Հերքման պահանջ՝ "Ազատություն" ռադիոկայանին

             
  

               Հարգելի՛ պարոն Թամրազյան
 
                Սույնով պահանջում ենք Ազատություն ռադիոկայանի հունիսի 16-ի  թողարկման  մեջ  տեղ գտած Նանե Սահակյանի  հեղինակությամբ  "Նախկին օմբուդսմենին  երաշխավորել են ՄԻԵԴ-ում Հայաստանի դատավորի պաշտոնում"  հրապարակման  (http://www.azatutyun.am/content/article/27075726.html) մեջ ապակողմնորոշիչ հետևյալ պարբերության երկրորդ հատվածի առնչությամբ  տպագրել հերքում.
 
               "Դիտորդները պնդում էին, թե երկրորդ մրցույթը ևս թափանցիկ չի անցկացվել, ընթացակարգային կոպիտ խախտումներ են տեղի ունեցել, իսկ արժանի թեկնածուներից մեկի՝ փաստաբան Վահե Գրիգորյանի անունը այդպես էլ չի հայտնվել Հայաստանի թեկնածուների շարքում"։
 
               Քանի որ դիտրոդությամբ հանդես են եկել ընդհամենը երկու կազմակերպություն, իսկ հոդվածում տեղ է գտել միայն "Իրավունքի Եվրոպա միավորում" ԻՀԿ-ի դիտորդ Տիգրան Եգորյանի հետ հարցազրույցի շատ փոքր հատվածը, Ազատության վերոհիշյալ հրապարակման մեջ տեղ գտած տվյալ արտահայտությունը անմիջականորեն կապվում է  Տիգրան Եգորյանի անվան հետ և տպավորություն է ստեղծվում, թե իբր տվյալ արտահայտությունն արվել է վերջինիս կողմից, ինչը իրականությանը չի համապատասխանում:
Բացի այդ, հրապարակման մեջ ներկայացված Տիգրան Եգորյանի հարցազրույցի հատվածը թույլ չի տալիս ամբողջական պատկերացում կազմել նրա արտահայտած դիրքորոշման մասին՝ ստեղծելով նյութում հավասարակշռություն ապահովելու կեղծ պատրանք՝ միևնույն ժամանակ ուշադրությունը սևեռելով Արփինե Հովհաննիսյանի և Նաիրա Զոհրաբյանի կողմից արտահայտած կարծիքների վրա: Սա առավել քան անընդունելի է և անազնիվ Ազատություն ռադիոկայանի հայաստանյան և միջազգային լսարանի նկատմամբ, որը անվերապահորեն հավատում է այս լրատվամիջոցի անկողմնակալությանն ու անկախությանը: Մինդեռ այս նյութն արդեն իսկ ապացուցում է հակառակը:  Եթե այդպես չլիներ, ապա հոդվածագրի ուշադրությունից չէր վրիպի առնվազն այն հանգամանքը, որ Արմեն Հարությունյանը ԵԽԽՎ կոմիտեի կողմից երաշխավորվել է որպես ՄԻԵԴ դատավոր պաշտոնի առավել նախընտրելի թեկնածու՝ դատավոր Լիանա Հակոբյանի նկատմամբ ձայների չնչին մեծամասնությամբ, ինչը նշանակում է, որ Լիանա Հակոբյանից անհամեմատ ավելի "հարուստ" կենսագրություն և փորձ ունեցող Արմեն Հարությունյանի դիրքերն այնքան էլ ամուր չեն, մինչդեռ զեկույցում ներպետական փուլում երկրորդ տեղը զբաղեցրած թեկնածուի մասին ոչինչ չի նշվում: 
 
               Նման անհիմն կասկածները ցրելու, ինչպես նաև տվյալ հոդվածում համաչափությունը պահպանելու նպատակով պահանջում ենք, որպեսզի հրապարակվի Տ. Եգորյանի՝ Ազատության լրագրողի հետ ունեցած հարցազրույցի ձայնագրությունն ամբողջությամբ, ինչպես նաև՝ հրապարակված նյութին համազոր միջոցներով հերքվի "իսկ արժանի թեկնածուներից մեկի՝ փաստաբան Վահե Գրիգորյանի անունը այդպես էլ չի հայտնվել Հայաստանի թեկնածուների շարքում" արտահայտության՝ Տիգրան Եգորյանի կամ Իրավունքի Եվրոպա միավորման որևէ այլ դիտորդի կողմից արված լինելը:  
 
               Անհրաժեշտ ենք համարում ընդգծել նաև, որ ԻԵՄ-ը ոչ մի առիթով և որևէ այլ լսարանի առջև չի հայտնել ՄԻԵԴ դատավորի թեկնածուների մրցույթի որևէ մասնակցի վերաբերյալ իր նախընտրության կամ որևէ հավակնորդի կամ թեկնածուի առավել արժանի լինելու մասին, ինչը հարվածի տակ կդներ ԻԵՄ-ի կողմից ստանձնած դիտորդի առաքելությունը: 
 
               Միևնույն ժամանակ, թեև մամուլում արդեն առավել հանգամանալից ներկայացվել են ԻԵՄ նախագահի և վերոհիշյալ դիտորդի կողմից արտահայտած ԻԵՄ մեկնաբանությունները ԵԽԽՎ-ի կոմիտեի կողմից ս.թ. հունիսի 10-11-ին տեղի ունեցած հարցազրույցի արդյունքում թեկնածուների մասին արտահայած կարծիքի վերաբերյալ, մենք անհրաժեշտ ենք համարում ևս մեկ անգամ հաստատել ՄԻԵԴ դատավորի թեկնածուների ընտրության երկու մրցույթների վերաբերյալ ԻԵՄ զեկույցներում (http://ela.am/index.php?route=product/category&path=59_106_105_110 և http://ela.am/image/data/ECtHR%20judge%20candidates/ECtHR-judge-contest-ELA-preliminary%20report-2014-ARM%20(1).pdf ) տեղ գտած  մանրակրկիտ վերլուծությունների և բացահայտումների հիմնավորվածությունը: 
 
               Հարգանքով՝
 
 
               Լուսինե Հակոբյան
               ԻԵՄ նախագահ
 

Comments To "Հերքման պահանջ՝ "Ազատություն" ռադիոկայանին" - 0 item(s)

Write a comment

Your Name:


Your Comment: Note: HTML is not translated!

Enter the code in the box below: