ԻԵՄ-ը դատապարտում է ՀՀ ոստիկանության գործելաոճը

Իրավունքի Եվրոպա միավորումը դատապարտում է ՀՀ ոստիկանության ապօրինի գործելաոճը

7-ը ապրիլի, 2015թ.

Այսօր առավոտյան, ժամը 7.50-ից “Իրավունքի Եվրոպա միավորում” իրավապաշտպան հասարակական կազմակերպության (այսուհետ` ԻԵՄ) փաստաբանները շարունակաբար ահազանգեր են ստանում այն մասին, որ ՀՀ ոստիկանության տարբեր ներկայացուցիչներ մուտք են գործել ՀՀ քաղաքացիների բնակարաններ որոշակի օպերատիվ-հետախուզական գործողություններ իրականացնելու պատճառաբանությամբ: Այդ գործողություններն ուղեկցվել են մարդու իրավունքների կոպիտ խախտումներով:

Մասնավորապես` բնակարանի խուզարկություն իրականացնելու պատճառաբանությամբ ՀՀ ոստիկանության 15 ներկայացուցիչներ մուտք են գործել Հիմնադիր խորհրդարանի անդամ Արամ Հակոբյանի բնակարանը, որը գտնվում է Ղուկասյան 15Ա հասցեում (ք. Գյումրի), առգրավել են նրա և նրա ընտանիքի անդամների բջջային հեռախոսները, թույլ չեն տվել կապվել և խորհրդատվություն ստանալ ԻԵՄ-ի փաստաբաններից: ԻԵՄ-ի դիմումի հիման վրա փաստաբան Հայկ Հարությունյանը ժամանել է Ղուկասյան 15Ա հասցեում գտնվող բնակարանը, սակայն նրան թույլ չեն տվել մասնակցելու կատարվող գործողությանը:

ԻԵՄ-ն ահազանգ է կատարել նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի թեժ գիծ, ինչից հետո նշված հասցե է ժամանել ՄԻՊ-ի ներկայացուցիչը, սակայն նրան ևս թույլ չեն տվել մուտք գործել հիշյալ բնակարան` մասնակցելու կատարվող գործողությանը:

Առավոտյան 6.30-ի սահմաններում ՀՀ ոստիկանության ներկայացուցիչների մեկ այլ խումբ մուտք է գործել Հիմնադիր խորհրդարանի անդամ Վարուժան Ավետիսյանի բնակարան` այն խուզարկելու նպատակով: Վարուժան Ավետիսյանը բերման է ենթարկվել ՀՀ քննչական կոմիտե:

Նույն ժամանակատվածում նմանատիպ հանգամանքներում բերման են ենթարկվել նաև Հիմնադիր խորհրդարանի անդամներ Պավել Մանուկյանը, Ժիրայր Սեֆիլյանը, Թորոս Սեֆիլյանը, Կարո Եղնուկյանը:

Մեր տեղեկություններով Պավել Մանուկյանի և Կարո Եղնուկյանի բնակարաններից առգրավվել են համակարգիչներ:

“Իրավունքի Եվրոպա միավորում”-ը խստիվ դատապարտում է ՀՀ ոստիկանության այսօրինակ ապօրինի գործելաոճը, կոչ է անում առաջնորդվել ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով և չխախտել մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները:

Անդրադառնալով ՀՀ ԱԱԾ-ի և ՀՀ քննչական կոմիտեի հայտարարությանը` հարկ ենք համարում նշել, որ այն ոչ այլ ինչ է, եթե ոչ` անձանց անմեղության կանխավարկածի խախտում:


Comments To "ԻԵՄ-ը դատապարտում է ՀՀ ոստիկանության գործելաոճը" - 0 item(s)

Write a comment

Your Name:


Your Comment: Note: HTML is not translated!

Enter the code in the box below: