ԻԵՄ-ն ընդդեմ ԱԳՆ-ի և ԱՆ-ի գործով նիստն այսօր

ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

ԻԵՄ-ն ընդդեմ ԱԳՆ-ի և ԱՆ-ի գործով դատական նիստը նոյեմբերի 5-ին, ժամը 16:00-ին

05.11.2015թ.

 

            Նոյեմբերի 5-ին՝ ժամը 16:00-ին, ՀՀ վարչական դատարանում տեղի կունենա «Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան ՀԿ-ն ընդդեմ ՀՀ արտաքին գործերի նախարարության և ՀՀ արդարադատության նախարարության գործով դատական նիստը:

ԻԵՄ-ը 2015թ. հունվարի 21-ին դիմել էր վերոնշյալ երկու նախարարություններին՝ խնդրելով տրամադրել Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի ընտրության համար թեկնածուների վերաբերյալ փորձագետների խորհրդատվական խմբի՝ 2014 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ (2014)6ARM կարծիքը, ինչպես նաև 2014թ. նոյեմբերին ՀՀ արտաքին գործերի նախարարության միջոցով Խորհրդատվական խմբին վերջինիս հարցմանն ի պատասխան տրամադրված «լրացուցիչ տեղեկատվությունը ներպետական մրցույթում հաղթող ճանաչված թեկնածուների վերաբերյալ, նրանց կենսագրությունները և թեկնածուների ընտրության ընթացակարգի նկարագրությունը»: Երկու նախարարություններն էլ մերժել էին տրամադրել հայցվող տեղեկատվությունը: ԻԵՄ-ը դիմել էր վարչական դատարան՝ խնդրելով ամբողջությամբ վերացնել համապատասխանողների այն վարչական ակտերը, որոնցով մերժել են տրամադրել հայցվող տեղեկատվությունը, պարտավորեցնել նրանց ընդունել բարենպաստ վարչական ակտեր և տրամադրել հարցումներով փնտրվող տեղեկատվությունը: Դատարանը գործը վարույթ է ընդունել նշված պահանջների միայն երրորդ մասով:

 

            Նշենք նաև, որ 2014թ. աշնանից «Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը վարչական տարբեր մարմինների դեմ ներկայացրել է թվով 13 վարչական հայց, այդ թվում՝ ՀՀ արտաքին գործերի նախարարության, ՀՀ արդարադատության խորհրդի, ՀՀ գլխավոր դատախազության, ՀՀ արդարադատության նախարարության, ՀՀ քաղաքացիական ծառայության ու ՀՀ հատուկ քննչական ծառայության, ՀՀ ԱԺ-ի և ՀՀ քննչական կոմիտեի:  Նպատակը մեկն է. վարչական մարմիններին հետևողականորեն պարտադրել գործելու արդյունավետ ևթափանցիկ՝  բացառապես ի շահ ՀՀ քաղաքացու:  Այդ հայցերից մեկով որպես պատասխանող կողմ է հանդես գալիս նաև ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակությունը:

 

            Այս նախաձեռնության առաջին արդյունքն է 2015թ. հուլիսի 20-ին ՀՀ վարչական դատարանի վճիռը, որով մասնակի բավարարվել է «Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան հասարակական կազմակերպության կողմից անցած տարվա վերջին ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի դեմ ներկայացրած հայցը՝վերահաստատելով ՀՀ քաղաքացու՝ հանրային մարմնի նկատմամբ սահմանադրությամբ ամրագրված հասարակական վերահսկողություն իրականացնելու իրավունքը: