ԻԵՄ-ը նամակով դիմել է ՀՀ նախագահին

Հայաստանի Հանրապետության Նախագահ
պարոն Արմեն Սարգսյանին

 

«Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան

հասարակական կազմակերպության նախագահ

Լուսինե Հակոբյանից

Հարգելի պարոն Սարգսյան,

«Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը դիտորդական առաքելություն է իրականացնում Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության գործընթացի նկատմամբ:

17.05.2018թ. Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի առաջադրման վերաբերյալ՝ Ազգային ժողովի նախագահին հղած Ձեր նամակում հայտնել եք, որ պատրաստակամ եք լսել իրավաբանական հանրության ներկայացուցիչների կարծիքը և իրականացնել թեկնածուի առաջադրումը հստակ խորհրդակցական մեխանիզմներով և ընթացակարգերով: Միևնույն ժամանակ, հավաստիացրել եք, որ կձեռնարկեք անհրաժեշտ բոլոր ջանքերը հիշյալ գործընթացն ու թեկնածուի առաջադրումը ողջամիտ ժամկետում  կազմակերպելու համար:

Փաստաբանական և իրավապաշտպան համայնքի ներկայացուցիչները հույս են հայտնել, որ Ձեր նշած խորհրդակցական մեխանիզմներն ու ընթացակարգերը հիմնված կլինեն հավասարության, արդարության, թափանցիկության և հրապարակայնության սկզբունքների վրա և կապահովեն այդ գործընթացի նկատմամբ բարձր հանրային վստահությունը և Սահմանադրական դատարանի բարձր հեղինակությունը։ Արդեն իսկ հրապարակվել է երաշխավորություն փաստաբանական համայնքի ավելի քան 200 ներկայացուցիչների կողմից Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնի համար։

Մինչ այս պահը, սակայն, հանրությանը հայտնի չեն Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուների վերաբերյալ առաջարկությունների և թեկնածուների փաստաթղթերի ներկայացման կարգը և ժամկետները, առաջադրման համար ընտրություն իրականացնելու նպատակով խորհրդակցական կարծիք ձևավորելու ընթացակարգը և այլ անհրաժեշտ հարցեր, ինչը մտահոգիչ է։

 

Առաջարկում ենք ամենասեղմ ժամկետներում հստակեցնել վերոնշյալ հարցերը, ինչպես նաև մեզ ամենօրյա հիմունքներով տեղեկություններ տրամադրել բոլոր այն գործողությունների մասին, որոնք տեղի են ունենում հիշյալ գործընթացի շրջանակներում և հնարավորություն ընձեռել դիտարկելու դրանք։

Մեզ հետ կապ հաստատելու համար տրամադրում ենք մեր կազմակերպության հեռախոսահամարները և էլեկտրոնային փոստի հասցեն։

Հեռ՝ 010 50 06 65, 099 58 85 76

Էլ․փոստ․ europeinlaw@gmail.com

 

Լուսինե Հակոբյան

«Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ի նախագահ

 


Comments To "ԻԵՄ-ը նամակով դիմել է ՀՀ նախագահին" - 0 item(s)

Write a comment

Your Name:


Your Comment: Note: HTML is not translated!

Enter the code in the box below: