Հայտարարություն ՍԴ թեկնածուի ընտրության վերաբերյալ

Հայտարարություն

Դատավորների ընդհանուր ժողովի կողմից Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի թեկնածուի ընտրության ընթացակարգի վերաբերյալ

 

 

Ինչպես հայտնի է, մայիսի 18-ին Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովը, հանրության համար բացարձակ գաղտնիության և զրոյական թափանցիկության պայմաններում, իրականացրել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի ընտրություն: Առաջադրված թեկնածուները երկուսն էին՝ ՀՀ վարչական դատարանի դատավոր Արման Դիլանյանը և ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Ելիզավետա Դանիելյանը: Քվեարկության արդյունքում մեկ ձայնի առավելությամբ ընտրվել է Ելիզավետա Դանիելյանը՝ ստանալով 88 ձայն:

Այսպիսով Դատավորների ընդհանուր ժողովը Ազգային ժողովինէ առաջադրել Ելիզավետա Դանիելյանի թեկնածությունը:

Մայիսի 24-ին է Ազգային ժողովի պաշտոնական կայքում հրապարակվել է համապատասխան հայտարարություն առ այն, որ Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովի կողմից Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջադրված Ելիզավետա Դանիելյանի թեկնածությունը և Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը կքննարկվի հունիսի 12-ին գումարվող Ազգային ժողովի հերթական քառօրյայի առաջին նիստում:

Հիշյալ գործընթացում Դատավորների ընդհանուր ժողովն անտեսել է Սահմանադրական դատարանի 2017թ. հունիսի 20-ի թիվ ՍԴՈ 1374 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները, մասնավորապես՝ ժողովրդավարական և իրավական պետության, ինչպես նաև քաղաքացիական հասարակության համատեքստում, պետության և հասարակության կյանքում հասարակական կազմակերպություններին վերապահված հանրային վերահսկողության դերը: Անտեսվել են  հանրության վստահությունը երաշխավորող ընթացակարգերը՝ վնասելով թե՛ դատավորների ընդհանուր ժողովի, թե՛ Սահմանադրական դատարանի և թե՛ առաջադրվող դատավորի հեղինակությանը (տես «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ի հայտարարությունը, որով մտահոգություն էր արտահայտվել հիշյալ գործընթացի վերաբերյալ):

Միայն վերը շարադրվածը, ինչպես նաև այդ կապակցությամբ Ելիզավետա Դանիելյանի անտարբերությունը բավարար է այն համոզմունքի համար, որ վերջինիս չի կարելի վստահել Սահմանադրական դատարանի դատավորի բարձր պաշտոնը, որին հավակնողը, ըստ էության, պետք է լինի հանրության խղճի կրողը:

Բացի վերոգրյալից, անհրաժեշտ և էական ենք համարում անդրադառնալ նաև այն հանգամանքին, թե տիկին Ելիզավետա Դանիելյանն իր մասնագիտական և անձնական հատկանիշներով որքանով է համապատասխանում Բարձր դատարանի դատավորի պաշտոնին:

Այսպես, տիկին Ելիզավետա Դանիելյանը ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր է նշանակվել ՀՀ նախագահի 2009 թվականի հունվարի 15-ի հրամանագրով և պաշտոնավարում է մինչ օրս: Մինչ այդ նա զբաղեցրել է ՀՀ Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի նախագահի պաշտոնը:

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորի պաշտոնում իր մասնագիտական և անձնական հատկանիշները դրսևորել է հենց պալատի կազմում՝ Վճռաբեկ դատարանի գործունեության, ինչպես նաև, դատական ակտերի շրջանակներում իր դիրքորոշումն արտահայտելու կամ չարտահայտելու միջոցով:

2009 թ․ առայսօր ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը որոշումներ է կայացրել  դատարան բերված բազմաթիվ վճռաբեկ բողոքների կապակցությամբ, ՄԻԵԴ-ի վճիռների արդյունքում արձանագրված իրավունքի խախտման գործերի վարույթների  վերաբացման վերաբերյալ, դրսևորել է Սահմանադրության և օրենքների սահմանադրաիրավական բովանդակության նկատմամբ անհաղորդ դիրքորորշումներ, որոնք ի հայտ են գալիս Սահմանադրական դատարանի որոշումների և Սահմանադրական դատարանի տարեկան հաղորդումների ուսումնասիրությունից: Սահմանադրական դատարանի որոշումների կատարման բազմաթիվ ձախողումների հիմնական պատճառը հանդիսացել է հենց Վճռաբեկ դատարանը:

Հիշյալ դրսևորումների լիիրավ մասնակիցն է եղել ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր, այժմ՝ Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնի թեկնածու տիկին Ելիզավետա Դանիելյանը:

            Նկատի ունենալով, սակայն, որ վճռաբեկ դատարանի հիշյալ գործունեության վերլուծությունը չափազանց ընդգրկուն և ծավալուն պրոցես է, անդրադառնանք ամենացայտուն և հանրային առավել մեծ հնչեղություն ստացած այն գործերին և դրանց կապակցությամբ կայացված որոշումներին, որոնց  մասնակցել կամ չի մասնակցել դատավոր Ելիզավետա Դանիելյանը:

Այսպիսով, 2009 թվականից Վճռաբեկ դատարանը եղել է Հայաստանի Հանրապետության դատական իշխանության այն ատյանը, որը դատական կարգով վերանայել է․

ա) «Մարտի 1-ի» գործերը[1], բ) Վահե Ավետյանի՝ «Հարսնաքարի գործ» անվանումը ստացած գործը, գ) Հայկ Կյուրեղյանի նկատմամբ իրականացված խոշտանգումների գործը և նրա վերաբերյալ կայացված մեղադրական դատավճռի վերաբերյալ բողոքը, դ) Շանթ Հարությունյանի և ընկերների գործը, ե) Գևորգ Սաֆարյանի «տոնածառի» գործը, ը) Վարդգես Գասպարիի նկատմամբ Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում իրականացված խոշտանգումների վերաբերյալ գործը[2] և ըստ էության, այդ գործով բողոքը, որով օրենքի սահմանադրաիրավական բովանդակության սխալ ընկալման և կիրառման արդյունքում այն համարվել է ժամկետի բացթողմամբ ներկայացված[3], թ) Արթուր Սարգսյանի՝ «Հաց բերող» խափանման միջոցի գործերը, որոնք Վճռաբեկ դատարան են հասել այն ժամանակ, երբ վերջինիս նկատմամբ ընտրված կալանքը՝ որպես խափանման միջոց, արդեն փոփոխված է եղել դատախազության կողմից, սակայն վճռաբեկ դատարանը նույնիսկ վարույթ չի ընդունել բերված բողոքները:

Վերը նշված գործերը հանրային ուշադրության տակ եղած այն գործերի ոչ սպառիչ ցանկն է, որոնցով Վճռաբեկ դատարանի անգործությունը վկայում է հանրային խոշորացույցի տակ չգտնվող բազմաթիվ այլ գործերի էլ ավելի անմխիթար ճակատագրի մասին:

Բացի վերոգրյալից, լրջագույն հարց է նաև ինչպես ազգային, այնպես էլ միջազգային մակարդակում բարձրացված՝ դատարանների կողմից կալանքների միջնորդությունների գրեթե տոտալ բավարարման և այդ կապակցությամբ Վճռաբեկ դատարանի անգործության հարցը, որը Վճռաբեկ դատարանի քրեական պալատի յուրաքանչյուր դատավորի անկախության բացակայության ամենաուղղակի ցուցիչն է:

Գործելով Վճռաբեկ դատարանի քրեական պալատի կազմում՝  դատավոր Ելիզավետա Դանիելյանը, բացի գործերի քննությանը մասնակցելուց կամ որոշումներ ստորագրելուց, այլ գործունեությամբ աչքի չի ընկել, մասնավորապես՝ նա երբևէ հանդես չի եկել հատուկ կարծիքով, չի մատնանշել այս կամ այն գործի քննության ընթացքում տեղ գտած մարդու իրավունքների խախտման դեպքերը: Սա վկայում է մեծամասնության դիրքորոշումից տարբերվող դիրքորոշման բացակայության կամ այդ դիրքորոշումը հրապարակելու համարձակության բացակայության մասին:

Վերոնշյալ երկու  հանգամանքներից որևէ մեկի  առկայության դեպքում անգամ, ակնհայտ է դառնում, որ այս թեկնածուն անկարող է ստանձնել Սահմանադրական դատարանի դատավորի բարձր պաշտոնը, եթե չասենք, որ այդ պաշտոնը նրան վստահելը վտանգավոր է:

Այս ամենից բացի, Վճռաբեկ դատարանի կազմից Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածության ընտրության հարցի շրջանակներում չափազանց կարևոր է անդրադառնալ Մարդու իրավունքների պաշտպանի 2013 թվականի զեկույցին, որն այդպես էլ հավուր պատշաճի քննարկման առարկա չդարձավ: Զեկույցը վեր է հանել դատական համակարգի՝ մասնավորապես, Վճռաբեկ դատարանի կոռումպացվածության վերաբերյալ ծայրահեղ մտահոգիչ հանգամանքներ և տվել վկայություններ, անդրադարձել ՀՀ վճռաբեեկ դատարանի կազմում «զոնալ» դատավորների առկայության և խնդրին:

Հիշյալ հանգամանքների լույսի ներքո ոչ միայն լրջագույն վտանգ է այդ հրապարակումներով բարձրացված խնդիրներով արատավորված դատավորների կազմից Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում ընտրությունը, այլ առհասարակ նրանց՝ դատավորի պաշտոնում, պաշտոնավարելու հեռանկարը:  

Անհրաժեշտ ենք համարում ուշադրություն հրավիրել նաև այն հանգամանքի վրա, որ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի հրաժարականի դիմումից հետո Բարձրագույն դատական խորհուրդը, 2018թ. հունիսի 7-ի նիստում արձանագրելով Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատում դատավորի թափուր տեղի առկայությունը և հաշվի առնելով ներկայացված իրավակարգավորումները, կազմակերպել է գաղտնի քվերակություն, որի արդյունքներով Վճռաբեկ դատարանի նախագահի թափուր տեղի համար առաջադրված 15 թեկնածուներից միայն 4-ն են ստացել 2-ական ձայն, մնացած 11 թեկնածուները, որոնց թվում է եղել նաև Ելիզավետա Դանիելյանը, ստացել են 0 ձայն:

Քվեարկության արդյունքով, ըստ այդմ, Ելիզավետա Դանիելյանը Բարձրագույն դատական խորհրդի կողմից Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնի համար  համարվել է անհամապատասխան թեկնածու՝ ստանալով 0 ձայն։ Սակայն, ինչն ավելի կարևոր է, Ելիզավետա Դանիելյանը, առաջադրված լինելով որպես Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու, չի հրաժարվել իր հնարավորությունները Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնի համար անցկացվող ընտրությանը փորձելուց, ինչն ակնհայտ է դարձնում նրա՝ Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնի հետ անհամատեղելի անձնական հատկանիշները, քանի որ պարզ է, որ ընտրվելով Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնում՝ վերջինս պետք է հրաժարվեր կա՛մ Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնից կա՛մ Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնից: Առաջին հայացքից անմեղ թվացող գործընթացը վկայում է Սահմանադրական և Վճռաբեկ դատարանների նկատմամբ Ելիզավետա Դանիելյանի բավական անլուրջ և միայն սեփական, մասնավոր նպատակահարմարության տեսանկյունից ցուցաբերած մոտեցման մասին:

Ելնելով վերը նշվածից՝ «Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը ակնկալում է, որ այս փուլում Ազգային ժողովը հաշվի կառնի վերը նշված մտահոգությունները և իր քվեարկությամբ կստեղծի Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար արդարության, հավասարության, թափանցիկության և հրապարակայնության սկզբունքների պահպանմամբ մրցույթային ընթացակարգով նոր թեկնածուի ընտրության և առաջադրման պայմաններ:



[1] Միսակ Հովակիմյան, Վարտգեզ Գասպարի, Մասիս Այվազյան, Հովհաննես Ղազարյան, Դավիթ Մաթևոսյան, Գրիգոր Ոսկերչյան

ՄԻԵԴ ներկայացված՝ Վարտգես Գասպարիի գործով  - 2 դիմում (3, 5 հոդվածներ, որոնք կոմունիկացվել են դատարանի կողմից և այժմ սպասվում են վճռի, 6, 11, 10 հոդվածներ, որոնցով շուտով կսկսվի քննությունը), Դավիթ Մաթևոսյան ( 5, 6, 11 հոդվածներ), Մասիս Այվազյան (5 հոդված, այժմ սպասվում է  վճիռ), Գրիգոր Ոսկերչյան (5 հոդված , այժմ սպասվում է  վճիռ), Սասուն Միքայելյան (6 հոդված, այժմ սպասվում է  վճիռ):

[2] որի կապակցությամբ ի դեպ վերաքննիչ քրեական դատարանը կայացրել էր իրավունքի խախտումը ճանաչող դատական ակտ, սակայն վճռաբեկ դատարանը բեկանել էր այն (գործ թիվ ԵԱՔԴ/0190/11/16)

[3] Այժմ Վարդգես Գասպարիի թիվ ԵՇԴ/0125/01/14 գործով վերաքննիչ բողոք բերելու համար օրենքով սահմանված ժամկետի հարցով Սահմանադրական դատարանի որոշման (ՍԴՈ 1394) արդյունքում  վճռաբեկ դատարան ը պետք է իրականացնի գործի վերանայում:

 


Comments To "Հայտարարություն ՍԴ թեկնածուի ընտրության վերաբերյալ" - 0 item(s)

Write a comment

Your Name:


Your Comment: Note: HTML is not translated!

Enter the code in the box below: