Փաստաբանների նկատմամբ կիրառված ճնշումների մասին

Հայտարարություն

ՀՀ Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի ընտրության առաջարկություն ներկայացրած փաստաբանների նկատմամբ կիրառված ճնշումների մասին

 

Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի ընտրության ընթացակարգի հավասարության, արդարության և թափանցիկության հարցը  օրերս բարձրացվել էր ավելի քան 30 հասարակական կազմակերպությունների և 100 ավել փաստաբանների կողմից, ինչին ի պատասխան, Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 17-ին հայտարարեց, որ պատրաստ է լսել Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի ընտրության հարցում իրավաբանական համայնքի առաջարկությունները:

Նախագահի վերոհիշյալ հայտարարությունից օրեր անց՝ մայիսի 20-ին ավելի քան 200 փաստաբաններ հանդես եկան Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի առաջարկությամբ և երաշխավորեցին փաստաբան Վահե Գրիգորյանին  ՍԴ դատավորի պաշտոնում:

Մայիսի 21-ին փաստաբաններ Երվանդ Վարոսյանը և Գևորգ Գյոզալյանը  ահազանգել են, որ Վահե Գրիգորյանի թեկնածության երաշխավորությունը ստորագրած փաստաբանների նկատմամբ իրականացվում են ճնշումներ: Մտահոգություններն ավելի հիմնավոր դարձան, երբ փաստաբան Սեդա Սողոմոնյանը հետ կանչեց իր ստորագրությունը երաշխավորությունից:

 «Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան հասարակական կազմակերպությանը, որը դիտորդական առաքելություն է իրականացնում Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության գործընթացի նկատմամբ, խստագույնս մտահոգված է կատարվածով  և այն դիտարկում է որպես ստվերային ճնշում Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի ընտրության գործընթացի, ինչպես նաև փաստաբանների ազատ կամքի նկատմամբ: Կատարվածը արատավորում է ոչ միայն ճնշումները նախաձեռնողներին, այլև փաստաբանների ազատության ինստիտուտը:

«Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը կոչ է անում դադարեցնել բոլոր տիպի ճնշումները փաստաբանների նկատմամբ: Միևնույն ժամանակ, հավատացնում է, որ աչալրջորեն հետևելու է գործընթացի բոլոր զարգացումներին, իսկ նման ճնշումների մասին բոլոր փաստերին արտացոլելու է կազմակերպության զեկույցներում, որոնք հասանելի են լինելու ինչպես հայ հանրությանը, այնպես էլ՝ կազմակերպության միջազգային գործընկերներին։