ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. դիմումների ընդունման նոր վերջնաժամկետ

«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության կոչը

26.10.2015թ.

 


 

Հարգելի՛ քաղաքացիներ,

 

Ս.թ. դեկտեմբերի 6-ին Հայաստանում տեղի կունենա սահմանադրական փոփոխությունների հանրաքվե, որով նախատեսվում է ամբողջությամբ փոխել Հայաստանի Հանրապետության գործող սահմանադրությունը, բացառությամբ երկու հոդվածի:

 

Հայաստանի Հանրապետությունում ընտրությունները մշտապես ուղեկցվում են կոպիտ խախտումներով, որոնք ոտնահարում են քաղաքացիների ազատ կամարտահայտման ու հավասար ընտրական իրավունքը և արգելակում ժողովրդի իշխանության լիարժեք իրացումը: Վերջին տարիներին հատկապես ակտիվորեն սկսել է օգտագործվել Հայաստանից բացակայող քաղաքացիների հաշվին՝ մասնակցության թվի և ընտրությունների արդյունքների կեղծման գործիքը:

 

Հաշվի առնելով սահմանադրության կարևորությունը պետականության կայացման և գոյության հարցում և մեր երկրում առկա ժողովրդի քվեի կեղծման արատավոր պրակտիկան՝ չափազանց կարևոր է Հայաստանի Հանրապետության Սահմանադրական հանրաքվեի  օրինականության նկատմամբ վերահսկողությունը և դրանում քաղաքացիների ուղղակի և զանգվածային ներգրավումը:

 

«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը նախատեսում է համախոհ գործընկերների հետ իրականացնել լայնածավալ դիտորդական առաքելություն Հայաստանի ողջ տարածքում՝ կանխելու իրավախախտումները և վերահսկելու հանրաքվեի գործընթացի համապատասխանությունը Հայաստանի օրենսդրությանը և միջազգային չափանիշներին:

 

Կոչ ենք անում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, ովքեր կիսում են այս մտահոգությունը և շահագրգռված են արդար և ազատ ընտրություններով, միանալ մեր դիտորդական առաքելությանը՝ հանդես գալով որպես վկայագրված դիտորդ կամ զանգվածային լրատվամիջոցի ներկայացուցիչ՝ համատեղ ջանքերով կանխարգելելու հանրաքվեի ընթացքի խաթարումը և արդյունքների կեղծումը:

 

Դիտորդների համար նախապես կկազմակերպվի դասընթաց և կտրվի իրավաբանական խորհրդատվություն: Իրավախախտումները կբողոքարկվեն համապատասխան մարմիններում:

 

Բոլոր նրանք, ովքեր հետաքրքրված են լինել քաղաքացի դիտորդ, խնդրում ենք մինչև ս.թ. նոյեմբերի 17-ը, ժամը՝ 18:00-ը տեղեկացնել ditord@transparency.am էլեկտրոնային փոստով կամ զանգահարել 094 553069  հեռախոսահամարով:

 

 «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը հասարակական կազմակերպությունների կոալիցիա է, որը ստեղծվել է 2013  թվականի մայիսին: Նախաձեռնության կազմի մեջ են մտնում ԹրանսփարենսիԻնթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն, Իրավունքի Եվրոպա միավորում, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ և Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ հասարակականկազմակերպությունները:
 

Comments To "ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. դիմումների ընդունման նոր վերջնաժամկետ" - 0 item(s)

Write a comment

Your Name:


Your Comment: Note: HTML is not translated!

Enter the code in the box below: