում նախապատրաստվող նյութերի վերաբերյալ դատարանը հատուկ հաղորդագրություն ստացավ Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկից: Դատավոր Նելլի Բաղդասարյանը հրապարակեց այդ գրությունը: Հավանաբար լրատվամիջոցների ներկայությունն էր ստացված գրության հանկարծակի հայտնվելու և  հրապարակվելու պատճառը:

«Միջնորդության համար 30 վայրկյան տրամադրելը ծաղր է արդարադատության նկատմամբ». Եգորյան

            Դատական նիստը շարունակվեց նախորդ դատական նիստի ոգով. դատավոր Նելլի Բաղդասարյանը կրկին սկսեց ընդհատել Գասպարիին և նրա փաստաբանին` թույլ չտալով արտահայտվել, ընդհատելով նրանց խոսքը, ապա և` դատական սանկցիաներ կիրառելով: Դատավոր Բաղդասարյանը նախ թույլ չտվեց Գասպարիին շարունակել հայտարարությունը, ինչի վերաբերյալ Գասպարիի փաստաբան Տիգրան Եգորյանը ներկայացրեց առարկություն: Այնուամենայնիվ` դատավոր Նելլի Բաղդասարյանը  թույլ չտվեց Գասպարիին շարունակել հայտարարությունը` ասելով, որ հակառակ դեպքում կկիրառի նախազգուշացում: Քանի որ Վարտգեզ Գասպարին որոշեց շարունակել հայտարարությունը` նախազգուշացումը ավելի մեղմ սանկցիա համարելով, քան կալանավորումը, դատավորը որոշեց կիրառել դատական սանկցիա` նախազգուշացում, ինչից հետո հնարավորություն տվեց հանդես գալ միջնորդությամբ, սակայն մի քանի բառ միայն լսելով` այն ևս ընդհատեց` կիրառելով ավելի խիստ սանկցիա: Անդրադառնալով միջնորդությունը ընդհատելուն` Գասպարիի պաշտպան Տիգրան Եգորյանը նշեց, որ տեքստի նմանությունը չի կարող ենթադրել հայտարարության շարունակություն և խնդրեց հնարավորություն տալ իր վստահորդին ավարտել իր տեքստը. «Կարծում եմ` արդարադատության արդյունավետությունը չի տուժի դրանից ավելի, քան ձեր գործողություններից»: Գասպարին խնդրեց դատավորին տրամադրել իրեն կոնկրետ ժամանակ` որպես օրինակ նշելով 30 վայրկյանը և խնդրեց չընդհատել իրեն այդ ընթացքում: Միջնորդությամբ հանդես գալու համար դատարանը Գասպարիին տրամադրեց 30 վայրկյան, ինչը Տիգրան Եգորյանը ծաղր որակեց. «Նման որոշումը ողջամիտ և տրամաբանական չէ: Դուք չեք կարող դիմացինի նկատմամբ այդպիսի քամահրանք դրսևորել»: Դատարանը թույլ չտվեց Տիգրան Եգորյանին ավարտել իր խոսքը` ասելով, որ կկիրառվի դատական սանկցիա` նախազգուշացում: Դատավոր Նելլի Բաղդասարյանը կիրառեց դատական սանկցիա, ապա հորդորեց Եգորյանին չխոսել ձեռքի շարժումներով` ասելով, որ դա փաստաբանի վարքագծի կանոններին դեմ է, ինչին ի պատասխան Եգորյանը ասաց, որ ձեռքի շարժումներով ինքն ավելի տպավորիչ է դարձնում իր խոսքը:

Եգորյանը անդրադարձավ իրենց հայտարարություններ անելու հնարավորությունից զրկելուն` նշելով, որ այդպիսով խախտվում են իրենց իրավունքները. «Նման դատավարությունը նույնն է, ինչ Վարտգեզ Գասպարիի կամ նրա պաշտպանների բացակայությամբ դատավարությունը: Եվ դուք մեզ ծաղրի եք ենթարկում` 30 վայրկյան ժամանակ տրամադրելով: Սա ոչ միայն մեր իրավունքների խախտումն է, այլ  արդարադատության շահի դեմ է, սա ինքնին բավարար հիմք է ձեզ կարգապահական պատասխանատվության ենթարկելու»: Եգորյանը նշեց, որ դատավորը կարող է առավելագույնը սահմանափակել այն ժամանակը, որ տրվում է այս կամ այն հայտարարության համար: Ավարտելով առարկությունը` փաստաբանը խնդրեց վերանայել սանկցիաները և հորդորեց նիստը այլ կերպ շարունակել:

Նիստին չներկայանալու համար բերման ենթարկված, ապա կալանավորված Գասպարիին դատավորը հեռացրեց նիստերի դահլիճից

Դատարանը միջնորդությունը ներկայացնելու հնարավորություն տվեց Գասպարիին, սակայն վերջինս ի նշան բողոքի` պառկեց գետնին` մինչ այդ ասելով, որ 2008 թ. ինքը ենթարկվել է կտտանքների, և դատավորը իրեն թույլ չի տվել խոսել կտտանքների մասին, այնուհետև ՄԻԵԴ-ի հարցմանն ի պատասխան ասել են, որ պետական մարմիններում ինքը չի հայտնել իր բողոքը.  «Դուք ինձ զրկում եք կտտանքների մասին խոսելուց. Ձեր արդարադատության ընկալումն է, որ դատարանի ժամանակը բավարար չէ դրա համար: Բողոքելով իմ բերանը փակելու համար` բողոքում եմ և այլևս չեմ լսում ձեզ»: Դատավորը հորդորեց Գասպարիին «գալ պատշաճ դիրքի», այլապես կկիրառի սանկցիա: Ի վերջո դատավորը ևս մեկ սանկցիա կիրառեց:

 Փաստաբան Տիգրան Եգորյանի կարծիքով` Գասպարիի արարքը որևէ կերպ չի խոչընդոտում նիստի բնականոն ընթացքին, մանավանդ որ լինում են դեպքեր, երբ դատարանը որոշում է կայացնում դատական նիստերի դահլիճից հեռացնելու մասին. «Եթե նման որոշում կայացնեիք, արդյո՞ք դա կխոչընդոտեր, և եթե ոչ, ինչո՞վ է խոչընդոտող որակվում այս իրավիճակը»:

Դատավոր Նելլի Բաղդասարյանը որոշեց Գասպարիին հեռացնել նիստերի դահլիճից 6  ժամով և հայտարարեց 5 րոպե ընդմիջում, սակայն ընդմիջումը տևեց շատ ավելի երկար: Նիստը վերսկսելուց հետո Տիգրան Եգորյանը անհասկանալի համարեց 5 րոպե ընդմիջման 20 րոպե տևելը: Անդրադառնալով Գասպարիին նիստերի դահլիճից հեռացնելու որոշմանը` փաստաբանը նշեց, որ բազմիցս Վարտգեզ Գասպարիին բերման են ենթարկել` նիստին նրա ներկայությունը ապահովելու նպատակով, իսկ փետրվարի 19-ին որոշել են կալանավորել նրան` որոշման հիմք նշելով այն, որ կալանավորումը նիստերին Գասպարիի մասնակցությունը ապահովելու միակ միջոցն է, թեպետ այդ նիստին չեն ապահովել նրա ներկայությունը, իսկ այս նիստին որպես բողոքի նշան Գասպարին պառկեց գետնին, ինչը դատարանը համարեց բավարար նրան դատական նիստերի դահլիճից հեռացնելու համար:

Առանց փաստաբանի առարկությանն արձագանքելու` դատարանը որոշեց անցնել ապացույցների հետազոտմանը և հրապարակմանը, սակայն փաստաբաններ Դավիթ Գյուրջյանը և Տիգրան Եգորյանը հրաժարվեցին առանց իրենց վստահորդի ներկայության մասնակցել դրան և հեռացան նիստերի դահլիճից: Դատավոր Նելլի Բաղդասարյանը որոշում կայացրեց վերջիններիս պատասխանատվության ենթարկելու հարցով դիմել փաստաբանների պալատ: Հաջորդ դատական նիստը նշանակվեց մարտի 3-ին, ժամը 12-ին: 


Comments To "Դատավորը խոչընդոտում է նիստի բնականոն ընթացքը" - 0 item(s)

Write a comment

Your Name:


Your Comment: Note: HTML is not translated!

Enter the code in the box below: