Վարդգես Գասպարիի ձեռագրի վերծանումը

Դատահոգեբուժականն փորձաքննության կատարման նպատակով «Նորքի» հոգեբուժարան տեղափոխված Վ.Գասպարիի կողմից փաստաբաններին փոխանցված ձեռագրի վերծանումը

Կալանավորումը իմ նկատմամբ իրականացվել է իմ քաղաքացիական դիրքորոշումը և վերաբերմունքը դատարանի ծայրից ծայր անօրինական գործողությունների դեմ` փոխելու համար: Կարելի է արձանագրել, որ գոնե մասամբ հաջողվել է դա, քանի որ ի սկզբանե կալանավորումը ենթադրում է ոչ միայն ազատազրկում, այլև՝ օրենքի ու օրինականության իսպառ բացակայություն, և կալանավայրի չգրված օրենքների համապարփակ կիրառում մասնավորապես նաև իմ նկատմամբ: Եթե Նուբարաշեն փոխադրվելու առաջին և երկրորդ օրերին ԱԺ-ի պատգամավորների այցելությունը և միջնորդությունները հետաձգեց իմ նկատմամբ բռնությունները, ապա կիրակի և երկուշաբթի օրերից հետո, առավել ևս իմ քաղաքացիական ինքնությունը բացահայտվելուց հետո, սկսվեցին ճնշումները իմ նկատմամբ: Երկուշաբթի երեկոյան թիվ 20 խուց մտնելուց հետո սկսվեցին առերես հարցաքննությունները և 1-2 ժամվա ընթացքում խցի 10-12 հոգանոց կոնտիգենտը ինձ ուղիղ ասաց, որ ես իր հետ համատեղելի չեմ և պետք է լքեմ խուցը: Այդ ընթացքում ինձ հասկացվեց, որ ամեն ինչի տեր ու տիրակալը հնաբնակներն են` ի դեմս խուց նայողի և նորեկը չունի որևէ իրավունք, այդ թվում` կյանքի և արժանապատվության. Տվյալ իրավիճակում խցի յուրաքանչյուր բարիքից՝ լողանալու, մահճակալից օգտվելու և այլնի համար պետք էր վճարել, ընդ որում բավական բարձր գներ… Ուստի և բնականաբար իմ պարտքը հնաբնակներին չմեծացնելու համար, ես հրաժարվեցի առաջարկվող լողանալու հնարավորությունից, ինչպես նաև մահճակալներից օգտվելուց: Սակայն այնուամենայնիվ մեր հարաբերությունները չկարգավորվեցին և օրակարգային էր մնում թիվ 1 հարցը` <հաշվառման կանգնելը>, պատասխանել ուզած-չուզած հարցերին` ով ես, որտեղ ես ապրում, ինչ ես անում, ինչի ես բերդ ընկել և այլն … <փոխադարձաբար ծանոթանալ> և ստանձնել բերդի դրվածքի պարտավորություններn ու մասնակցությունը օբշակին … Մյուս կողմից քանի որ արդեն ինչ-որ տեղ ընկալվել էր իմ անհամաձայնությունը գողական օրենքներին, մասնավորապես ղումարի մասին իմ բացասական վերաբերմունքը (ես արդեն նշել էի անցած մեկ տարում չորսից հինգ կալանավորի ինքասպանության փաստի և նրանց որբացած, անտեր մնացած երեխաների հանգամանքների մասին), արդեն առկա էր բացասական վերաբերմունքը իմ նկատմամբ … Եվ այսպես առերես հարցաքննության թեման բերեց առաջին կոնֆլիկտը և ես հեռացա սեղանի մոտից, և ցույց տալու համար, որ իրենց գույքային առավելությունը բավարար չէ իբնձ ինչոր բան պարտադրելու համար գնացի սենյակի մյուս ծայրը` դռան մոտ և պառկեցի հատակին: Իսկ դա դարձավ նրանց թեման, հիմքը, պահանջը իրենց ենթարկվելու համար… Սկսեցին իրար հետ խոսել, հետո բարձր խոսել, հետո գոռգռալ՝ որպես ներքին կոնֆլիկտ. գոռգոռոց, ճղճղոց, և… մի մեծ պատմություն… հետո իրար հետ բարիշեցին, ու սկսեցին ինձ ձեռ առնել, անհարգել , նաև ծաղրուծանակել … Ես փորձում էի հնարավորինս իրենցից տարածություն պահել, որը փոքր ինչ օգտակար եղավ… Իրենք էլ ավարտեցին իրենց անպտուղ թատերական խաղերը և ինձ խնդրեցին հանգստանալ սեղանին կից նստարանին: Դա պատճառաբանեցին նրանով, որ իբր ես որ գետնին եմ պառկում, մեռելի տեսք եմ ունենում, և այլոք նայելով, տեսնելով ինձ` վախենում-վատանում են: Ես ընդունեցի առաջարկը և պառկեցի սեղանի մոտի նտսարանին, իսկ այլևս հարցաքննություն տեղի չունեցավ, և այդպես անցավ մինչև առավոտ: Առավոտյան պրավերկայի ժամանակ գրեցի, հանձնեցի դիմում` հացադուլ և ջրադուլ հայտարարելու մասին, որ ինձ փոխադրեն առավել մեկուսացված վեցերորդ մասնաշենք` զրոներ… Այդ գործընթացը տևեց մինչև երեկոյան ժամը 17-ից 18-ը ու դեռ լուծում չուներ … Ինձ պարբերաբար կանչում էին հերթապահ մաս` փաստաթղթեր կազմելու և … կրկին վերադարձնում նույն N 20 խուց … և … հերթական անգամ տանել-բերելուց հետո N20 խուց ասացին, որ այլևս չեն ընդունում ինձ և ես այլևս խուց մտնելու իրավունք չունեմ: Ես մնացի 2 քարի արանքում` ադմինիստրացիան պահանջում էր մտնել խուց, խցի մարդիկ չեն ընդունում … Ես ադմինիստրացիային հայտնեցի այլևս նույն խուց չմտնելու մասին և իմ նկատմամբ մի քանի զգուշացումներից հետո կիրառվեց պատիժ` պատժախուց փոխադրելու մասին… Գնացինք նկուղային հարկ N3 պատժախուց, որտեղ կար մեկ մարդ` ինքնավնասված… Այդտեղ էի 3-4 րոպե, որ կանչեցին-ասացին գնում ենք առաջին օրը եղած թիվ 9 կարանտին խուցը… Հարցին թե թիվ 9 կարանտին խուցը հացադուլավորների համար չէ, ասացին դա նշանակությունյ չունի… և ավելացրին, որ մի քանի հացադուլավորներ սովորական խցերում են հացադուլը անում, քանիոր հացադուլավորների խուցը ծանրաբեռնված է… Եվ այդպես ինձ փոխադրեցին թիվ 9 կարանտին խուց. Կոնտիգենտը համարյա նույնն էր. Քչացած 4-5 հոգի էին, 1-2 նորեկներ, 1-2-ին էլ դեռ անցած շաբաթվանից գիտեի… նորմալ վիճակ, հարաբերություններ էին, մինչև պալաժենիից եկավ ինֆորմացիա և հրահանգ ինձ ճնշելու մասին, ու եղանակը միանգամից փոխվեց: Սկսվեցին ակտիվ գիր փոխանակելու գործընթացը վերևի հարկի նաև պալաժենիի հետ, խոսակցություններ և հեռախոսազրույցներ, և… և խցակիցների հայացքները փոխվեց … Նույն ծանոթ-բարեկամ հայացքները փոխվեցին, որ եթե հացադուլի ես, էստեղ չպիտի մնաս` կրկնեցին մեկ, երկու, երեք անգամ առավել խիստ և արդեն կատաղի` զուգակցելով հայհոյանքներով, ծաղրուծանակներով, արդեն նաև ձեռքի և ոտքի հարվածներով, հիմնականում ոտքով, քացով, հարվածում էին ոտքիս ծնկից վերև հատվածներին: Ես պառկած էի մահճակալին, իրենք կանգնած էին և հարվածում էին կողքից: Հարվածների ցավից ես գոռում էի և իրենք ասում էին, որ ձեն չհանեմ, ինձ խփողները 3-ն էին, չորրորդը 50-55 տարեկան հացադուլից եկած էր, թույլ էր և հյուծված չէր մասնակցում, բայց 1-2 հայհոյանքներ ինձ տվեց` ցույց տալու, որ ինքը գոնե դեմ չի տեղի ունեցողի հետ … Իսկ խփողները 30-40 տարեկան էին… Այդպես 3-4 րոպե ընդմիջումներով, ինտրիգներով մոտենում ու նորից էին խփում , ժամը 24-ը երևի անց էր, իմ ցավից արձակված գոռոցները լսվում էր մինչև տասնյակ մետր հեռու` շենքի մեջ և դրսում, սակայն ոչ մի արձագանք հսկիչներից … միայն 1 անգամ հսկիչը անունով կանչեց ծեծողներից մեկին` ասելով` ամեն ինչ նորմալ ա և լսեց պատասխան` հա, ապեր, համաձայնեցված ա … նույն հարցը տվեց հարևան խցերից ինչ-որ մեկը և լսեց նույն պատասխանը … Այսպես շարունակվեց ևս 1-2 ժամ՝ վերջին սեռական հայհոյանքներով զուգորդված… Նրանք խիստ բարկացած էին, որ չեմ հնազանդվում… արդեն կատաղած էին, դեմքները այլանդակված… իմ խնդրանք աղաչանքները, որ «հացադուլի և ջրադուլի մեջ եմ` Աստված սիրեք, ողորմացեք» արտահայտությունները չափազանց թույլ էին էդ պալաժենիից ստացած հրահանգի համեմատությամբ: Այս մղձավանջը շարունակվում էր, որ ինչ-որ մի պահ խցի դուռը բացելու բանալու ձայն լսվեց… և իրոք՝ մեկին բերեցին, որ խուց մտցնեն, և ես վազելով գնացի ինձ դուրս նետեցի խցից … չորեքթաթ ընկած գետնին ասացի, որ այլևս չեմ մտնում խուց … Աստիճանաբար հավաքվեց ամբողջ անձնակազմը՝ 5-6 հոգի՝ համոզելու, որ ամեն ինչ լավ է, և ես խուց մտնեմ … ես չորեքթաթ սողում էի հատակին` փորձելով հեռանալ խցից՝ խնդրելով, որ ինձ խուց չուղարկեն … Այդպես համաձայնեցին որ ինձ տանեն հերթապահ մաս… սակայն այնտեղ էլ քիչ անց նորից փորձում էին ինձ համոզել, որ գնամ խուց, ասում էին, որ այլևս ոչինչ չի լինի … Սկզբից իրենց հարցերին, որ ինչ է պատահել չէի պատասխանում, քանի որ համոզված էի, որ դա իրենց պետք է ընդամենը գումար կորզեն ծեծողներից, սակայն հետո որ տեսա ամեն կերպ փորձում են ինձ խուց տանեն, պատմեցի ամեն ինչը մանրամասնությամբ, ենթադրելով,որ այլևս գոնե ձևական քննություն կանեն և պատասխանատվության կենթարկեն օրինազանցներին… սակայն ով զարմանք… ոչ մի քննություն… կրկին պահանջում էին հետ գնալ նույն խուցը… նույնիսկ հատակին ընկած վիճակում, բերեցին ադիալ և ասացին՝ դե Գասպարին լավ չի, եկեք օգնենք Գասպարիին դնենք ադիալի վրա, նասիլկի պես վերցնենք տանենք … Հետաքրքիր էր, որ ամեն ինչը, նույնիսկ բռնությունները, կտտանքները նկարագրելուց հետո աշխատակիցները համառորեն պահանջում էին վերադառնալ խուց, գուցե վիճակն ավելի սրելու և ավելի շատ փող կորզելու համար : Գուցե պալաժենիաի քմահաճույքին ենթարկվելն ավելի շատ, ավելի մեծ առաջնահերթություն էր, քան իրենց վրա դրված պարտականությունները … Ինչևէ, այդ խոսակցությունները տևեց 1-1,5 ժամ, և ես հանձնվեցի մասամբ… համաձայնվեցի, և ինձ տարան պատժախուց, որտեղ կար 1 մարդ, և ինձ հավաստիացրին, որ նա ինձ չի վնասի, ինձ հետ գործ չի ունենա … Եվ իրոք նոր բռնություններ չեղան…


Comments To "Վարդգես Գասպարիի ձեռագրի վերծանումը" - 0 item(s)

Write a comment

Your Name:


Your Comment: Note: HTML is not translated!

Enter the code in the box below: