Հարցում բարձրագույն դատական խորհրդին

Հայաստանի Հանրապետության  բարձրագույն դատական խորհրդին

Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտին

 

«Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան

հասարակական կազմակերպության նախագահ

Լուսինե Հակոբյանից

 

 «Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը դիտորդական առաքելություն է իրականացնում Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության գործընթացի նկատմամբ:

22.05.2018թ. մամուլում տարածված տեղեկությունների համաձայն՝ 18.05.2018թ. Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովը Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքով սահմանված կարգով իրականացրել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի ընտրություն։ Ընտրության համար առաջադրվեած են եղել Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի դատավոր Արման Դիլանյանի և Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Ելիզավետա Դանիելյանի թեկնածությունները։ Քվեարկության արդյունքում  ընտրվել է Ելիզավետա Դանիելյանը:

Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովի կողմից Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովին որպես Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու առաջադրվել է Ելիզավետա Դանիելյանի թեկնածությունը:

Հիշյալ գործընթացը տեղի է ունեցել հանրության համար բացարձակ գաղտնիության և զրոյական թափանցիկության պայմաններում։ Գործընթացի մասին չկա որևէ տեղեկատվություն դատական իշխանության պաշտոնական կայքում, իսկ ԶԼՄ-ներով տեղեկատվությունը տարածվել է միայն 22.05.2018թ.:

Որևէ եղանակով չեն հրապարակվել Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուների վերաբերյալ առաջարկությունների և թեկնածուների փաստաթղթերի ներկայացման կարգը և ժամկետները, առաջադրման համար ընտրություն իրականացնելու նպատակով հրավիրվող ընդհանուր ժողովի հրավիրման մասին ևս որևէ տեղեկատվություն չի հրապարակվել, ինչը մտահոգիչ է։

Խնդրում ենք ամենասեղմ ժամկետներում տրամադրել․

  1. Այն կարգը, որով իրականացվել է թեկնածությունների առաջադրումն ու ընտրությունը:
  2. Ինչ չափանիշներով և սկզբունքներով է իրականացվել թեկնածուների ընտրությունը:
  3. Ովքեր են առաջադրել թեկնածությունները:
  4. Ինչ փաստաթղթեր են ներկայացրել թեկնածուները:
  5. Ինչ եղանակով է հրավիրվել դատավորների ընդհանուր ժողովը և արդյոք այն եղել է արտահերթ:
  6. Ինչ եղանակով են ծանուցվել դատավորները նախատեսվող ընդհանուր ժողովի հրավիրման, անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացման և ներկայացվելիք փաստաթղթերի մասին:
  7. Քանի դատավոր է մասնակցել ընդհանուր ժողովին։
  8. Որ դատավորներն են մասնակցել ժողովին (խնդրում ենք նշել անունները)։
  9. Ինչպիսին են եղել քվեարկության արդյունքները:
  10. Երբ է տեղի ունեցել թեկնածուի առաջադրումն Ազգային ժողովին, (խնդրում ենք տրամադրել Ազգային ժողովին ներկայացված փաստաթղթրը):

Մեզ հետ կապ հաստատելու համար տրամադրում ենք մեր կազմակերպության հեռախոսահամարները և էլեկտրոնային փոստի հասցեն։

Հեռ՝ 010 500665; 099 588576

Էլ․փոստ․ europeinlaw@gmail.com

 

Լուսինե Հակոբյան

«Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ի նախագահ