Հայտարարություն Վ. Գասպարիին կալանավորելու մասին

Վարդգես Գասպարիի պաշտպանների հայտարարությունը վերջինիս կալանավորելու որոշման մասին

Փետրվարի 19-ին Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ կալանավորվել է Վարդգես Գասպարին: Գասպարին մեղադրվում էր վարչական դատարանի դատավոր Ռուզաննա Հակոբյանին և ոստիկանության աշխատակիցներ Դիանա Վարդանյանի և Սոնա Մելիքյանի հասցեին վիրավորական արտահայտություններ հնչեցնելու մեջ:

30.10.2015թ. դատական նիստից Վ.Գասպարին հեռացել է՝ հայտարարելով, որ այլևս չի ցանկանում մասնակցել դատական նիստերին, քանի որ դրանք նախագահող դատավոր Ն. Բաղդասարյանը պարբերաբար խախտում է իր իրավունքները, անհաղորդ է պաշտպանական կողմի բոլոր միջնորդություններին և հայտարարություններին կամ առարկություններին և չի էլ ունկնդրում դրանք, իսկ ամբողջ դատավարությունը խիստ ձևական բնույթ է կրում: Ուստի ինքը, որպես բողոքի միջոց, չի ցանկանում մասնակցել այդ կեղծ դատավարությանը, սակայն չի խուսափում արդարադատությունից, ուղղակի չի հավատում հատկապես դատավոր Ն.Բաղդասարյանի կողմից դրա իրականացմանը:

Գասպարիին կալանավորելու որոշումը  ապօրինի է հետևյալ պատճառներով.

1.Գասպարիին կալանավորելու որոշման նիստը անց է կացվել առանց վերջինիս ներկայության, ինչը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի կոպիտ խախտում է: Անձը պետք է ներկա լինի իր վերաբերյալ կալանավորման որոշման նիստին և իրավունք ունենա լսվելու:

2. Մինչ օրս Վարդգես Գասպարիին չեն հանձնել կալանավորման մասին որոշումը, թեպետ նա պահանջել է այն իրեն կալանավորման ենթարկող ոստիկաններից: Մինչև Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկ տեղափոխվելը Գասպարիին 3 ժամ պահել են Կենտրոնի ոստիկանությունում. հեռախոսազրույցով պահանջել ենք Գասպարիին տրամադրել կալանավորման մասին որոշումը, ինչպես նաև տալ նրա հետ հեռախոսով խոսելու հնարավորություն, սակայն ապարդյուն:

3. Կալանավորելու որոշումը հավանաբար կիրառվել է Գասպարիի՝ նիստերին չներկայանալու պատճառով, սակայն դա չի հետապնդում իրավաչափ նպատակ, քանի որ Գասպարիի՝ նիստերին մասնակցությունն ապահովվում էր նրան բերման ենթարկելու միջոցով: Գասպարին ինքնակամ չի ներկայացել 8 դատական նիստի, որոնցից 4-ին նրան բերման են ենթարկել: 19.02.2016թ. նիստի կապակցությամբ միջնորդություն էինք ներկայացրել այն հետաձգելու մասին:

Հիշեցնենք, որ դատավոր Ն.Բաղդասարյանը երկու անհիմն որոշում էր կայացրել հանրային պաշտպան ներգրավելու մասին՝ Տիգրան Եգորյանիս և Դավիթ Գյուրջյանիս՝ Գասպարիի պաշտպաններիս հեռացնելով վարույթից անգամ մեր հարցերին ի պատասխան հարկ չհամարելով ներկայացնել որևէ հիմնավորում:

4. Վ.Գասպարիի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը այն դեպքում, երբ նրան մեղսագրվող արարքի համար նախատեսված առավելագույն պատիժը 3 ամիս կալանքն է: Բացի դրանից՝ հիշյալ արարքի հանրային վտանգավորության աստիճանը չափազանց ցածր է, ուստի և խափանման միջոց կալանավորում ընտրելը խիստ անհամաչափ է:

Չնայած նրան, որ կալանավորման որոշումը չենք ստացել, այն արդեն բողոքարկել ենք վերաքննիչ դատարան: Փետրվարի 19-ին՝ ժամը 23:30, բողոքը փորձել ենք առձեռն հանձնել վերաքննիչ քրեական դատարանին, սակայն բացի երկու կարգադրիչից դատարանում որևէ այլ աշխատող չկար, ինչի պատճառով բողոքը ի վերջո հանձնել ենք Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկ, որը պարտավոր է հանձնել այն վերաքննիչ դատարանին, սակայն ըստ Նուբարաշեն ՔԿՀ-ի աշխատակիցների՝ այն չի հանձնվի ավելի վաղ, քան երկուշաբթի, ինչը նշանակում է, որ Վ.Գասպարիի նկատմամբ կայացված կալանավորման ապօրինի որոշումը չի քննարկվի դատարանի կողմից դրանից շուտ: Սա իր հերթին առաջացնում է մարդու իրավունքների նոր խախտում՝ ազատությունից զրկելու վերաբերյալ որոշման անհապաղ վերանայման առումով:

 

Հաշվի առնելով վերոգրյալը և գործի փաստերը՝ եզրահանգում ենք, որ Վ.Գասպարիի կալանավորման որոշումն անհրաժեշտ չէր, չի հետապնդում իրավաչափ նպատակ և անհիմն է, այն ավելի շուտ քաղաքական որոշում է, որի նպատակն անհնազանդ, անարդարության դեմ պայքարող մարդկանց նկատմամբ ճնշումն է և այդ միջոցով մնացածի համար վախի մթնոլորտի ստեղծումը:

 

Վարդգես Գասպարիի պաշտպաններ

Դավիթ Գյուրջյան

Տիգրան Եգորյան

Լուսինե Հակոբյան


Comments To "Հայտարարություն Վ. Գասպարիին կալանավորելու մասին" - 0 item(s)

Write a comment

Your Name:


Your Comment: Note: HTML is not translated!

Enter the code in the box below: